Tuesday, May 10, 2016

Մեռնիլն ու մահանալը նոյն բանը չեն...

Մեռելապաշտ Հայերս ստեղծած ենք "մեռնիլ"-ի հարիւրաւոր հոմանիշներ եւ ըսելաձեւեր...

Մեռնիլն ու մահանալը նոյն բանը չեն...

Մահանալը դանդաղ մեռնիլն է...

Աշխարհականը կը մեռնի կամ կը մահանայ, հոգեւորականը կը վախճանի (ի դէպ, Հայաստանի մէջ կօշկակարն ալ կը վախճանի), ազատամարտիկը կամ զինուորը կը զոհուի, անասունը (երբեմն որոշ մարդիկ ալ) կը սատկի...

Ահաւասիկ հայերէնի հարստութիւնը (դեռ շարած եմ միայն այն բառերն ու ըսելաձեւերը, որոնք միտքս ինկան րոպէաբար... ապագային կը դիմեմ մեր բառարաններուն)

Մեռաւ,
մահացաւ,
մահկանացուն կնքեց,
ոչ եւս է,
հոգին փչեց,
շունչը փչեց,
հոգին տուաւ,
հոգին աւանդեց,
հանգաւ,
Արեւը հանգաւ,
Արեւը բաշխեց,
կեանքին մնաս բարով ըսաւ,
կեանքը ուրիշին տուաւ ("կեանքը  ձեզի"),
կեանքը բաշխեց,
կեանքի թելը կտրուեցաւ,
կեանքը խաւարեցաւ,
կեանքէն հանգչեցաւ,
մոխիր դարձաւ,
շիրիմը գրկեց,
գերեզման իջաւ,
շիջանեցաւ,
Աստղը մարեցաւ,
աչքը փակեց,
կեանքին վերջ տուաւ,
ինքնասպան եղաւ,
ի վերին Երուսաղէմ գնաց,
ձեռքէ գնաց (տոլմա եմետէն կիթթի...),
շան սատակ դարձաւ,
սպաննուեցաւ,
զգետնուեցաւ, զոհուեցաւ,  նահատակուեցաւ,
էշ նահատակ դարձաւ,
միւս աշխարհ գնաց,
անդի աշխարհ գնաց,
Հրեշտակներու հետ խօսեցաւ, անցաւորաց բարեւ տարաւ,  պատարագ ապսպրեց (որ Տէրտէրները անգործ չմնան),  Աստուծոյ քով գնաց,
ի Տէր հանգաւ,
տապաստ ինկաւ,
Տիրոջը մօտ գնաց (եթէ Աւետարանական է),
Գրողի ծոցը գնաց (Գրողը Տիր աստուածն է, որ կ՛արձանագրէր անդի աշխարհ գացողներու անունները, "Գրողը տանի"),
Դժոխք գնաց (եթէ Քաւարանի այլընտրանք չունի),
դիակը փռուեցաւ,
անհետ կորաւ,
ոտքերը տնկեց,
սեւ հողին բաժին դարձաւ,
ծուխը մարեցաւ,
որդերու կեր դարձաւ,
կարմիրը կապեց (ալ կանաչ լոյս չունի )...

21 Օգոստոս, 2014
Զաւէն Զաքարեան:

ԱԶԳԱՅԻՆ ՆՈԹԵՐ


Մեր կառավարությունը այս օրերս պատվիրակություն մը ղրկեց Եվրոպա՝ հայկական վեց վիլայեթները խնդրելու համար։ Գնացողները բոլորն ալ ռուսահայեր են և պիտի թյուրքահայերու համար երկիր խնդրեն։


Երեկ կնիկս ղրկեցի հացի «կնիժկան» փոխելու‚ չէին տվեր‚ ըսեր էին «գնա՛‚ թող մարդդ գա‚ «կնիժկան» մարդուդ անունովն է»։ Ու այսօր չորս ու կես ժամ հերթ եմ պահեր գրասենյակին դռանը‚ ետևս ունենալով կամարլեցի այրի մը ու առաջիս տասներկու տարեկան մանչ մը։


Արդ‚ այն կառավարությունը‚ որուն պաշտոնյաները մեկ ֆնտանոց հացի չեկ անգամ չեն վստահեր մեկի մը‚ որ «կնիժկային» տիրոջ կնիկն է‚ որ ըստ եկեղեցու «երկոքյան մարմին մի» են‚ կըսեմ. այդ կառավարությանը ինտո՞ր թույլ կուտա իրեն երթալ Եվրոպա և ուրիշի անունով վեց վիլայեթ խնդրել։ Պիտի ըսե՜ն՝ «թյուրքահայերը անոնց եղբայրներեն են»։


