Monday, April 25, 2016

«Մենք մեզ չենք հավատում»


«Բայց հայոց Արտաշիր թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների մեջ, այն աստիճան, որ բոլոր նախարարները նրանից զզվեցին։ Նրանք եկան Մեծ Սահակի մոտ, բողոք բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի (Արտաշիրի) վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող։ Իսկ (Մեծ Սահակը) ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի, ամոթալի արմատները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է։ Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք, մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել` ծաղր ու խայտառակ լինելով»։
«Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»։
Մովսես Խորենացի
Դուք կարծում եք` դարերի միջով ճանապարհորդելիս մարդկությունը շա՞տ է առաջ անցել… Եթե զարգացել է, ապա նյութապես, տեխնիկայի բնագավառում։ Ես չէի ասի, թե հոգևոր աշխարհում նրա առաջընթացը վիթխարի է։ Ո՞վ կասի, թե ինքն ավելին է, քան Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Դիոգենեսը (որին թեև հատկապես ես մոտ եմ ծպտված չարչու կերպարանքի մեջ, այնուամենայնիվ և հեռու` գնահատելով այդ տնանկի ազատությունն ու մտքի պայծառությունը, չմոռանալով ոչնչությունս) կամ թե Արքիմեդն ու Էվկլիդը… Յուրաքանչյուր նման փիլիսոփայի մահ մի քաղաքակրթության մահ է, մի աշխարհի մահ, որին հասու չենք ոչ մեկս։ Այնպես, ինչպես հասու չենք Մեծ պատմահոր` Մովսես Խորենացու հանճարեղ Պատմությանը։ Եթե ինձ հարկ լիներ հայրենիքը լքել` միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով վերցնել ընդամենը մեկ գիրք, ապա ես անկասկած կվերցնեի Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Եվ ոչ այն բանի համար, որ այդ գիրքը մեր ծննդյան վկայականն է, այլ նրա համար, որ այն յուրաքանչյուր հայի համար հոգևոր դասագիրք է իր վարքի, բարքի, պատմության, կենցաղի, տնտեսության, մշակույթի, եկեղեցու, քաղաքականության, պետական շինարարության, հոգևոր զարգացման և այլնի մասին։ Սակայն կարդո՞ւմ ենք, ծանո՞թ ենք այդ ժառանգությանը… Ո՞վ, Ազգային ժողովում պպզած ավազակնե՞րը, որոնք իրենց անուն ազգանունն անգամ անսխալ գրել չգիտեն, թե՞ այն սոփեստները, որ ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չգիտեն։ Ժողովուրդը տառապում է ծայրաստիճան կարիքի, թշվառության և տգիտության մեջ։ Շատերն անուս են, բայց ինչպես Խորենացին կասեր` ուսուցանում են ջանադրաբար։ Հայտնվել են հավատացյալներ, որոնք օտարերկրյա միսիոներների օգնությամբ ուսուցիչ են դարձել ու խանդավառությամբ սովերեցնում են Ավետարանի բառն ու բանը։ Հրեից Աստվածաշնչին տեր ենք դարձել, բայց մեր պատմահորը արխիվ նետել։ Մինչդեռ այնտեղ շատ բան կա, որ պիտի կարդալ, մեկ անգամ ևս կարդալ։ Չէ՞ որ այն, ինչ կուզեինք ասել, արդեն իսկ ասված է։ Թվում է, թե ով-ով, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, Արմեն Վշտունին կասեր` նույն ինքը` Լյուն-Տյուն-Պեն, պիտի որ կարդացած լիներ։ Իսկ եթե կարդացել է (անշուշտ, կարդացել է), ապա ինչո՞ւ է հանրահավաքներում անպատեհ ոգևորվում օտարերկրյա այս կամ այն գործչի հետ հանդիպման առիթով։ Բա չե՞ք ասի, ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հոֆերնը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա հանդիպել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսկցության պարագլուխների հետ։ Ինչպիսի՜ շնորհ… Թերթերը ողողված են նմանատիպ լուրերով։ Ա՛յ քեզ պատիվ, Լևոն Տեր-Պետրոսյանին, ազատ դեմոկրատներին ու նրանց, որ պիտի հանդիպի Ջոն Հոֆերնը, բայց դեռ պատիվ չեն ունեցել։ Եվ նրանք բարեպատեհ առիթը բաց չեն թողնում թանկագին