Monday, July 25, 2016

Կեղծ Աշխարհ

Բոլոր կրոններն ու գաղափարախոսությունները  միակ նպատակը ոչ թե ճշմարտությունն է այլ իշխանությունը։

#կեղծ_աշխարհ


ՄԼ

Saturday, July 9, 2016

Գրական Մրցում Մը «Հ» Տառով


ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ՀՌԻՓՍԻՄԷ
Հաւատացեալներուն հանդէպ Հռովմի հնարած հրէշային հալածանքներէն հեռանալով` Հռիփսիմէ հասաւ Հայաստան: Հիանալի հասակը, հրաշալի հրապույրներն Հռիփսիմէին` հմայեցին Հայոց հզոր հասարակապետը:
Հուրը հրահրեցաւ հետզհետը: 
«Հոգոհատորս Հռիփսիմէ,  - հառաչեց Հասարակապետը հրայրքոտ համբոյրներով, - հանոզուէ՜, հաճէ՜ հարսնանալ հետս, հանդարտեցուր հիւանդ, հէք հոգիս: Հարստութիւն, հաճոյքներ, հրապույներ հրամցնեմ հանապազ: Համայն հասարակութեանս, հետեւազօրքերուս, հեծելազօրքերուս, հպատակներուս, հազարաւոր, հրամայէ՜, հրամայէ՜…»

Հաստատամիտն, Հռիփսիմէ, հաւատքին հաւատարիմ, հասարակեցաւ հերոսաբար:
(Հանճարեղ Հայկին հրատարակութեանը համար հեղինակեց):
Հրաչեայ Հերոնիմոսեան:
Հալքի հինգ Հոկտեմբեր,
Հինգշաբթի 



ՄԼ

Wednesday, June 22, 2016

Մանչ է՜ մանչ է՜

Էյ, իմ կարծիքով, Պ. Պապաեան, 1907 թուէն սկսեալ Դաշնակցութիւնը արդէն պոլշեւիկ է մինչեւ օրս: Այս մտայնութիւնով ոչ մի հող չէք ունենար ոտքերնուդ տակ: Շէնք մը շինելու համար նախ պէտք է հող ունենալ ու լաւ ճարտարապետ: Սկիզբէն մինչեւ հիմա տունը շինեցին օդէն սկսելով և ոչ թէ գետնէն: 
Յղի կինը չծնած, Դաշնակցութիւնը աշխարհին ուզեց խաբել թէ մանչ է, մանչ է: Դուրս կու գայ որ ոչ մանչ ըլլալը յայտնի է, ոչ աղջիկ. այլ` վիժուկ մը: 

  
Զ. Անդրանիկ:


ՄԼ

Monday, June 13, 2016

Է՜հ անունը կա - ամանում չկա...


— Համայն աշխարհում 
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի, 
– Ո՛վ էլ որ չասի՝ 
Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի 
Ու կ'ասի՝ կարդա՛, 
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի, 
Իսկ Արարա՜տը... 
Է՜հ անունը կա - ամանում չկա...

Պարույր Սեւակ:

Monday, May 30, 2016

Անեկդոտ Կոմիտասի մասին:


Նա Քյոթահիացի (Կուտիա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ ևորգ կաթողիկոսին: Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»:

— Դու հայերեն չգիտե՞ս,– ասում է նրան կաթողիկոսը,– ես քեզ հետ ի՞նչ անեմ:
— Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): ելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ):

Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է.
— Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս):

Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ, նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք ճեմարանի աշակերտ գրեցեք»:
Հրաչյա Աճեմյան:

Friday, May 27, 2016

Հետքեր

Բոլորը թողնում են հետքեր
Մտքի ծալքերում,
Կրծքի տակ,
Կրծքի վրա
Ու պարանոցին,
Կրակաշունչ ու սառած բեմին,
Մտքերը ուղղորդող ամուր երկաթյա պարաններին:
Քանի՞սը եկան, գնացին, մաղվեցին, մնացին:
Քանի՞սը կգան, մթում կմնան,
Սառույց կհալեն, ժայռեր կքանդեն,
Բերդեր կսարքեն ու զոհասեղան…
Շատ հետքեր էլ կան,
Որ չենք իմանա` որտեղից եկան…

Ա. Կոլյան:

Քադաֆի


Այֆոններով զինված բորենիներ
Եվս մի անարխիա տապալվեց
Կերաք՞ (կ****ս իհարկե)
Մահ կամ հայրենիք
Իդեալիստները չեն մահանում

ՀԳ: Ապո, կներես որ ուշ եմ գրում, բայց մտածեցի մի քիչ շուխուրը անցի, որ լսես ասածս։ Համել դու հայերեն չէիր հասկանում այն ժամանակ, իսկ հիմա էլ ինչ լեզու՞, ինչ բան ...
Հիմա Չէի հետ մատե խմելիս կլինեք նարգիլե ծխելով
Մախնոն էլ մոտակայքում արաղ կքաշի:

Ա. Կոլյան:

Thursday, May 12, 2016

Ձոն Ֆեյսբուքի մասին


Ֆեյսբուքի տիրակալը

Մարդ կա ֆեյսբուքն է շալակած տանում,
Մարդ կա ելել է շալակը ֆեյսբուքի:
Դու որ սխալվել, սակայն չես ստել,
Ջնջել ես հաճախ, բայց նորից գրել,
Դու, որ սայթաքել ու post չես արել,
Անտեսվել, սակայն երբեք չես տխրել, Այլ մագլցել ես ստատուսից ստատուս,
Գրել ես անվերջ ու դիզել լայքեր`
Քո բյուր լայքերից առնելով թևեր…
Եղել ես Sign in, որ ֆեյսբուք տեսնես,
Որ անօրինակ online-ը տեսնես,
Բոլոր tool-երով դու նրան զգաս,
Լայքերով խնդաս, unfriend-ը սգաս,
Եղել ես իբրև նրա բլոգերիկ, Որ համացանցը զգաս քեզ մոտիկ,
Որ ֆռենդության չափերը տեսնես,
Ծպտված ֆեյքի խաբելը տեսնես,
Որ չվախենաս ու delate չանես
Հիմար ստատուսի դեմքը խարանես…
Ահա թե ինչու դու այսքա՜ն տարի
Դու՛, որ հարազատ ծնունդն ես ֆեյսի
Գրում ես անդուլ, առաջ ընթանում,
Գրում ես այնքա՜ն երկար, անտրտում Ասես ֆեյսբուքն ես շալակած տանում:
Մարդ կա ֆեյսբուքն է շալակած տանում
Մարդ կա ելել էլ շալակը ֆեյսբուքի:

Նա ով ելել է շալակը ֆեյսբուքի,
Ֆեյսբուքում երբեք անլայք չի մնում,
Գիտի, թե ում է և ինչու լայքում,
Ում ստատուսին է շահով լայք տալիս,
Ում փոստի վրա ստից ծիծաղում,
Ում հետ ժամերով քոմենթով կռվում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս:
Վերից է նայում շատ քիչ լայքվածին,
Չի լայքում երբեք իրեն չլայքածին,
Իսկ հայտնիների, պաշտոնյաների աղջկան, որդուն
Սիրուհուն անգամ, կամ քարտուղարին
Ո՜նց է լայք անում, ո՜նց է քոմենթում ու շողոքորթում...
Որտեղ մի ստատուս սենսացիոն լինի,
Ներկա է նման` անպոչ գդալի,
Հեշտ զրպարտում է ու քոմենթ գրում,
Նույն հեշտությամբ էլ ջնջում ու գնում: Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,
Հարազատ էջից ու փոստից ավել,
Աշխարհում նա իր նկարն է սիրում:
Սու՛տ է: Նկարի լայքերն է սիրում:
Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,
Նա ֆեյսբուքի մեջ շփումն է սիրում:
Սու՛տ է: Նա շփման ավարն է սիրում:
Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր Profile-ը, Profile-ն է սիրում Ու նրան տիրում:
Ցանկացած գնով գրում է մի բան,
Փորձում երևալ խելոք ճառասան,
Անվերջ բամբասում և կամ հայհոյում, Գրում է այսպես և տարեց տարի,
Ելնում է այսպես շալակը ֆեյսբուքի:
Մարդ կա ֆեյսբուքն է շալակած տանում,
Մարդ կա ելել էլ շալակը ֆեյսբուքի:

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ, Պատմաբան

12 Նոյեմբերի 2015

Tuesday, May 10, 2016

ինչ որ է. Գեղեցիկ “ՈՌ“

..."ՈՌ"ը հայերէնի ժողովրդական, հնամենի, գեղեցիկ բառերէն է... Ինչո՞ւ կը վախնանք զայն գործածելէ...
Որքա՜ն ասացուածքներ ունինք "ՈՌ"ով...
Հայկական լաւագոյն բառարաններէն Մալխասեանցի բառարանը այս բառին յատկացուցած է մօտ մէկ էջ...
"ՈՌ"ը աւելի բարեհունչ է քան,
յետոյք,
յետուստ,
սրբան,
երաստան,
նստուկ,
նստատեղի,
աղտահանք,
վայրարկու,
տուտուզ,
տուտուզիկ,
տունդի,
տունդուռուզ,
տուտլուտուզ,
բունծակ,
սեւաջրածակ,
տռծակ,
պզտակ,
գաւակ,
քամակ (մաշալլա՜հ) բառերէն...

...Արաբերէնի "ուարա" (ետեւ) բառին կրնայ յարմարիլ դիպուածով, պատահականութեամբ...
Ընդհանրապէս հայերէնի հնամենի, բնիկ բառերը շատ կարճ են...
Արաբերէնն ունի ﺭﺩﻑ (ridf), ﻣﺆﺧﺮﺓ f (muʾkhera), ﻛَﻔَﻞ (kafal), ﺩﺑﺮ (dabar), ﻋﺠﺰ ('ajaz), աւելի ժողովրդական ﻃﻴﺰ (tiz) բառերը...

...Արեւմտահայերուս համար "ոռ տալ"-ը կը պատկանի ոռտուներուն (կրաւորական նոյնասեռականներուն)...

...ՈՌնալ բայն ալ սերած է ՈՌ բառէն... Եթէ չեմ սխալիր ՈՌ բառի խնամիներ են պՈՌալ. պՈՌչտալ, գՈՌոչել, պՈՌոչել, պՈՌոտախօս, պՈՌոտ, պՈՌոք բառերն ու բայերը...

Ին՜չ ՈՐ է…

16 սեպտեմբեր, 2014
Զավէն Զաքարեան ։

Լատինատառ Հայե՜ր


Մինչ մենք՝ հայերս, յոյլ ու ծոյլ, հայերէնը կը գրենք լատինատառ՝ տեսէ՛ք, սիրելիներ, թէ ի՞նչ կ՛ըսէ Բրիտանացի աշխարհահռչակ լեզուագէտ եւ այբուբենագէտ Տէյվիտ Տիրինկըրը.
"Եթէ անգլիացիներս ալ Մեսրոպ Մաշտոց մը ունեցած ըլլայինք, պէտք պիտի չունենայինք մեր այբուբենը լատիններէն վերցնելու եւ մեր լեզուն չարչարելէ պիտի փրկուէինք...:"

David Diringer (1900–1975)
British linguist, palaeographer and writer.
Author of several well-known books about writing systems.

29 օգոստոս, 2014
Զավէն Զաքարեան: