Tuesday, November 17, 2015
«Իմ քիչ տեսած բաներս»
★«Ջէք» գրող մը, որ դրամատունը դրամ ունի,
★Փոքր բերնով դիւանագէտ մը,
★Պոլսահայ մը որ միլիոնատէր չէ եղած…
★Պարել չգիտցող իրանահայ մը,
★Գլուխը քերելու ժամանակ ունեցող բժիշկ մը
★Շաբաթը չորս օր լուբիա չ՚ ուտող մեքսիքացի մը
★Թրքերէն խօսող մը որ չի հայհոյեր…
★Ռուսահայ մը, որ մեծ գործարանի մը տէր եղած չ՚ ըլլայ, եւ ռուսները զինք իր «ֆապրիքայ»-ին մէջ գործաւոր ըրած չ՚ ըլլան,
★Լիբանանահայ մը, որուն 5-6 շէնքերը պատերազմին փլած չ՚ ըլլան…
★Ամերիկացի մը, որ օրական երեք տեսակէն պակաս դեղահատ կը կլլէ,
★Հայկական ժողով մը, որու ընթացքին դրամական հարցի վրայ չխօսուի,
★Դրամական հարց մը, որուն վրայ ժողով չգումարուի,
★«Շիրակ» երգարանին մէջ անսխալ երգ մը,
★Ամերիկահայ մը, որ պտուղ չորցնելով չէ ծախած,
★Հայաստանցի մը, որ իր ճիւղին մէջ «մասնագիտացած» եւ «աւարտած» չ՚ ըլլայ, ★Եգիպտահայ մը, որ «ծառաներ» չէ ունեցած,
★Իրաքահայ մը, որուն խօսածը առանց իր ձեռքերու շարժումներուն հեգեւելու կարենաս հասկնալ,
★Պատարագ մը, որուն ներկայ եղողներուն թիւը եկեղեցւոյ բակը կեցողներէն շատ ըլլայ, ★Յանցանքը ընդունող բանտարկեալ մը…
★Պարահանդէս մը, ուրկէ առանց գլխու ցաւի տուն դառնաս,
★Թատերական ձեռնարկի մը թերին նշող գրութիւն մը, որ տպուելէն ետք վլվլուկ չփրցնէ… ★Երգ չգրող երգիչ մը…
★Անգործ ոճրագործ մը,
★Թերթին բաժնեգինը ժամանակին վճարող մը,
★Բաժանորդ մը որ ժամանակին թերթ կը ստանայ,
★Պապ մը, որ ազգայնամոլութենէ տարուած, իր հարազատ հայրենիքին մէջ միսի սղութենէն յառաջ եկած տագնապի մը թիկունք կենայ (հայրը մսագո՞րծ է, ինչ է… ) բայց առաջին քրիստոնեայ ազգին անապատի շիկացած աւազներուն մէջ բռնի սովամահ եղած եւ անգղներու կեր դառձած հարիւր հազարաւոր անմեղ երեխաներու տակաւին անլոյծ դատը աշխարհին յիշեցնողներուն «ոճրագործ» կոչէ։
★Թուրք դիւանագէտ մը, որ Թուրքիայէն դուրս, սանկ «քապատայի» մը քալէ…
«Փշածաղիկ», 1981, էջ. 46-47 Արշակ Խնդիրեան։
Saturday, March 14, 2015
Կտակ
Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան:
ԿՏԱԿ
Խղճիս հորինած մեղքերի առաջ
կլինեմ ներկա,
Մեղքից վախեցած մտքերիս առաջ` նորից բացակա,
Հետո կփակեմ սիրուց արբեցած իմ աչքերը թաց,
Կբացեմ միայն սրտիս գիշերվա
հեքիաթի առաջ:
Կրկն.-
Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա,
Հավատից թաքուն կեղծը տարածող սուտ կրոն չկա,
Փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա,
Չարը անկեղծ է, բարին ` բարեպաշտ, սուտ սիրող չկա:
Հեքիաթիս բարի հերոսի առաջ
կլինեմ ներկա,
Բարին գովերգող չարերի առաջ`
նորից բացակա,
Սիրտս կպահեմ քծնող ցերեկվա
մարդաշատ աղբից,
Իմ կնճռոտ հոգին կտամ գիշերվա հանդարտ հեքիաթիս:
Հեքիաթս` երազ, ես` մահկանացու, նորից արթնացա,
Ժամանակ կոչվող աղետի առաջ
նորից խեղճացա,
Սակայն ինքս ինձ խափելու պահին եղա բացակա,
Խղճիս հորինած մեղքերի առաջ
կլինեմ ներկա:
Կրկն.-
Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա,
Հավատից թաքուն կեղծը տարածող սուտ կրոն չկա,
Փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա,
Չարը անկեղծ է, բարին `
բարեպաշտ, սուտ սիրող չկա:
m.k.
