Sunday, July 22, 2012

Նամակ Ավետիք Իսահակյանին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Նամակ Ավետիք Իսահակյանին

Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասին, թեև դու հարցնում ես։
Կարճ ասեմ. մենք թե՛դրսից և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջ է ճշմարտությունը։
Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։

Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։
1921 թ.

http://nor-ej.do.am/news/hovhannes_t'owmanyan/2012-03-30-553

ՀԱՎԱՏԱՓՈԽԸ

Ծեր քրիստոնյայի մեկը գնաց Պըլը-Պուղու մոտ, թե՝ ուզում եմ ճանապարհվել սուրբ Երուսաղեմ՝ մեղքերս քավելու։ Պըլը-Պուղին նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ կարիք կա այդքան երկար ճանապարհ կտրել օր ծերության, երբ մեր եկեղեցում կարող ես այդ նույն բանն անել»։ Ծերունին պատասխանեց. «Մեղքերս այնքան շատ են, որ չեմ ուզում զզվեցնել մեր աստծուն»։
Եվ Պըլը-Պուղին նրան մի առակ պատմեց.
«Մի ծերունի, երբ զգում է մահվան շունչը, կանչում է կողակցին, թե՝ գնա մոլլա բեր, բան ունեմ ասելու։ Կինը զարմանում է. «Ա՛յ հալևոր,- ասում է,- խելքդ հո չես թռցրել, մոլլայի հետ ի՞նչ գործ ունես»։
Հալևորը ձենն այստեղ բարձրացնում է. «Ա՛յ կնիկ,- ասում է,- խելքս տեղն է, գնա ինձ համար մի մոլլա գտիր»։
Հնար չկար, էս կնիկը մի մոլլա է բերում։ Մոլլան մոտենում է մահվան հետ կռիվս տվող ծերունուն ու հարցնում. «Ա՛ հայ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում»։ «Ուզում եմ հավատս փոխել, մահմեդական դառնալ»,- պատասխանում է հալևորը, և մոլլայի բուռը երկու ոսկի խոթում։
Մոլլան իսկույն գրպանից հանում է Ղուրանը, մի քանի բան կարդում ու ասում. «Ա՛ հայ, էսօրվանից դու ալլահի կամքով մահմեդական ես»։
Այս հալևորը մի կերպ գլուխը բարձրացնում է, ասում. «Փա՜ռքդ շատ, աստված, էս աշխարհից մի մուսուլման էլ պակասեց», ու նոր միայն հոգին ավանդում»։


ՄԱՐԴՈՒԴ ՏԱՐ, ԿԱՊԻՐ
Պըլը-Պուղին կանչում է Միրզա խանին.
- Միրզա խան, հե՜յ Միրզա խան։
- Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ,- հաչում է Միրզա խանի շունը։
- Միրզա խա՜ն,- ձայնն ավելի է բարձրացնում Պըլը- Պուղին, և կատաղած շունը դուրս է նետվում բակից ու հարձակվում նրա վրա։ 
Պըլը-Պուղին մահակով խփում է շան դնչին ու դառնում պատշգամբում կանգնած Միրզա խանի կնոջը.
- Աղջի, մարդուտ տար՝ կապիր, շանդ ասա դուրս գա, բան եմ ասում։

ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ԼԵԶՎԱԳԵՏ
Մելիք Շահնազարը շտապ Պըլը-Պուղուն կանչում է ու հարցնում.
- Պուղի, աշխարհում քանի՞ լեզու կա։
- Երկու հարյուր և մեկ։
- Իսկ դու քանի՞ լեզու գիտես։
- Երկու հարյուր։
- Այդ լավ է,- ասում է Մելիքը։- Քիչ առաջ մեր տունը մի մարդ է եկել, լեզուն չեմ հասկանում, գնանք տեսնենք ինչ է ուզում։
- Բա լավ, չիմացա՞ր, թե էդ մարդը որ աշխարհից է եկել։
- Հնդուստանից։
Պըլը-Պուղին քորում է ծոծրակը.
- Հա՜, Մելիքն ապրած կենա, լավ հիշեցի, աշխարհում մենակ հնդու լեզուն է, որ չեմ իմանում։
ՄԱՏԸ ԹԵԼ ԿԱՊԻՐ
Մելիքի մայրը մահանում է։ Թաղման ժամանակ Մելիքը գրկում է հանգուցյալի դագաղն ու ասում.
- Այա՜, ապուն կասես դարդ չանես, վրեդ էնպիսի գերեզմանաքար եմ գցել, որ չուտես-չխմես, թամաշա անես... Այա՜, ապուն կասես թոռներդ մեծացել, էսօր-էգուց պսակվելու են... Այա՜, ցավդ տանեմ, չմոռանաս, կասես Շահնազարն ասում է՝ հազար գլուխ ոչխար ես թողել, չորս հազարն եմ արել... Այա՜, յանի միտդ ես պահելո՞ւ…
Պըլը-Պուղին այստեղ բռնում է Մելիքի թևն ու ասում.
- Ա՛յ Մելիք, այան էդքան բաները ո՞նց միտը պահի, պառավ կնիկ է՝ մատը մի թել կապիր, որ չմոռանա։

ԱՆՁՐԵՎ
Մելիքը և Պըլը-Պուղին ձիերը հեծած վերադառնում էին հանդից, երբ հանկարծ սկսում է ուժեղ անձրևը։ Պըլը-Պուղին իջնում է ձիուց, շորերը հանում, դնում խուրջինում և դառնում Մելիքին.
- Ա՛յ Մելիք, դու ինչի՞ ես սպասում, շորերդ հանիր։
- Պուղի, ոնց որ գժվել ես։
- Մելիք, հետո կփոշմանես։
- Անձրևի տակ մենակ շաշերն են լողանում,- ծաղրում է Մելիքը։
Շարունակում են ճանապարհը, և վերջապես անձրևը դադարում է։ Պըլը-Պուղին խուրջինից հանում է չոր ու ցամաք շորերը և հագնում, իսկ Մելիքը, որ լավ թրջվել է, սկսում է սրթսրթալ։
Պըլը-Պուղին նայում է Մելիքին ու հարցնում.
- Հը՛, հիմա մեզանից շաշը ո՞վ է։
Մելիքն օրորում է գլուխը. 
- Ա՛յ Պուղի, համա աղվեսի խելք ունես, հա՜...
- Մելիք Շահնազա՛ր, էդ անձրևի տակ լավ չի՞ աղվեսի խելք ունենալ, քան ավանակի կողահաստություն։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» գրքից)

http://nor-ej.do.am/news/verjin_e'j/2012-03-30-542

Saturday, July 21, 2012

ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Այս առակում պատահեց հակառակը՝ գառը կանգնեց գայլի դիմաց ու սկսեց հայհոյել.
- Ա՛յ դու սրիկա գայլի լակոտ, այդ ի՞նչ իրավունքով ես հարձակվել հոտի վրա, պոկել իմ ցեղակիցների փափուկ դմակները։
- Ներիր, գառնուկ ջան,- պատասխանեց գայլը,- եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես սկի մսակեր էլ չեմ:
- Քո եղբայրը հո մսակե՞ր է։
- Ես մորս միակ զավակն եմ։
- Քո հայրը…
- Իմ հայրը քաղցից մեռավ։
- Ուրեմն՝ քո քեռին է։
- Ես քեռի չունեմ:
- Ձենդ կտրի՛ր, ավազա՛կ,- գոչեց գառը,- հիմա քո մսակեր ցեղակիցների ոխը քեզնից կառնեմ։
Գայլը թակարդում էր…