Ճշմարիտ է‚ այո՛‚ սակայն ինչքան ալ եղբայր ըլլան‚ ամուսիններու պես կապված չեն իրար։ Եղբայրներ մեծնալիս կկռվին իրար հետ‚ կծեծեն զիրար։ Կամ թե‚ եթե իրոք եղբայր են‚ ի՞նչ արգելք կա‚ որ երկու եղբայրներ իրարու ձեռք բռնած Եվրոպա երթան։ Եթե ռուսահայերը կառարկեն‚ թե տաճկահայ եղբայրները ներկայանալի արտաքին մը չունին‚ կամ լեզու չեն գիտեր‚ ավելի աղեկ‚ թող եվրոպացիք անոնց խեղճ վիճակը տեսնեն ու շատ կարելի է‚ վից վիլայեթի տեղը յոթը կուտան։


Չէ‚ խնդիրը սկզբունքն է։
Կամ պետք է ով որ «կնիժկա» տանի՝ փոխեն‚ կամ եթե չեն փոխեր‚ պետք չէ ուրիշի անունով Եվրոպա երթան ու վեց վիլայեթ խնդրեն։
Ես այսպես գիտեմ։
1919թ.


Լեռ Կամսար: 

Հրամայում եմ՝ կրակ


— Կրակի:
— Ո՞ր կողմ։
— Իյա՜։ Այ տղա, նշան բռնի Նախիջևանին ու կրակի։
— Նախիջևանը ո՞ր կողմն ա։
— Իյա՜։ Այ տղա, դու նշան բռնել չգիտե՞ս։
— Չէ։
— Իյա՜։ Ո՞վ գիտի, արա։ Հը՞։ Այ քեզ բան։ Ձեն հանեք, արա՜։ Արա, էս եքա թնդանոթը քաշ եք տվել ստեղ ու ոչ մեկը նշան բռնել չգիտի՞։ Կրակի, արա՜։ Աշկաչափով ֆռռցրա Նախիջևանի յան ու կրակի։
— Նախիջևանը ո՞ր կողմն ա։
— Այ ընդե, կրակի։
— Չէ, չէ, արա՜, ինչ ես ասում, Իրանն ա ընդե, Նախիջևանը էս յան ա մի քիչ։
— Ի՞նչ ես էշ-էշ դուրս տալիս, արա՜։ Ըտե Թուրքիան ա, արա՜, Թուրքիան։ Նախիջևանը ընդե ա…
— Տո դրանց սաղի մուսուլման մաման… Կրակի, կապ չունի ուր, կրակի, արա՜, կրակի… Ես եմ պատասխան տալիս…
Հրամայում եմ՝ կրակ։

Վահէ Ավետյան:
1990

Sunday, May 1, 2016

Քաքահամ եւ քաքահոտ բառեր...


Որքա՜ն հարուստ է հայերէնի"քաքոտ" բառապաշարը...

"ՔԱՔ" կ՛ըսենք ամէն աղտի ուկեղտի, կղկղանքի, ապաւառի, թափանի, արտորանքի, մինչ միա՛յն մարդու աղտն է քաքը...

Անշուշտ կա՛յ նաեւ ականջի 
քաքը, քիթի քաքը՝ չորցած խլինքը...

Ոչխարի եւ այծի, նապաստակի 
եւ ճագարի կեղտը ՍՊՏՈՒՐ է, 
ԳԼՏԻԿէ...

Ոչխարի սալացած քաքը ՏԱՐԹ է,

Արջառի թաց քաքը ԹՐԻՔ է,

Արջառի չոր քաքը ՔԱԿՈՐ է, ԳՇԿՈՒՐ է, ԱԹԱՐ է,

Արջառի դաշտի մէջ չորցած 
քաքը ԹԻԹԷՆ է, ԹԻԹՐԷՆ է,

Շան քաքը ՇԱՆԲԻՆ է, 

Կատուի քաքը ԿՃԻՐ է,

("Կատուին ասել են կճիրդ դեղ է՝խորունկ է թաղել")

Թռչունի քաքը ԾԻՐՏ է,

Ճճիի քաքը ԿՏԻՏ է,

Մարդու փոշիացած քաքը ՓԹԻՐ է,

Մարդու երկար ու հաստ, պինդ քաքը ԿՈԼՈԶ է,

(չշփոթել ԿՈԼՈՀԱՏ բառին հետ)

Մարդու կամ անասունի լոյծ (փորքշած, հեղուկ) քաքը ՑԵՌ է,

(ի դէպ տօնավաճառին ալ ՑԵՌ կ՛ըսենք, թերխաշ հաւկիթին ալ...)

Նորածինի քաքը ՄԵԿՈՆԻՈՆ է, 

Իշու եւ ջորիի, ուղտի եւ ձիու 
քաքը ՓՇԿՈՒԼ է,

Գոմէշի քաքը ԿՈՌՈՓ է...