հյուրի առջև հրճվանքից նվաղող սրտերով բաց անել մեր գաղտնիքը, այն է` Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիան, ժողովրդական ազատությունների բացակայությունը, կեղծված ընտրությունները, լրատվության սահմանափակումը, արդարադատության կախվածությունն իշխանություններից, իշխանությունների ծախվածությունը, ժողովրդի ունեզրկումը, մարդու իրավունքների ոտնահարումը, բնապահպանական խնդիրները, օլիգարխիկ մաֆիոզ կառույցները, ինֆլացիան, թանկությունը… Արի, արի, Ամերիկա։ Կարոտ ենք քո դեմոկրատիային… Քո, միայն քո դեմոկրատիային, հանուն որի Բալկաններում իր իսկ բանտախցում առեղծվածային մահով հոգին ավանդեց Սլոբոդան Միլոշևիչը, Միջագետքում Նոր տարվա նախաշեմին կախաղան հանվեց Սադամ Հուսեյինը (հարամելով աշխարհի Նոր տարին), Լիբիայում մոլագարների ոտնատակին գյուլախորով թավալվեց Քադաֆին, Եգիպտոսում մահվան մահճում դատարան քարշ տրվեց զառամյալ Հոսնի Մուբարաքը… Արի, արի, Ամերիկա, արի մեզ ազատի, արի մեզ էլ նախիր արա ու մեր ձեռքով մեր Սերժիկի հոգին առ։ Այլևս կասկած չկա, որ Ամերիկան աշխարհի ժանդարմն է։ Նրան օգնում են իր կրտսեր զինակիցները` Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Մեզ մնում է խնդրել, միայն խնդրել։ Եվ նա ամեն պայման կստեղծի, որպեսզի կախաղանի օճառված պարանը մեր իսկ «արդար» ձեռքով մեր վզին առնենք։ Ինձ զարմացնում է, շատ է զարմացնում արևմտյան երկրների հանուն «ժողովրդական արժեքների» ուրիշի օջախը մտնելու փութաջանությունը։ Մի հայ իրավապաշտպան էլ արդեն վազանցել է իր դեմոկրատ հայրերին։ Սա էլ եվրոպական կառույցներում խրոխտ ելույթներ է ունենում ու պահանջում Հայաստանը ճանաչել ագրեսոր։ Խեղճ Հայաստան, որ սրտի մեջ չես, այլ քարերի վրա ու քար սրտի տեր գրանտակեր մարդկանց գլուխներում։ Սա էլ է դեմոկրատական երազների մեջ. իջեք, իջեք, երազներ… երազներ զգույշ, երազներ քնքուշ, եկեք Հայաստանը գրավեք ու Ադրբեջանը հայ ագրեսորներից ազատեք։ Կգան։ Շատ որ ուզենք, կգան, բայց ոչ մեր շահի համար… Եթե իրենց շահը պահանջի, նրանք կմտնեն անգամ մեր ու մեր կանանց անկողին և դաս կտան, ժողովրդավարական մի լավ դաս կտան, թե ինչը ոնց անենք։ Եվ այդ ամենը կատարվում է «ժողովրդավարություն» բարեհնչյուն բառի տակ։ Կոմունիզմն էլ պակաս բարի չէր հնչում։ Կոմունիստներն էլ դա անում էին կոմունիզմի վեհ գաղափարների անվան տակ։ Հետո՞ ինչ… Աշխարհը բազմածավալ է, բազմազգ ու տարագույն… Ամեն ժողովուրդ իր տարածքն ունի, կերակուրն ու հագուստը։ Մենք էլ հայրենիք ունենք և ուտում ենք ու հագնվում։ Եվ հնարավոր է, որ նրանց երկիրը, կերակուրը մեր քիմքին ախորժելի չլինեն, կամ էլ նրանց հագուստը մեր հագով չլինի։ Պարոնա՛յք դեմոկրատներ, մեզ մի՛ զրկեք փոքր, թեկուզ և պստիկ ինքնուրույնությունից։ Դե, մեզ ոչ ոք չի կարող զրկել մեր ունեցածից, եթե գլոբալ իներցիային տուրք չտանք։ Այո, թեև մենք փոքր ածու ենք, բայց և արժանահիշատակ գործեր ենք հեղինակել։ Բայցևայնպես, մենք մեզ չենք հավատում։ Դարեր առաջ լալագին աղերսներով բեռնված մեր հայացքը Տիզբոն էր թռչում։ Այսօր էլ Տիզբոնից հեռու չենք։ Այս կերպ ես չեմ ուզում իշխանությունների երեսը լվանալ։ Քանզի այն թաղված է ցեխի, կեղտի ու մրի մեջ։ Բայց և Արևմուտքը չէ, որ այն պիտի լվանա։ Մեր դեմքը մենք պիտի լվանանք, մեր իսկ մաքուր ձեռքերով։ Պատմությունը մեկ-մեկ էլ հետ նայելու համար է։ Հետ նայենք, մեկ անգամ ևս կարդանք Խորենացուն ու առաջ անցնենք։ Եվ մենք մեզ կհավատանք։ Քանզի միայն Ավետարան կարդալով չէ, որ հավատացյալ են դառնում։

Դեկտեմբեր 12, 2011 
Լևոն Ջավախյան

http://archive-am.com/page/762292/2012-11-26/http://www.ejournal.am/news/society/2011-12-12/506/

No comments:

Post a Comment