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

ԱՆՀԱՋՈՂ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Աղվեսն ամեն կերպ աշխատում էր դուր գալ պետ վագրին։ Դե, մեջտեղ պաշտոնը բարձրացնելու հարց կար։
Եվ ահա եկավ հարմար պահը՝ հանկարծամահ եղավ վագրի կողակիցը: Աղվեսն այդ օրն այնքան արցունք թափեց, այնքան հառաչեց ու ծեծեց գլուխը, որ վագրը սկսեց կասկածել. «Կա-չկա, այս անիծվածը կնոջս սիրեկանն է եղել»։
Հաջորդ օրը աղվեսն ազատվեց պաշտոնից։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Ինչպես ասված է առակում՝ ագռավը մի գունդ պանիր առավ ու թառեց ծառին։ Աղվեսը կանգնեց ծառի տակ, փառաբանեց ագռավի անուշ ձայնն ու խնդրեց մի բան երգել։
Ագռավը, ինչպես ասված չէ առակում, կուլ տվեց մի գունդ պանիրն ու գոռաց.
- Ապո՛ւշ, ես դիրիժոր եմ և ոչ թե երգիչ։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞...

Մուրացիկները հասարակության անբաժանելի մասն են կազմում՝ անկախ պետության սոցիալական հնարավորություններից: Մարդկանց այս կատեգորիան շատ հաճախ իրենց կենսակերպին վերաբերվում են իբրև աշխատանքի, և դրամ են վաստակում ի հաշիվ խղճահարության: Հատկապես կենտրոնական փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել մուրացկանների: 
Լույս աշխարհ է գալիս մանկիկը, թոթովում է առաջին բառերը, փորձում է քայլել, անցնում է մի քանի տարի և նա արդեն հասուն պատանի է: Ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան: Ո՞վ պետք է լինի նա՝ լավ մա՞րդ, նվիրված և անկեղծ անձնավորությո՞ւն, թե՞ անպետք և պատուհաս ծնողների համար: Կարծում եմ՝ ամեն ինչի դիմագիծը գծում է ժամանակը: Ուրեմն՝ ապրենք ճիշտ և քայլենք ժամանակին համընթաց: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն փորձում է հնարավորինս լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները: 

Ովքե՞ր են մուրացկանները, ի՞նչն է մուրացկանության դրդապատճառը և ի՞նչ հետևանքներ այն կարեղ է ունենալ: 
Մուրացկաններ կարող են լինել երեխաները, երիտասարդները, ծերերը, հաշմանդամները, հոգեկան խանգարում ունեցողները, հասարակության տարբեր շերտերի մարդիկ՝ երաժիշտ-նվագողներից մինչև ապրուստի տարրական միջոցներ չգտնող այլ անձինք: Ոմանք այդ քայլին գնում են ելնելով իրենց սոցիալական ծանր վիճակից: Բայց այդ ճանապարհին անցնում են բավականին հոգեկան ծանր ուղի, որը ոմանց ստիպում է որպես ելք գտնել հանցագործ ճանապարհը։ 

Շատ անչափահաս երեխաների մուրացկան դառնալուն նպաստում են ծնողները. սպառնում են իրենց երեխային, ծեծում, որպեսզի մի կտոր հաց գողանա: Երեխան էլ չունենալով ելք և oգնություն, դիմում է այդ քայլին, և դա ժամանակի ընթացքում դառնում է սովորություն, որի արդյունքում կորցնում է բոլոր բարոյական արժեքները։ 
Շատ հաշմանդամներ էլ չկարողանալով իրենց գոյը պահպանել, դիմում են այդ քայլին: Փողոցում հանդիպում ես երգիչ-երաժիշտների, որոնք օժտված են հիանալի ձայնային տվյալներով, և երբ նվագում կամ երգում են, ասես քո հոգում արձագանք են գտնում այդ երգի մեղմահնչյուն ելևէջները: Բայց, չէ՞ որ սա էլ է համարվում մուրացկանության մի ձև: 

Իսկ եթե հարցը դիտենք մեկ այլ կողմից և դիտարկենք հետևյալ հանգամանքը. գո՞ւցե այդ նույն նվագողները, այդ արարքում այնքան էլ մեղավոր չունեն: Չէ՞ որ նրանք դրամ չունենալու պատճառով, չեն կարող հանդես գալ բեմերում, հեռուստաստուդիաներում, որևէ այլ կերպ ցուցադրել իրենց տաղանդը... 
Երևույթը խորն է ու հին։ Ամեն դեպքում պետք է գիտակիցմի ելք գտնել։

