Tuesday, August 21, 2012

Կենացային հայրենասիրության ծակուծուկերը

Մանան Գալստյան

Մենք սիրում ենք մեր հայրենիքը մեր կենացներում: Թողնես՝ ամեն մեկս մի կենաց-դասախոսություն կկարդա, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը, ինչ հաճախականությամբ և հատկապես որ դեպքերում: Բայց ուտել-խմելու սեղանների շուրջ բարձրաձայնված կենացներով հասարակությունը չի զարգանում:
Որովհետև կենացները քաղաքական գործիչների ծրագրերի նման են՝ ասացիք, խոսեցիք, անցավ: Դե չէ, կենացները քննարկում էլ են. կենացը կենացով են կտրում, տուգանային կենացներ են խմում, ի վերջո, սպասում են թամադայի խոսքին:
Մեկ-մեկ կենացները քաղցրանում են: Մեկ-մեկ՝ թեժանում, համը դուրս գալիս... Մեր շինարարության մեծ մասը ուղղված է ՛՛ուտել-խմելու օբեկտների՛՛ ավելացմանը, որտեղ պետք է հավաքվենք ու հերթական կենացներն ասենք, մեր հասարակության ներսում ամենակարևոր իրադարձությունը հարսանիք, ծնունդ ու կնունք անելն է, որոնցից ամեն մեկն իր կենացների շարքն ունի, մեր շոու-բիզնեսի երգերն էլ կամաց-կամաց կենացներ են դառնում կամ կենացների երաժշտական ձևավորում:
Մենք մեր երեխեքին էլ սովորեցնում ենք կենաց ասել ու երեք-չորս տարեկան երեխաները միմյանց ծնունդներին իրար մաղթում են մեծերին լսող ու առողջ լինել, լավ սովորել: Չէ, առողջ լինելու մաղթանքի մեջ վատ բան չկա, բայց երեք տարեկան երեխայի այդ խոսքերը արդեն իսկ հիվանդագին են հնչում:
Այնինչ կենացի բուն իմաստը ՛՛կեն-աց՛՛-ն է, այսինքն որ մնաս, ապրես, լինես: Ու եթե մենք թեկուզ և մեր կենացային հայրենասիրությունը ճիշտ հասկանայինք, այլ ոչ թե հերթական շաբլոնների շարքի նման ընդունեինք, մեր ծնողների, երեխաների, տատիկ-պապիկների, կանանց, հաճելի հիշողությունների, էս պահի, ընկերների և մնացածի հասցեին ասված բազում-բազում խոսքերի գոնե երեք տոկոսը իրականություն կդարձնեինք ու... կգնայինք առաջ: Որովհետև կենացներն էլ, փաստորեն, ինչ-որ առումով մեր ազգի ուղեղն են, մեր արժեքների և հասարակական նպատակների ֆոլկլորային ձևակերպումը: Եթե մարդ օգտագործում է սեփական ուղեղի հնարավորությունների շատ սահմանափակ տոկոսը, հայ հասարակությունն էլ իր ուղեղի շատ քիչ տոկոսն է օգտագործում: Շատ հոլիվուդյան ֆիլմեր կան այն մասին, թե ինչպես են մարդիկ նորագույն հաբեր խմում և սկսում օգտագործել իրենց հնարավորություններն ամբողջությամբ: Ես ամենևին էլ չեմ կարծում, որ մեր հասարակությունը պետք է ՛՛դեղի վրա նստի՛՛, որ գիտակցի, վերլուծի իր հնարավորություններն ու զարգանա:
՛՛Դեղի վրա նստողների՛՛ շուրթերից դեռ հոդաբաշխ կենաց էլ դուրս չի եկել: Իսկ ցանկացած հասարակություն, եթե ուզում է զարգանալ, պետք է որոշակի, թեկուզ և չգրված, բայց այդ հանրույթի մեծամասնության կողմից գիտակցվող զարգացման կոնցեպցիա ունենա:
Կենսունակ զարգացման կոնցպեցիան պետք է հստակ պատասխաններ ունենա երեք կարևորագույն հարցերի համար.
Նպատակը կամ թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա տվյալ հասարակությունը;

Անցյալի դասերը, կամ անցյալից եկող ինչ սահմանափակումներ և անհրաժեշտ հետևություններ կան, որ անխուսափելիորեն առկա են յուրաքանչյուր հասարակության համար:
Տվյալ պահին ինչ ռեսուրսներ ունի տվյալ հասարակությունը և ինչպես կարող է օգտագործել դրանցից յուրաքանչյուրը հասարակական զարգացման նպատակն իրագործելու համար:
Երբ խոսում ենք հայ հասարակության մասին, հենց առաջին կետում ՛՛լռվում ենք՛՛ դարերով, որովհետև հայերը սովոր են զարգանալ ոչ թե հասարակության ներսում և որպես հասարակություն, այլ ՛՛մարդա՝ իրա համար՛՛: 
Էս դեպքում հասարակական զարգացման կոնցեպցիա ընդհանրապես չկա, կա հասարակական յոլա գնալու կոնցեպցիա, որը ոչ այլ ինչ է՝ քան հասարակական ճահիճ: Իսկ ճահիճները, ինչպես հայտնի է, վատ են բուրում: Անկախ դրանց մասին կենացներից:

Սեպտեմբեր 01, 2011

http://www.ejournal.am/news/society/2011-09-01/260/

No comments:

Post a Comment