Monday, August 27, 2012
Ավանակ ես տո․․․
Տանջվում ես ու տանջվում գլուխ քաշ արած,
Ահագին փալանը միշտ մեջքիդ դրած․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Ինչքան որ աշխատիս, ինչքան որ ջանաս,
Էլի քանի սաղ ես, էշ պիտի մնաս,
Ուր որ քեզի քաշ տան, էնտեղ կգնաս․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Տերդ քեզի խաբել է ըռուպմ գարով,
Առաջ ընկած կերթաս սարով ու քարով,
Պոչդ թափ-թափ տալով՝ հայ ու հավարով․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Էդ մեծ գլխիդ մեջը խելք չես ունեցել,
Ինչո՞ւց է, որ էդքան էշ ես մնացել,
Երկար ականջներդ տնկել զռացել․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Էդ քու բախտդ քեզի էշ բերեց աշխարհ,
Ինչքան ապրիս, պիտի տանջվիս չարաչար,
Չունիս ազատվելու քեզ ոչ մի հնար․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Հերիք է էշ մնաս, հիմա՛ր ավանակ,
Որ վրեդ ծիծաղեն ամեն ժամանակ,
Մինչև ե՞րբ պիտ լինես, տո, ծաղր ու ծանակ․․․
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Եկ, Շերամիս լսե՝ փալանդ վար դիր,
Հին ճամփից հեռացի, նոր ճամփա գտիր,
Թե որ ինձ չես լսում, ախոռդ մտիր,
Էշ ես ծնվել՝ հայվան կերթաս գերեզման:
Խորամանկ աղվեսից վեր առ օրինակ,
Շան նման գլորվիր տիրուդ ոտքի տակ,
Մի կտոր խելք ճարե, տո՛, էշ ավանակ.
Գեթ մեռնելիս զուռնով տանին գերեզման:
Գուսան Շերամ:
1917
Կամուրջ
Սիրտս կամուրջ մ՚է փլատակ․
Եթե դուն գաս, քո՜ւյր, այս գիշեր,
Հին օրերուն պես մի՛ վազեր․․․
Եկո՜ւր դանդաղ, եկո՛ւր կամաց՝
Հին կամուրջեն ոչինչ մնաց․․․
Անդրանիկ Թերզյան:
Հայը
Նշան Պէշիկթաշլեան
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ անհայտ եւ կորսված սերերը
«Երջանկութիւնը կը նմանի ճափոնական այն տուփերուն, որոնց մէկը երբ բանաս, մէջը երկրորդ տուփ մը կը գտնես, ան ալ կը բանաս, դարձեալ տուփ մը կը գտնես, միշտ իրարմէ աւելի պզտիկ, մինչեւ որ վերջին տուփին կը հասնիս, ան ալ կը բանաս եւ կը տեսնես, որ մէջը պարա՜պ է»…
Երջանկություն փնտրող երգիծաբանը այդպես էլ չգտավ իր երջանկությունը, իր սիրո եւ կողակցի տեղը միշտ պարապ մնաց: Թերեւս չհասցրեց իր ապրած հախուռն ու տարագիր կյանքում փնտրել այն, գուցե եւ ցանկացավ, բայց արդեն ուշ էր:
Բայց Օտյանի չկայացած սերը լրացրեց իր կյանքի մի այլ ասպարեզ՝ լրագրություն, թերթ, հայրենիք, արվեստ, գրականություն, ընկերական միջավայր՝ իր շուրջը կենտրոնացնելով ժամանակի լավագույն մտավորականներին, միշտ փնտրված գրող եւ մարդ լինելով, սիրեց եւ սիրվեց ժողովրդի կողմից եւ այդպես էլ հեռացավ կյանքից, ինչպես Թեոդիկն է ասել.