ԱՆԳԵԼԱ Ս:

www.report.am

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Մենք դեռ պետություն չենք։
Մեր պետականությունը ստեղծելու համար դեռ վիթխարի աշխատանք է պետք։ Շատ ցավում եմ, որ դա դանդաղ է ընթանում։ Բայց միայն նախագահը, նախարարները, այսինքն՝ իշխանությունը, միայնակ չեն կարող պետություն կառուցել։
Մի դերասան Հրաչյա Ներսիսյան անունով պատերազմից հետո այս ծեծված,  հույսը կորցրած ազգին ոտքի կանգնեցրեց։ Ինչպե՞ս։ Իր դերերո՛վ, իր պահվածքո՛վ։ Բոլորին կարծես ասաց. «Նայեք ինձ և նմանվեք ինձ, դուք վատը չեք»... Եվ ազգը հետևեց նրան։

Հիմա ես երբեմն նայում եմ մեր սերիալներն ու մտածում. էս կապիկությունները, որ անում են՝ ինչի՞ համար են, որ ի՞նչ սովորեցնեն։ Էս բռնությունները ինչո՞ւ են ցույց տալիս։ Օգտվելով առիթից, ավելացնեմ. ի՜նչ հրճվանքով բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին, որ մի ինչ-որ տականք բռնաբարել է մի պառավ կնոջ։ Դա հաղորդելո՞ւ բան է։ Դա ո՞ւմ է պետք։ Ո՞ր աշխարհում չկա տականքություն, ավազակություն...

Գիտե՞ք ինչ։ Իհարկե, կոչ չեմ անում, որ լինի գրաքննություն, բայց իշխանությունները մատը պիտի պահեն այ էդ զարկերակի վրա, տեսնեն ի՞նչ ենք դաստիարակում վերջապես։ Վաղը ի՞նչ ենք դառնալու։ Ի՞նչ կարիք կա 5 րոպե ցույց տալու սպանված, արյունոտ մարդուն... Եվ ցույց են տալիս հաճույքո՛վ։ Վթարները՝ հաճույքո՛վ։ Ո՞ր երկրում չեն լինում վթարներ... Սա ի՞նչ բան է, սա ի՞նչ բարբարոսություն է ազգի նկատմամբ, սա ի՞նչ բարբարոսություն է երեխաների նկատմամբ...

Չի ձևավորվում հայկական հասարակությունը, չի ձևավորվում էլիտան՝ հենց այս պատճառով։ Եվ բոլորն ասում են, որ այս է ուզում ժողովուրդը։ Ո՛չ։ Ես  շատ եմ շրջում և գյուղերում մարդ չեմ տեսել, որ գոհ մնա։ Ինձ շատ մարդիկ նույն խոսքն են ասում. բա մեր հին ֆիլմերը տասը անգամ նայում եմ, իսկ սրանք ի՞նչ են անում...
Ո՛չ, դուք ժողովրդի ուզածը չեք անում։ Դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին... Այդ երիտասարդներին, որ այդ կապկություններն անում են, հարցրել եմ՝ էդ քո հոր նմա՞ն ես, քո հորեղբոր նմա՞ն ես, քո հարևանի նմա՞ն ես, էդ տեսակ հայ որտե՞ղ ես տեսել։ Էդպես խոսել կլինի՞, որ դուք խոսում եք։ Փողոցային լեզուն, փողոցային արտահայտությունները դարձրեցիք օրենք...

Ես չեմ կարող այս բոլորի հետ հաշտվել։ Մեկ-մեկ մտածում եմ. դա քո գործը չի, քո ժամանակը անցավ... Բայց ես չեմ կարողանում, հոգիս պատռվում է։ Մեր երեխաները սրանք նայո՞ւմ են։ Նայո՛ւմ են։ Ի՞նչ մի մեծ բան է, որ մերկ կինը ցույց եք տալիս։ Կին է, իր ընտանիքն ունի, ես ինչո՞ւ պիտի տեսնեմ նրա ազդրը... Ամոթ բան է։ Գետինը մտնելու բան է։
Եվ պարտադրում են։ Մենք էդ ազգը չենք եղել, մենք էդ ժողովուրդը չենք եղել։ Նորից եմ ասում, ես հարցնում եմ՝ ում, որ ցույց ես տալիս, մի հատ քո կողքին նայիր տես հայրդ, քեռիդ, եղբայրդ, մայրդ այդպիսի՞ն են, այդպե՞ս են խոսում, այդպե՞ս են իրենց պահում, այդպիսի կապկություննե՞ր են անում, այդպիսի այլանդակ արտահայտություննե՞ր են անում։ Այս ի՞նչ բան է։

