Tuesday, August 21, 2012

"Թող ուրախ լինեն իմ ընկերները"

"Համոզվա՞ծ եք, որ ուզում եք "Աղբաման" տեղափոխել այս լուսանկարը", - հարց է տալիս համակարգիչս: Այս նկարում եւ իրականում ես թերություններ շատ ունեմ:
Դրանց մի մասը կախվածության հասնող թուլություններ են, մյուս մասը` հիմարություններ, պարզունակ չիմացություններ, շատ բան ուշ եմ հասկանում, շատ բան ընդհանրապես չեմ հասկանում, իմ մեջ չարություն կա, ըմբոստություն, անտարբերություն,  թերություններիս մեծ մասն էլ անուն չունեն…

Հաջողություններս ինձ եմ վերագրում, անհաջողություններս` ուրիշներին` չարերին, չարքերին, ում ասես:  Սին համոզմունքներս իբրեւ հաստատուն ճշմարտություններ շալակ եմ տալիս սրան-նրան եւ շնորհակալություն պահանջում դրա դիմաց: Իրականություն դարձած երբեմնի երազանքներս երկու մատով բռնում եւ աղբամանն եմ գցում, հետո լվանում ձեռքերս` ասես կպել եմ մի գարշահոտ փալասի, որով մաքրել են կեղտոտ տեղեր:

Թեեւ ես այսպիսին եմ, բայց շրջապատված եմ լավ մարդկանցով` ընկերներս, ովքեր նախեւառաջ մտածում են իմ, հետո նոր իրենց մասին, ովքեր ուրախանում են իմ հաջողություններով, տխրում` անհաջողություններով ու այդպես շարունակ:  Եվ ինձ համար ամեն ինչ սուտ է, երբ չեն ժպտում իմ ընկերները, իմ նեղ ու լայն օրերի մեծ ընկերները, որոնց համար արժե թե' ապրել, թե' մեռնել: Ուզում եմ լռել ընկերներիս մասին եւ ընդամենը գրել աշխարհի բոլոր թղթերի վրա ու տարածել մոլորակով մեկ. "Թող ուրախ լինեն իմ ընկերները":

Վստահ չեմ` անձիս պես սիրո՞ւմ եմ իմ ընկերներին, թե՞ ոչ, բայց որ ճշմարտությունն ինձ համար ընկերներիցս թանկ չէ, հաստատ է: Եվ ավելին` իմ հայրենիքն իմ ընկերներն են, նրանց անպարտ խոհերը, նրանց հաղթական ձգտումները, աչքիս առաջ բացվող նրանց վերելքների ուղիները: Երբ իմ ընկերները ժպտում են, չարքերն անհետանում են:
Թեկուզ չժպտան, բայց թող ուրախ լինեն իմ ընկերները, միեւնույն է, չարքերը վախենում են մեզանից...

Երկար ժամանակ է` չեմ աղոթել: Եվ երեւի շարունակեի անաղոթք գոյությունս, եթե այս լուսանկարում չտեսնեի ընկերներիս անժպիտ աչքերը: Աստված իմ, պահպանիր իմ ընկերներին: Հիշեցրու մեզ, որ ամեն փորձություն տրվում է մեր իսկ հնարավորությունների սահմաններում, որ Քո սիրտը հայրաբար ցավում է բոլորիս համար, որ Դու ամենուր մեզ հետ ես, որ խնդրենք` կտրվի, որ փնտրենք` կգտնենք, որ բախենք` կբացվի… Նաեւ, որ  ամեն ինչ մեր եւ Քո բարի ձեռքերում է... 

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://www.report.am/news/society/nkerner-siran-grigoryan.html

No comments:

Post a Comment