«Չէ՞ որ ածխանալ ու մոխրանալ է խունկին ճակատագիրն ալ»:
Ընտանեկան, անձնական կյանք չունենալով հանդերձ, սիրե՞ց արդյոք Օտյանը, ճանաչե՞ց կնոջ դերն իր կյանքում:
Ահա այս խնդրին եմ ուզում անդրադառնալ այսօր:
Շատ ժլատ են աղբյուրները Օտյանի սիրո մասին, թերեւս պատճառը նրա մեծ լռությունն է այս խնդրի շուրջ: Հնարավոր պրպտումներից հետո ընթերցողին եմ ուզում ներկայացնել այն, ինչ կարողացա գտնել Օտյանի սիրո գաղտնարանից:
«Օտեան երբ չէր գրեր» հոդվածում Երվանդ Թոլայեանը նշում է.
«Օտեան ամէն գլխուն եկածը կը գրէր, ինչպէս նաեւ շատ աւելի… գլխուն չեկածները: Միայն նիւթ մը կար, որուն Օտեան չէր ուզեր մօտենալ.
- Իր սիրային յիշատակները:
Օր մը առաջարկեցի Օտեանին որ նո՛ր, նո՛ր, բոլորովին անտիպ բան մը գրէր «Կավռօշ» թերթին համար:
- Ի՞նչ գրեմ, հարցուց Օտեան: Իսկապէս Օտեանին համար դժուար էր նոր նոր բան մը գտնել, որովհետեւ ամէն ինչ գրած էր:
- Սիրային կեանքդ գրէ, առաջարկեցի:
Օտեան խնդաց եւ մէկ անգամէն պարպեց առջեւի գաւաթը՝ գուցէ իր մէջ յանկարծ արթնցուցած սիրային յիշատակներուս տպաւորութեան տակ:
- Սիրային կեա՞նքս… կրկնեց աղջկա պէս շիկնելով. բայց չունիմ որ:
- Մտածէ, կը գտնա՜ս, պնդեցի:
- Չկայ, որ մտածեմ…
- Յարմարցո՜ւր, ըսի՝ խորհելով որ «յարմարցնելու» պատրուակին տակ պիտի գրէր իր իրական յիշատակները, եթէ ոչ ամբողջութեամբ, գոնէ մասամբ:
Եվ իրօք Օտեան շարունակեց քանի մը շաբաթ «Կավռօշի» մէջ հրատարակել իր «սիրային կեանքը, կէս իրաւ, կէսը սուտ, բայց յետոյ կանգ առաւ յանկարծ եւ սկսաւ Իգնատ աղաներուն շարքը: («Կավռօշ», 1925 թ.):
28 տարեկան հասակում Ե. Օտյանը սիրահարված է եղել Էլիզ անունով մի խարտյաշ աղջկա, որին հավանաբար հանդիպել է Տիգրան Արփիարյանի տանը, ուր ապրելիս է եղել վերջինս: Այցերից մեկի ժամանակ Տիգրանին եւ Օտյանին ցույց են տալիս աղջկա օժիտը, իր հարսնացուի հարսանեկան վարտիքները, որի մասին Օտյանն ասում է.
«Այդ վերջին դէպքը բաւական եղաւ վառելու սրտիս մէջ ամբարուած բոլոր չոր յարդերը, եւ ահա սկսայ քերթել չորս օր: Չորս ոտանաւոր դուրս եկան այդ 96 ժամուան orice միջոցին, չորսն ալ Տիգրանին ուղղուած».
Չորցած ծաղիկ մ,եմ ես, աւաղ ո՜վ երկրին,
Կամ մարմրող, եղը հատած մի կանթեղ
Անգութ օրիորդ, իբրեւ թէ բաւ չէին քեզ,
Մազերուդ բոյրն, որ զիս ըրաւ հրակէզ,
Վէս կերպարանքդ նազելաճեմ, սիրարծած..
Երբ Էլիզան մերժում է իրեն, Օտյանը գրում է.
Անէ՜ծք կարդամ, անէծք տեղամ օրն ի բուն
Այն քաղաքին, ուր բնակի Էլիզա,
Ահ, չըմնայ անդ ոչ մի բան թող կանգուն,
Ըլլայ իբրեւ փղշտացւոյ նոր Գալա:
Այն փեսացուն, որոյ անունն չիյտեմ դեռ,
Թող առագաստն ըլլայ իրեն մահուան
Ու հարսին տեղ, ղրկէ շիրմաց պիղծ որդեր:
Էլիզայի օժիտն ըլլայ ցիր ու ցան
Ու վարտիքներն ամբողջ… լոկ կոյտ մը մոխիր:
Այս հոգեվիճակում գտնվող Օտյանին նույնիսկ թուխ կանայք, սեւահեր արապի, չեն կարողացել մխիթարել, իր սրտից վանել ոխն ու քենը Էլիզի հանդեպ: Օրիորդը ամուսնանում է Գահիրե եւ ահա Տիգրանին գրած բանաստեղծության մեջ սիրահարված հեղինակը որոշում է ինքնասպան լինել, հետո հուսահատությունը վանում է իրենից եւ դառնում է ըմբոստ, մարտնչող.
… Օր մը յանկարծ Պալար Մուրատ
պիտի գամ,
Գտնել այնտեղ վէս օրիորդին փեսացուն
Առ ի լուծել վիրատ սրտիս քէն ու ոխ:
Ապա հանդարտվում է եւ Տիգրանից խնդրում պատրաստել իրեն համար քնար եւ էշ, որ գնա սիրուհու ձեռքը մորից խնդրե, գուցե հաճի՝ իր տառապանքը տեսնելով, այսպես պետք է վարվի պարկեշտ սիրահարը: Սակայն հարկ չի լինում օրիորդի ոտը գնալ, քանի որ օրիորդն արդեն ամուսնացել էր գործարանատերի հետ:
Այս առիթով տարիներ անց մի երիտասարդի ինքնասպանությունը՝ մերժված սիրո պատճառով, առիթ է հանդիսանում, որ Օտյանը գրի իր «Մահուան պէս հզօր» քրոնիկը: «Նոյնիսկ Սողոմոն իմաստունը, որ մահուան պէս հզօր կը հռչակէ սէրը, չեմ կարծեր որ ինք յիմարութիւնը գործէր անձնասպան ըլլալու մերժուած սիրոյ համար:
Ես շատ անգամներ սիրահարուած եմ եւ թերեւս այս միջոցիս ալ նոյն կացութեան մէջ կը գտնուիմ (1922 թ.), այսու հանդերձ երբեք մտքէս անցուցած չեմ տան մը երկրորդ յարկէն ինքզինքս վար նետել ատոր համար: Ատեն մը, տարիներ առաջ, դարպաս կընէի օտարուհիի մը, կապոյտ աչուի ու դեղին մազերով: Մօտա՝ պանդոկի մը մէջ կը գտնուէինք եւ զիրար խենդի պէս կը սիրէինք: Աղջկան մայրը ընդդիմացաւ մեր միութեան: Աղջիկը՝ յուսահատ առաջարկեց ինծի նաւակ մը նստիլ, ծովուն բացը երթալ եւ իրարու փաթթուած նետուիլ կապոյտ ալիքներուն մէջ»: Սակայն Օտյանը չի համաձայնվում, քանի որ սերը «Աստվածային շնորհ է եւ պետք չէ զայն դժոխային փորձանքի վերածել: Աղջկան մայրը նրան տանում է Եվրոպա, ամուսնացնում է գործարանատերի հետ եւ ներկայումս զավակների տեր եւ ընտանիքի երջանիկ մայր է:
«Ես ալ այնքան դժբախտ չեմ,- գրում է Օտյանը եւ ավելացնում:- Այս պարագան յուսահատ սիրահարներու ուշադրութեան կը յանձնեմ»:
Ահա այս խելագար սիրո անկումային տրամադրությունները հետագայում փոխվում են երգիծաբանի մոտ, եւ նա ինքն է խորհրդատու դառնում ինքնասպանություն գործող սիրահարների համար:
Չի կարելի ասել, որ Օտյանը գոհ է եղել իր վիճակից, չամուսնացածի կյանքը միշտ էլ դառնացրել, մտահոգել է նրան, որն արտահայտել է Արշակ Չոպանյանին գրած իր նամակում.
«Գիշերը տունս կը քաշուիմ, դուռս կը կղպեմ ու կը պառկիմ, չորս կողմս մողէսներով, մուկերով, cafarr-ներով եւ երբեմն՝ օձերով շրջապատուած»: Այսպես միայնակ ստիպված է լինում իր ճաշը եփել եւ լվացքն անել, մինչեւ ագարակի մի պաշտոնյա առաջարկում է իր տանը ճաշել, լվացքի հարցն էլ լուծում է նրա կինը, որի մասին Օտյանն այսպես է գրում.
«…Ամուսինը դաշտային աշխատութիւններու վերատեսուչ է:
Առտուընէ մինչեւ իրիկուն դաշտերը կանցնէ, իսկ կինը տանը կը մնայ, ինչպէս նաեւ ես… Ո՜ւ, դաշտային աշխատութիւններ, որչա՜փ երգէք՝ դարձեալ քիչ է»:
Արշակ Չոպանյանին գրած մի այլ նամակում Ե. Օտյանը գրում է մի անհայտ սիրո մասին.
«Անշուշտ երեկոյին compte-rendu-ն առանց որեւէ ստորագրութեան պէտք է ըլլայ: Կը զգա՞ս կոր, որ սիրահարութեան պէս բան մը կը սկսիմ կոր Լոնտոնի մէջ»…
(Լոնտոն, 25 Յունուար, 1900, 21 st. Harys Rood Bayswater, London)
«Սիրելի Արշակ
Երեկ գիշեր, անկողնիս մէջ գանգուր մազերս փափլիկ բարձին վրայ հանգչեցուցած, երբ մտամոլոր կը թափառէի սիրականիս փեշերուն շուրջը, յանկարծ դուռը զարկին ու յանձնեցին նամակդ: Ա՛հ, միայն քու տողերուդ պիտի ներէի զիս իմ ոսկի երազներէս խլելու ոճիրը եւ ներեցի… Compte-rendu-ին ամբողջական հրատարակումը հոգիս ցնծութեամբ կը լեցնէ: Սիրահարութիւնս ուրեմն պիտի հովանաւորէ Ոսկեծղի, Բարեաց Բաշխիչ Անահիտ Աստուածուհին: Սիրտս ու հոգիս կը դնեմ իր ոտքերուն տակ, զորս կը համբուրեմ երկիւղածօրէն: Ու կուխտեմ առաջին Արամազդայ ու Վահագնի, երկու սպիտակ աղաւնի նուիրել իրեն այն օրն, ուր իր ոսկի թեւերուն հովանիին տակ առաջին համբոյրը պիտի քաղեմ այտերէն անոր, որուն աչքերը հոգիս՝ դարձուց Քոբեր լերան բոցավառ մորենին: Ա՜խ Արշակ. կայրիմ, կը տոչորիմ բոցերու մէջ… եւ մտածել, թէ ձմեռուան այս ցուրտ օրերուն աղքատներ կան, որոնք նոյնիսկ քիչ մը տաքնալու միջոց չունին… Ահ, թշուառութիւն, ինչպէս կըսէ Պէրպէրեան…» (26 հունվար, 1900) իսկ փետրվարի 2-ին գրած նամակի վերջում ասում է.
«Դեռ կայրիմ, այս գիշեր պիտի տեսնեմ զնէ…
«Ո՜հ, ինչո՞ւ կը տրոփես, սիրտ իմ»:
Օտյանի բավական բուռն ու խորը սիրո մասին մենք իմանում ենք Արփիար Արփիարյանին գրած իր նամակից (1897 թ. հոկտեմբերի 29): Արփիար Արփիարյանը Օտյանի հրավերով մեկնում է Շարապաս, ուր մնում է մի քանի օր: Հավանական է այնտեղ Արփիարյանը ծանոթանում է մի օրիորդի հետ, եւ օրիորդը սիրահարվում է Արփիարյանին: Սակայն Արփիարյանի մեկնումից հետո սիրախաղ է սկսվում օրիորդի եւ Օտյանի միջեւ, սկզբում անլուրջ, քանի որ ըստ Արփիարյանին ուղղված նամակների, օրիորդը դեռ սիրելիս է եղել Արփիարին.
«… Երբ քեզ շոգեկառքին յանձնելով՝ էշս հեծայ ու եկայ Շարապաս, Նեղոսի ճամբով, հեռուէն տեսայ օրիորդը, որ կարծես ինծի կը սպասէր պահապանին խրճիթին քովերը: Անմիջապէս վար ցատքեցի էշէս ու դէպի իրեն ուղղուեցայ:
- Ուրեմն իրա՞ւ գնաց,- ըսաւ ինծի շեշտով մը, որ օթէլլոյական կատաղութիւն մը տուաւ ինծի:
- Այո, օրիորդ, պատասխանեցի չոր ձայնով մը,- գնաց, եւ կարծես թէ ալ զինքը տեսնելու առիթը չպիտի ունենաք,- աւելցուցի մեֆիստոֆելեան ծիծաղով մը:
Հարուածը իր նպատակին հասաւ, եւ ես մեկնեցայ չար գոհունակութեամբ մը»: (20 նոյ.1897 թ, Շարապաս):
Օրիորդի եւ Ե. Օտյանի միջեւ հանդիպումները մշտական են դառնում, մոռացվում է Արփիարը, եւ Օտյանը օրիորդին սիրահարվում է խենթի պես եւ նույնիսկ չի կենտրոնանում գրելու «Արյունոտ յիշատակներ»-ի շարունակությունը:
«…Կարելի՞ է արիւնոտ յիշատակները գրել, երբ վարդագոյն երազներու մէջ կապրիմ, եւ դուն ես այդ ոճիրը ի գործ դնողը:
Սիրահարուած եմ, խենթի պէս սիրահարուած եմ եւ ինչ որ աւա՜ղ, ցաւալի է, լրջօրէն սիրահարուած եմ:
Ինչո՞ւ գէշ օրինակը տուիր, ինչո՞ւ ըսիր, որ Շարլօթին կը նմանէր…
Երէկ իրիկուն, չեմ գիտեր քանիերորդ անգամը ըլլալով՝ իր ոտքերուն տակն էի ու ձեռքերը, թեւերը, մազերը կը համբուրէի խենթի պէս. ամէնէն ծաղրալի բացագանչութիւնները եւ երդումները արձակելով՝ յանկարծ ըսաւ.
«Իս ասանկ չպիտի սիրէիր, եթէ Արփիարը հոս եկած չըլլար ու քեզ չներշնչէր»:
Ա՜խ այդ աղջիկները, ի՞նչ աղէկ կը գուշակեն ամէն բան: Վերջապէս եղածը եղած է, աշնան պիտի ամուսնանանք կամ պէտք է ձգեմ փախչիմ այստեղէն. աս ալ ըսեմ, որ ամուսնութեան համար ինքն է, որ դժուարութիւն կընէ կոր, ես ալ անձիս տէրը չեմ, ամէն յիմարութիւն ընելու պատրաստ եմ, նոյնիսկ ամէնէն մեծը՝ ամուսնութիւնը: Արդ, քու սադայէլի ժպիտդ ձեւացուր դէմքիդ վրայ այս նոր չարութեանդ առթիւ»: (Շարապաս, 27 մարտ, 1998թ.): (Օտյանը 29 տարեկան էր):
Այս դեպքից հետո երկար ժամանակ Արփիարը նամակ չի գրում Օտյանին: Հետո նորից վերականգնվում է նրանց նամակագրական կապը, ուր Օտյանը հայտնում է, որ տիկինը, օրիորդը եւ տղաքը հունիսի 22-ին պիտի վերադառնան Պոլիս, այսինքն՝ տասնութ օրից: «Երկու շաբաթ միայն պիտի վայելեմ տակաւին զինքը, ու անկէ ետքը, շօշափելի խաւարը պիտի տիրէ Շարապասի վրայ: Գրեթէ ամէն օր մէկ-մէկ քիչ կը խօսինք վրադ, ես բան կըսեմ, նէ կը պաշտպանէ քեզի:
Անկէ նամակ կառնեմ միշտ ու կը գրեմ: Ինչ փորձանք բերիր գլխուս: Հրաժարականիս պատճառներէն մեկն ալ եւ գլխաւորը «Ան» է: (Հրաժարական ասելով Օտյանը նկատի է ունեցել իր՝ Շարապասում հաշվապահի պաշտոնից հրաժարվելն ու մեկնելը այնտեղից-Ս.Գ.): (Շարապաս, 29 հոկտ, 1898 թ.):
Օտյանի սիրո մասին նաեւ վկայություններ ունի մեծ դերասան Վահրամ Փափազյանը «Սրտիս պարտքը» գրքում.
«Խորունկ երգիծաբանի մի այլ յատկանշական գիծը կինն էր ու նրա աշխարհը: Չեմ կարող ասել, թէ Լովըլաս էր նա կամ Բոկկաչիո, բայց կնոջ աշխարհին քաջ ծանօթ մարդ էր, առանց մոլեռանդ երկրպագուն լինելու Եվայի թոռան: Կինը նրա կյանքում եղավ նորմալ մի անցում եւ եթէ նրա «ներշնչման աղբիւրը» չեղավ, ապա անհատնում նիւթ մատակարարեց իր երգիծանքին: Ծանօթ եմ եղել նրա կեանքի շատ ժամերին եւ կարող եմ հաստատ վկայել, որ եթէ մէկ-մէկ մի շրջազգեստ էլ անցավ նրա բազմաբեղուն կեանքի վրայով, այդ երեւոյթն ավելի շուտ նիւթ տուեց նրա գրչին, քան սփոփանք կամ հնհնուք նրա անտարբեր սրտին»:
Օտյանի սիրո էջը ուզում եմ փակել իր իսկ խոսքերով.