Ժամանակն է զգաստանալ։ Իմ տարիքի բարձրությունից ես իրավունք ունեմ ազգին դիմել. ՀԱՅԵ՛Ր, ԶԳԱՍՏԱՑԵ՛Ք, ԱՅՍՊԵՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, մենք կկործանվենք, ոտի տակ կկորչենք...
Իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ այն, ինչ արվում է հեռուստատեսությամբ, այն, ինչ քարոզվում է հեռուստատեսությամբ, այլևս հանդուրժել չի կարելի, պետք է դադարեցնել։

Ես առաջին հերթին դիմում եմ մեր իշխանություններին։ Հարց եմ տալիս. մի՞թե ձեզ համար միևնույն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենաք։ Ճշմարտություններ կան, որոնք երբեք չեն հնանում։ Առաջին ճշմարտությունը հետևյալն է. արվեստը ճաշակ է, այլապես դառնում է գռեհկություն։ Արվեստը պետք է ծառայի ժողովրդին, այլապես դառնում է անիմաստ, դատարկ խրխնջոց... Ներողություն կոպիտ խոսքիս համար...
Ի՜նչ ճաշակ և ի՜նչ արվեստ ունեինք։ Չի կարելի արմատից կտրվել։ Ամեն մի դերասան, ամեն ոք, որ դուրս է գալիս էկրան, բեմ, պարտավոր է մտածել այն մասին, թե ինչ տպավորություն է թողնում... Լավ, ենթադրենք կան դրանց նման հիմարներ, որ ծիծաղում են։ Մատ էլ ցույց տաս՝ ծիծաղում են։ Հետո՞...

Բայց ենթադրենք, որ ժողովուրդը դա է պահանջում։ Բարի եղեք դուք՝ որպես մտավորականներ, հայ մարդիկ, անհանգստանալ, ժողովրդին բարձրացնել, ճաշակը բարձրացնել...
Լսում եմ երգեր։ Սա արաբերեն է, թուրքերեն է։ Խոսքերը հայերեն են, երաժշտությունը մերը չի։ Մեր երաժշտությունը կարելի՞ է կորցնել։ Գիտե՞ք դա ինչ գանձ է... Շատ բան ենք կորցրել։ Ամենասոսկալին, ամենածանրը ինձ համար՝ որ մեր մտավորականությունը, նրանք, որ փոքրիշատե մտավորական են՝ լռում են, չեն խոսում, չեն բողոքում, չեն ճչում. «Այս ի՞նչ եք անում։ Այս ո՞ւր եք տանում ազգին»։

Մի՛ կարծեք, որ միայն հեռուստատեսությունն է այդպես։ Սա տարածվում է նաև Ազգային ժողովի վրա, որ համարյա այդ մակարդակին է։ Տարածվում է մեր նախարարություններում, մեր բանակում։ Սա սոսկալի երևույթ է, ամենացածր ճաշակը թելադրում են ազգին։ Չի կարելի թույլ տալ։ 
Նորից եմ կրկնում. մենք հասել ենք այն կետին, որ այլևս նման բան չպիտի հանդուրժենք։ Մենք ազգովին պիտի բողոքենք, պայքարենք։ Մեր իշխանությունները պետք է շատ մտահոգվեն այս հարցով, որովհետև մենք երեխաներ ենք դաստիարակում, ովքեր վաղը դառնալու են այս երկրի քաղաքացիները, որոնք պիտի պաշտպանեն այս երկիրը, որոնք պիտի շենացնեն այս երկիրը։

Իհարկե, լուսավոր բաներ էլ կան։ Այն կոոպերացիաները, որ սկսեցին ստեղծել գյուղերում, ինձ ուրախացնում է։ Համոզված եմ, որ դա է ճանապարհը... Բայց այս մեր հեռուստատեսությունը... Ես, որ նախագահ լինեի, կփակեի, պետք չէ մեզ այդ հեռուստատեսությունը...

