Tuesday, August 21, 2012

Խառը ապրանքներ

Ինչ ասես կա Երեւան-Մեղրի ճանապարհին` ձորերը նետվածների հուշաղբյուրներից մինչեւ խանութ` վրան գրված` "Խառը ապրանքներ": Համոզված եմ` այս աշխարհում բոլորի եւ ամեն ինչի համար տեղ կա եւ բոլորն ու ամեն ինչն իրենց տեղն ունեն… Կամա-ակամա ամեն ինչ եւ ամեն ոք մի ինչ-որ տեղում է, եւ հենց դա է իմ տեսած սարսափներից ամենաերկարատեւը…

Կրակի հետ խաղացող մարդկային հիմարությամբ նորից փորձում եմ ինչ-որ բան ասել. "ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է": Ուզում եմ բոլոր սպիտակ թղթերը լցնել այս տողով, որ հնչեցնում եմ ի պատասխան 8-ժամյա ճանապարհից թմրած-բթացած օտար ուղեւորների լեռնային օդն ու ջուրը պղտորող հարցին. "Մարդիկ ինչո՞ւ են բնակվում այստեղ":

- Բարեւ, ե՞րբ ես եկել, կարոտել էի քեզ,- ասաց մեր հարեւանը` իմ փոքրիկ բարեկամը,- անցյալ անգամ գրածդ շարադրության մասին ասաց` թեմային չի համապատասխանում, քո գրածի վերնագիրը "Գարուն" է:
- Ասացի, չէ՞, հայրենիքի մասին շարադրություն չեմ կարողանում գրել: Լավ, քեզ այս անգամ մի հավանական թեմայով (օրինակ, "Իմ ամառային արձակուրդը") շարադրություն կտամ եւ գալիք ուսումնական տարում կհատուցեմ վնասդ:
Պատմիր քեզանից, ինչպե՞ս ես, արդեն որոշե՞լ ես` ինչ ես դառնալու:
- Որոշել եմ Եվրոպա գնալ:
- Բայց դա մասնագիտություն չէ, հետո` մենք էլ ենք Եվրոպա:
- Որոշել եմ իսկական Եվրոպա գնալ. այնտեղ երկնաքեր շենքեր կար` լույսերի մեջ. հեռուստացույցով եմ տեսել` թափանցիկ վերելակներ, ստորգետնյա թաղամասեր: Ասում են` այստեղ ապագա չկա, ասում եմ, որ այնտեղ մարդիկ սարքին հեռուստացույցը, սառնարանը տանում-դնում են աղբարկղի կողքը: Կարող ես այն վերցնել, օգտագործել: Լսել եմ նաեւ, որ այնտեղ անձեռոցիկները, տոպրակները եւ շատ բաներ անվճար են տրվում:
- Գիտե՞ս, աշխարհի մարդկանց թվից հինգ անգամ ավելի հեռուստացույց է արտադրվել եւ նույն տեմպով էլ շարունակում է արտադրվել:
Պատկերացնո՞ւմ ես` մեկը դիր աղբարկղի կողքին, մյուսը լուսամուտից նետիր ցած, երրորդն էլ միացրու եւ նայիր: Երեքն էլ քեզ ոչինչ չեն տա: Ուզում եմ ասել, որ եթե մեկը ոչինչ չի տալիս, մյուս երկուսն էլ ոչինչ չեն տա: Ես մի հեռուստացույց ունեմ, մեկն էլ այն տանը կա, որտեղ բնակվում եմ:
Երկուսն էլ նույնն են, եւ հիմա մեկն ավելորդ է: Մի պահ թվում էր, թե լիարժեքության համար ինձ միայն դա է պակասում, որովհետեւ աշխարհի բոլոր հարցերն այդ տուփի մեջ են լուծվում` պարզ ու թափանցիկ քվեատուփի պես: Հետո դրան հավասարազոր դարձավ, թե արդեն փոխարինելու եկան համակարգիչը, ինտերնետը: Լավ, ասածներիս ուշադրություն մի դարձրու, համ էլ արդեն քո քնելու ժամն է, գնա:
- Հիմա օրերը երկարել են, քունս չի տանում, ուզում եմ ինչ-որ բան պատմես:
- Օրերը երկարե՞լ են, իսկապե՞ս: Քանի ժամով… Ինձ ամեն օր օրական մի 5 ժամ պակասում է:  Ուր էր, թե օրերը երկարեին: Օրերը միշտ էլ 24 ժամ են ունենում, յուրաքանչյուր ժամը 60 րոպե, րոպեն` 60 վայրկյան… Ի՞նչ պատմեմ: Քո տարիքին էի, երբ փորձեցի պարզել, թե ինչու ենք ժամացույցի սլաքն առաջ կամ ետ տանում: Ինձ համար դա շատ կամ քիչ, ուշ թե շուտ քնելու միջոց էր, որը միայն մի քանի օր էր տեւում: Երբ փորձեցի հասկանալ, թե ինչո՞ւ ենք հենց գիշերը շարժում ժամացույցի սլաքը, եւ ի՞նչ է դա մեզ տալիս, հայրս պատասխանեց, որ դա չվերթերի համար է: Եվ օրինակ բերեց. եթե մեկը որոշել է մեկնել արտասահման, եւ նրա չվերթը հոկտեմբերի վերջին շաբաթ օրվա, լույս կիրակի գիշերն է, նրան մեկ ժամ ավել հնարավորություն է տրվում լինելու իր ընտանիքի հետ` տանը, հայրենիքում… Պատկերացնում ես` ժամը 60 րոպե, րոպեն` 60 վայրկյան: Այս իրական, թե տրամաբանական պատասխանն իմ միակ հայրենասիրական շարադրությունն էր, որի մասին ամեն անգամ ուզում էի գրել...
Իմ հայրենիքը ձորն ի բերան լցված մառախուղն է, ծաղկած ընկուզենին, մատղաշ առվույտը եւ կանաչաչվի մեկը, որին գուցե պետք չէ սիրել: Մենք միշտ էլ ճանաչել ենք իրար. գիտես` ում մասին է խոսքս: Փոքր ժամանակ ես նրանից էի զզվում, նա էլ, հաստատ, ինձանից: Այնպես որ, պետք է զգույշ լինել զզվելիներից: Այսօր նորից հանդիպեցինք: Առաջին բանը, որ երկուսս  էլ թաքուն մտածել ենք, դա այն է, որ եթե մենք երեխաներ ունենանք, նրանք կանաչ աչքեր կունենան: Զզվելի մտքեր են, չէ՞: Գլուխդ ազատիր զզվելի մտքերից:
- Բարի գիշեր... Ես ոչինչ եմ,  բայց որոշել եմ ճամպրուկագետ դառնալ:
Դեռ չի լուսացել: Ինձ մոտ ամեն ինչ շարունակում է կիսատ մնալ:  Մայրս խնամքով դասավորել է ճամպրուկս: Ես վերցնում եմ եւ հոտոտում. արյունոտ հողի, նռան, խաղողի, գինու, սիրո, խանդի, կարոտի եւ ազատության հոտ է գալիս...
Ինչ ասես կա Երեւան-Մեղրի ճանապարհին` ձորերը նետվածների հուշաղբյուրներից մինչեւ խանութ` վրան գրված` "Խառը ապրանքներ": Բոլորի եւ ամեն ինչի համար տեղ կա եւ բոլորն ու ամեն ինչն իրենց տեղն ունեն… Կամա-ակամա ամեն ինչ եւ ամեն ոք մի ինչ-որ տեղում է, եւ հենց դա է իմ տեսած սարսափներից ամենաերկարատեւը…

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
26/05/2011

http://www.report.am/news/society/xar-apranqner-siran-grigoryan.html

No comments:

Post a Comment