«Կինը առանձին եզակի է, իսկ սիրոյ մէջ յոգնակի կըլլայ, ահա կարճ վճիռ մը, որմէ ետքը ալ իրաւունք չունիմ փափկանկատութեան մասին կարծիք յայտնելու»:
Ինքն էլ իր սիրո նման եզակի մնաց եւ կմնա հայ գրականության աստղաբույլի մեջ:
Սուսաննա Գալստյան:
Չախչախ թագավորը
— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։ Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։
Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։ Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։ Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։ — Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։ Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։
— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։ — Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։ Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։ Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ թերում։
— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։ Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։ Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։
— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։ Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։ Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։
— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... հիմի ես ի՞նչ անեմ.. — Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։ Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։ Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։ Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։
— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։ — Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ... Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։
— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։ — Գալու ժամանակ ճամփին որ կողոպտվեցին, նրա համար միտք է անում։
Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։
— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատաոփ,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։ Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։ Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։
— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։ Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։ — Էս ո՞ւմ նախիրն է։ Ասում են. — Շահ-Մարինը։ — Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։ Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։
— Էս ո՞ւմն է։ — Շահ-Մարինը։ Հովիվներին էլ նույնն է ասում։ Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։ — Էս ո՞ւմ արտերն են։ — Շահ–Մարինը։ Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։ Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։ — Էս ո՞ւմն են։ — Շահ-Մարինը։ Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։ — Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։
Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։ — Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։ — Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։ Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։ Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։ Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։ Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։ — Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։ — Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։ Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։ — Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։ — Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։ Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։ — Էս ո՞ւմ արտերն են։ — Չախչախ թագավորինը։ Հասնում են խոտհարքներին։ — Էս ո՞ւմն են։ — Չախչախ թագավորինը։ Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։ Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։ Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։ Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։ Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։ Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։
Հովհաննես Թումանյան:
1907
ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։
Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...
Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։
Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։
Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգիվիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։
Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրովկը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի:
Ռափայել Պատկանյան:
Tuesday, August 21, 2012
ՍԱՐԵՐԻ ՔԱՄԻ
որտեղի՞ց ես գալիս,
և ո՞ւր ես շտապում,
անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի:
Սարերի քամին
ինչ-որ բան շշնջում
ու կորչում է հեռվում,
անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին...
Ես գալիս եմ շատ հեռուներից,
ավերակ դարձած քո Հայրենիքից,
որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին,
Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին:
Սպասիր քամի, և ինձ լսիր, թե ինչ կասեմ,
քիչ հանդարտվիր, և ինձ լսիր, թե ինչ կասեմ,
որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին,
Որոնց մենք թողել ենք գետի այն ափին,
գետի այն ափին:
Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,
արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին,
Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:
Ռուբեն Հախվերդյան:
Փախուստ
Ահա, գլուխ, իրան, ձեռքեր… Չէ', ուրեմն այսօրը կա:
Եղած-չեղած գաղջ է` մնալու ուժ չկա, գնալու տեղ չկա:
Բարությունդ ոչինչ չի տա, եւ հենց դա գուցե ավելի չար դարձնի, քան կամ:
Գնա կորչի'ր, ուրախ եղի'ր, կեղծ մի' ժպտա:
Ամեն լավ բան պատահաբար է գալիս, բայց թենստեմ-սպասեմ, չի' գա:
Չկատաղե՞մ` կացնահարեմ ճանճ ու մոծակ: Կուժազրկվեմ, կթուլանամ:
Հետո մեկը կհայտնվի, որ հավատամ նրան:
Ընկեր կոչեմ թե սեր, լավ տղամարդ չկա, չկան եւ լավ կանայք:
Մարդիկ նոր չեն վատը, բայց դու անվերջ ժպտա:
Սպիտակ դրոշ պահիր մոտդ, ներման տեղ թողթաքուն, ուր ուզում ես գնա:
Գնալու տեղ չկա՞: Երկու դուռ միշտ բաց է`թաղում գնա կամ գինետուն:
Չէ', գինետուն գնա…
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
21/07/2012
www.report.am