Կա՛յ նաեւ Նժդեհի սիրած 
ՏԱԿԱՆՔը՝ հայու այլասերած 
քաք խաւը...

Մայրս ինծի համար կ՛ըսէր.

"Քաքի տակ կը մնա՛յ՝ խօսքի 
տակ չի՛ մնար"...

Ըստ հայկական սովորութեան՝
ՔԱՔԱՇԱԼԱԿ կը կոչուի այն երախան, որմէ ետք կը ծնի 
աղջիկ զաւակ (բախտի բերմամբ 
թէ պատահմամբ՝ ծնողքիս ՔԱՔԱՇԱԼԱԿ-ն էի: Եթէ ինձմէ 
ետք մանչ զաւակ ծնէր՝ կ՛ըլլայի ՈՍԿԷՇԱԼԱԿ)

Քաքագէտ՝

Զաւէն Զաքարեան

07.09.2014

Tuesday, April 26, 2016

ՀՈՂԸ ՁԵՐ ՊԱՊԵՐԻ ՈՒ ՁԵՐ ԳԼԽԻՆ


ՀՈՂԸ ՄԵՐ ՊԱՊԵՐԻՆՆ Է՝ ԱՐՅՈՒՆՈՎ ԿՊԱՀԵՆՔ
ՈՒ՞մն էր Պարույր Հայրիկյանը՝ առաջին քաղաքացին, նախագահը, գրողը, երգահանը, բանաստեղծը, անկախության մարտիկն ու առաջնորդը, որ թույլ տվեցինք արտաքսել, ու ԿԳԲ-ն դնել գլխներիս։
Ու՞մն են արտաքսված մեկ միլյոնից ավել ձեր համաքաղացիները։
Ու՞մն է բազմամիլյոն վտարանդի Սփյուռքը։
Արյու՞ն թափել։ Դուք խոսք չեք արտասանել 25 տարի, ի պաշտպանություն ձեր այսօր ողջ համաքաղաքացիների ու ցեղակիցների իրավունքների, և անգամ մասնակցել եք նրանց դեմ գործած բազում հանցագործությունների։
Հիմա պատրաստ եք ձորի ու չոլի համար արյու՞ն թափել, որտեղ ոչինչ չեք անելու ապականելուց բացի, անգամ եթե պահեք։
Երբ Հայքում ողջ մարդ չթողնեք լափելու մարդակերներիցդ բացի, կքանդեք ձեր պապերի գերեզմաններն, ու կլափեք նրանց ոսկորները։

ՀՈՂԸ ՄԵՐ ՊԱՊԵՐԻՆՆ Է
ՀՈՂԸ ՁԵՐ ՊԱՊԵՐԻ ՈՒ ՁԵՐ ԳԼԽԻՆ

2016-04-21
Վահէ Ավետյան:

Ինձ այդպես կայֆ է


— Բարի գալուստ աշխարհի մայրաքաղաք:
— Աշխարհի մայրաքաղաքը Երևանն է։
— Դուք հայերդ շատ մեծամիտ եք։
— Այո, որովհետև նույնքան հիմար ենք, որքան ամերիկացին, ռուսը, ֆրանսիացին…
— Եթե ընդունում եք, որ հիմար եք, ինչու՞ չեք համաձայնում, որ աշխարհի մայրաքաղաքում եք։ Չե՞ որ ակնհայտ է։
— Ընդունելով հիմարությունս, չեմ հաստատում ձեր հիմար չլինելը։ Ակնհայտ էլ չէ բոլորովին։ Ապրել եմ բոլոր աշխարհի մայրաքաղաքներում և դրանից հետո եմ հասկացել, որ Երևանն է քաղաքը։ Ակնհայտ է:
— Ինչպե՞ս, ի՞նչով է ակնհայտ։
— Բավարարվեք պարզ, հիմար պատասխանով՝
Նրանով, որ ինձ այդպես կայֆ է…
Վաշինգտոն, 2003

Վահէ Ավետյան:

Ցնդեցի՞ր էլի, այ… Ցանցառ

Սահում եմ զգույշ անկողին, ու չքնաղն անմիջապես առնում է ինձ գիրկն ու համբուրում երեսս։  որը շնչում եմ անուշ շունչը։
— Բարի գալուստ, քաղցր ջան։
— Բարև սիրելիս։
— Էլի փողոցներն էիր ընկե՞լ։ Ինչու՞ է Աշոտն ավելի շուտ եկել։ Սիրահարվել էիր էլի՞…
Կիսաքուն, աչքերը փակ, ու բարի, ներող ժպիտով շոյում է գլուխս։ Ուզեցի զռռալով ամեն ինչ պատմել։ Վերջին ակնթարթին կանգնեցրի ինձ, մտածելով, որ մայրիկս չէ ախր։ Համբուրում եմ դեմքն ամուր, կարոտած շնչելով վարսերի հարազատ, անուշ բույրը։
— Ի՜նչ ես խոսում, ցնդեցի՞ր էլի, այ…  Ցանցառ
1997, Վալհալլա
Վահէ Ավետյան:

Ես ապուշ եմ

Քառասունմեկ տարի հանդիպել եմ մարդկանց միայն, որ համոզված են, որ խելացի են։ Մի բուռ լավագույնները կարծել են, որ այնքան էլ խելացի չեն, բայց ապուշ էլ չեն, որովհետև չեն դադարում սովորել։ Ես համաձայն եմ։ Այս տրամաբանությանը հետևելով՝ ես բարձրագույն «IQ»ն ունեցողն եմ, որովհետև այսօր համոզվել եմ, որ կատարյալ ապուշ եմ։

2004-03-22, Սթոքհոլմ

"Անկախության Բանակ" - Վահէ Ավետյան:

Monday, April 25, 2016

Վիկինգների սունկ։ Դու չուզեցի՞ր

Զարթում եմ կաֆե շոփում։ Չգիտեմ, ոնց եմ եկել այստեղ։ Պատուհանից դուրս Ամստերդամն է։
- Էս ի՞նչ տվիք կերա, ախչի։
Հարցնում եմ վաճառասեղանի հետևում բաժակ չորացնող ծտին։
Վիկինգների սունկ։ Դու չուզեցի՞ր։
Ինչ ոռի գլխացավ ունեմ։ Ոռի համ հանելը խաղ ու պար չի, ամեն մեկի,խելքի բան չի… էհ՜…

Վահէ Ավետյան

ԱՅՐ

Ստուգաբանական փորձութիւն...
(Տէր Խաչատուր Աւագ Քահանայ Պօղոսեանին)

ԱՅՐ-ը շատ հնամենի բառարմատ է, որ կու գայ նախնադարէն: Կը նշանակէ թէ՛ քարԱՅՐ (անձաւ) եւ թէ՛ այդ քարԱՅՐին մէջ բնակող ԱՅՐ (մարդ): ԱՅՐը նաեւ կրակ է (ԱՅՐել, ԱՅՐիլ...)
Նախնադարուն` Մարդը, Կրակն ու Այրը անբաժան մասնիկներ էին...
ԱՅՐ-ը կրնայ ունենալ եղբԱՅՐ, կրնայ ունենալ քոյր, որմէ քեռԱՅՐ (քրոջը ԱՅՐը)...
ԱՅՐը կրնայ մահանալ եւ իր ետին թողուլ ԱՅՐի կամ ԱՅՐիներ, որոնք կրնան քանի մը անգամ զուգուիլ եւ քանի մը անգամ ԱՅՐաթող լինել...
Նախնադարեան մարդը (Հայը կամ Հայուհին) ազատ է եւ անկախ...
Երբ ԱՅՐը կը ջղայնանայ՝ կրակ կը կտրի, կը տաքնայ, կը զԱՅՐանայ (գրաբարեան զ-ն զօրութիւն, սաստկութիւն կու տայ մեր շատ մը բառերուն՝ ԱՅՐանալ - զԱՅՐանալ, արմանք - զարմանք, արդ ու զարդ)...
Առաջին պտուղը երախԱՅՐիքն է, որմէ թերեւս երախԱՅՐ, երախԱՅ բառը՝ առաջին պտուղի նման խակ, անփորձ, չմկրտուած, փոքրահասակ ԱՅՐ մը...
ՔարԱՅՐի ծայրամասը՝ ծԱՅՐ (ծուռ ծ)... Իսկ մթագնած մասը՝ ճԱՅՐ(ոտ)...
ՔարԱՅՐի սուր անկիւնը՝ սԱՅՐ (սուր ս)...
Ամէն քարԱՅՐ ունի հԱՅՐ ու մԱՅՐ, որոնք նաեւ կրնան ըլլալ յԱՅՐ(ատ), այսինքն ցանկասէր, պագշոտ, վաւաշոտ...
Ամէն քարԱՅՐ վԱՅՐ մըն է՝ վԱՅՐենիք (հԱՅՐենիքի Լազեան ստուգաբանութեամբ), իսկ վԱՅՐենիքի մէջ ապրողները դեռ եւս վԱՅՐենի են՝ չունենալով մԱՅՐենի բարբառ, հԱՅՐենի եզերք...
Անեզր է Հայաստանը՝ ԱՅՐ + ԱՅՐ + ԱՏ = ԱՅՐԱՅՐատ = ԱՐԱՐատ...
զԱՒԷՆ զԱՔԱՐԵԱՆ (սաստկացուցիչ զոյգ զ-ով հանդերձ)
08.08.2015

Զաւէն Զաքարեան