Մենք ընկել ենք ամենավատ բաներով լի մի կաթսայի մեջ և չենք կարողանում դուրս գալ։ Բայց պետք է դուրս գանք այդ կաթսայից։ Ժամանա՛կն է։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կործանվում է։ Ամեն ինչ...
Մեծ փոփոխություններ են պետք մեր վերևներում։ Մեծ փոփոխություններ։ Հայ ազգում սփռված են գոհարներ, մարգարիտներ։ Պետք է դրանց ճանապարհ տալ։

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ
slaq.am

http://nor-ej.do.am/news/sos_sargsyan_mec_39_p_39_op_39_oxowt_39_yownner_en_petq_xosq_mer_sireli_y_39_nkeroj_hishatakin/2012-03-02-522

Wednesday, July 18, 2012

Տեսա Անին

25/10/2011

Արդահան մտանք: Ազերիներով եւ քրդերով բնակեցված այդ գյուղաքաղաք հիշեցնող բնակավայրում երկար փնտրում էի հայկական մի բան: Չգտա: Անդարձ կորստի, ուշացածի զգացում ապրեցի, ամեն ինչ այնքան օտար էր, ասես այդտեղ չեն ապրել բարձր մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող հայ մարդիկ, ասես միշտ այդպես հետամնաց եւ անկիրթ ցեղեր են եղել, որոնց սիրելի զբաղմունքները` անասնապահությունը եւ առեւտուրը, ընդհատվում են միայն մի վայնասունով, որն իրենք համարում են կրոնական արարողություն: Ես չգիտեմ` ինչ անել, ինչ ասել…
Կարսում հայերեն խոսող մարդկանց հանդիպեցինք: Թեեւ հայերեն հասկանում էին եւ հայի աչքեր ունեին, բայց մեզ մոտ ի սկզբանե անվստահություն կար նրանց հանդեպ: Իմ ընկերներին առաջարկում էի զգուշանալ` թուրքը թուրք է մնում: Երբ մենք երգեցինք մեր ազգային երգերը, նրանք սկսեցին արտասվել: Կասկածները ցրվեցին, որ նրանք կարող են թուրք լինել:
Առանց հայաբար հրաժեշտ տալու` գնացին: Թերեւս մենք միմյանց տվեցինք այն, ինչ կարող էինք:
Շարժվեցինք դեպի Անիի ավերակներ:
Ճանապարհին Դանիել Վարուժանի "հուշիկ-հուշիկ արթնացող ցորյանների ծովերն" էին ու անսահման ազատություն, որից դավի, ատելության եւ արյան հոտ էր գալիս:
Սարսափով էի մտածում, որ Անիից էլ կարող են անդարձ ջնջած լինել մեր հետքերը: Տեսա Անին, տեսա մեր գանձերը, փառք Աստծո, հնարավոր չէ մեզ ջնջել Անիից, թեեւ ամեն տեղ իրենց դրոշն են բարձրացրել, ինչ-որ թուրք ոճրագործների լուսանկարներ փակցրել (անգամ Անիի պարսպի վրա): Ամեն քայլափոխի թուրքական "Jandarma"-ն էր, որ թուրքաբար չէր հասկանում. սա մեր հայրենիքն է` մեր Արեւմտյան Հայաստանը, հիմա մենք մեր ավերակ դարձած եկեղեցիներում մոմ ենք վառում, աղոթում, մեր հողում երգում եւ պարում… Մենք էինք ու մեր գանձերը` գիտակցումով, որ ուր մեր գանձերն են, այնտեղ եւ մեր սրտերը կլինեն…
Կարսում գտնվող հյուրանոցի սպասարկողներից մեկն անվերջ թեյ եւ շաքար էր բերում: Նրա ժպիտ հիշեցնող ծամածռությունն ամենաշատն էր ազդում վրաս: Տպավորություն կար, թե լավ մարդ է:
Իմ ընկերներին առաջարկում էի զգուշանալ` թուրքը թուրք է մնում: Սուրճ խնդրեցի: Առաջարկեց ինքս պատրաստեմ:
Այդ ընթացքում ասացի, որ ատում եմ իր ժողովրդին: Հետաքրքրվեց` ինչո՞ւ: 
Որովհետեւ քո նախնիներն իմ նախնիների հետ վարվել են այնպես, ինչպես չեն վարվում ոչ մարդը մարդու հանդեպ, ոչ մարդը` կենդանու, ոչ կենդանին կենդանու հանդեպ, ոչ կենդանին` մարդու…
Թերեւս ազդվեց, որ ասաց. "Իսկ դու գիտե՞ս` ինչ է նշանակում թուրք լինել:
Նշանակում է անգամ իմ երկրում անարժեք համարվել, նշանակում է օտարներին վաճառված տեղերում որպես բատրակ աշխատել…": Այնքան բան կա ավելացնելու` թուրք լինել` նշանակում է սրիկա լինել, եւ դա մեղմ է ասված, թուրքն արդեն հայհոյանք է, նշանակում է  1.5 միլիոն հայի տեղահան անել ու սպանել…
Նա ինձ ընդհատեց եւ առաջարկեց ցանկության դեպքում կրկին սուրճ պատրաստել: Ինչպես գիտենք` թուրքը թուրք է մնում: Ասացի` դու հոգով մարդասպան ես: Լուրջ չընդունեց` ասելով, թե վատատեսությունս պետք է հիմք ունենա: Ընդամենը մի օրինակ. հայ մեծանուն գրող Գրիգոր Զոհրապը ժամանակին մոտ էր Թալեաթի հետ:
Ժամանակին Զոհրապի մայրը Թալեաթի սիրած կերակուրներն է պատրաստել եւ հյուրասիրել նրան: Նույն Թալեաթն է ստորագրել Գրիգոր Զոհրապին եւ Թուրքիայի մեջլիսի մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին ձերբակալելու հրամանը:
Զոհրապին քարերով են սպանել, իսկ նրա ձեռքի ժամացույցն ու մատանին Ուրֆայի շուկայում վաճառքի են հանել: Հիմա հասկանո՞ւմ ես, որ դու թուրք ես, եւ դա ինձ համար հայհոյանք է…
Ախուրյան գետի երկայնքով ձգվում են փշալարերը` "թուրք-հայկական" սահմանը:
Մենք մեր հողում էինք եւ փշալարերով բաժանված էինք մեր հող ու ջրից: Սա ես ինչպե՞ս հասկանամ, հիմա ես ի՞նչ ասեմ գլոբալիզացիայի եւ բաց սահմանների գնացող այս կույր, խուլ ու համր աշխարհին, ինչպե՞ս փորեմ-հանեմ բոլորի աչքերը, եւ տեղը մտցնեմ Թուրքիայի դրոշը կամ ինչ-որ թուրք ոճրագործների լուսանկարներ… Ինչպե՞ս փորեմ-հանեմ իմ աչքերը, սիրտը, կտրեմ իմ լեզուն, ինչո՞վ  խցեմ իմ ականջները,  որ գիտեմ, տեսնում, լսում եւ զգում եմ այս ամենը, ու չգիտեմ ինչ անել, ինչ ասել …
Մենք վերադարձանք` այնտեղ թողնելով մեր գանձերը` հայրենիքի մի մասը, մեր ծպտյալ հայրենակիցներին, մեր անհետացող հետքերը, մեր հողը, ջուրը, քարերը, սարերը, վանքերը, մեր սրտերը` գիտակցումով, որ ուր մեր գանձերն են, այնտեղ եւ մեր սրտերը կլինեն…  Մենք մեր սրտերը թողեցինք հետամնաց եւ անկիրթ մի ցեղի մոտ, որոնց սիրելի զբաղմունքները` անասնապահությունը եւ առեւտուրը, ընդհատվում են միայն մի վայնասունով, որն իրենք համարում են կրոնական արարողություն: Լավ, ասենք, թե ես չեմ, դուք եք. ասե'ք` ինչպե՞ս փորեմ-հանեմ իմ աչքերը, սիրտը, կտրեմ իմ լեզուն, ինչո՞վ  խցեմ իմ ականջները, ինչպե՞ս պատժեմ ինքս ինձ, որ գիտեմ, տեսնում, լսում եւ զգում եմ այս ամենը, ու չգիտեմ ինչ անել, ինչ ասել …

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://www.report.am/news/society/tesa-anin-siran-grigoryan.html

Tuesday, July 17, 2012

ՔՈ ՃԱՄՓԱՆ

Քո ճամփան՝ այնքան պարզ
Ու այնքան արևոտ,
Իմ Ճամփան ծուռումուռ
Ու մի քիչ անձրևոտ։

Դու սիրում ես նայել,
Օրվա բաց աչքերին,
Ես միայն հավատում եմ, Գիշերն՝ աստղերին։

Դու ասում ես, որ գիշերը Հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում
Ու փնտրում եմ երգեր։

Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելիս։

Դու ասում ես, որ կյանքում Հարկավոր է պայքարել,
Բայց ես, թանկագինս,
Հոգնել եմ, հոգնել։

Դու ասում ես սիրիր,
Ու կյանքին հավատա,
Ես իմ մահն եմ փնտրում,
Տես շուտով նա կգա։

Դու ասում ես՝ սիրիր
Ու կազմիր ընտանիք,
Բայց ես չեմ ուզում դառնալ
Մի կնոջ խաղալիք։

Ես գիշերն, ինչպես միշտ, Հարբած տուն կդառնամ
Ու շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան։

Եվ եթե իմ գործերը
Ընկնեն դատարան,
Ու եթե այնտեղից
Ես մի օր տուն դառնամ։

Ես շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան,
Երբ գիշերն, ինչպես միշտ,
Գինովցած տուն դառնամ։

Դու ասում ես, որ ես կյանքը
Դեռ չեմ հասկանում,
Որ ես քիչ եմ ստանում,
Որ ես շատ եմ ծախսում։

Ես գիտեմ, որ մարդիկ
Մի անգամ են ապրում,
Մի անգամ են սիրում,
Մի անգամ են մեռնում։

Եվ եթե մեզ Աստված
Թևեր չի ընծայել
Նաև չի պարտադրել
Առնետի պես ապրել։

Եվ եթե այս տարի
Ճոխ չանցավ նոր տարին,
Միևնույն է, գարնանը
Կծաղկի իմ այգին։

Ռուբեն Հախվերդյան:

Շատ տեղերում

Րաֆֆի

«Շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերանում սովորական է դարձել, բայց ես չտեսա մի հայ կին, որ խոսեր թուրքերն կամ գիտենար այդ լեզուն: Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը հայ կինն է: Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ:
Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում: Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական նորմերը»:

Sunday, July 15, 2012

Արևելքի Ստվերը

Սեպտեմբեր 03, 2011
Լևոն Ջավախյան

Իմ ընկեր Վազգենն այնքան է սիրում իր ծննդավայր Ախթալան, որ նույնիսկ կնոջ խանդն է շարժել: Կինն ասում է` որ իմանայի ինձ էլ այդքան կսիրեիր, անունս կդնեի Ախթալա…
Ծամոնը բերաններին երկու աղջիկներ մոտեցան արծաթեղենիս: Մատանի էին ուզում գնել: Մեկիկ-մեկիկ զարդերը զննում էին, իրար երեսի նայում, ասում` օքեյ, գինն էին հարցնում, էլի տեղը դնում, ասում` օքեյ, նորը վերցնում, դնում մատներին, ասում` օքեյ…
Որ շատ "օքեյ" ասեցին ու իրար երեսի նայեցին, էլ չդիմացա:
Ասի` աղջիկներ, հայ եք, չէ՞… "Օքեյ"-ը ո՞րն ա… Բանի տեղ չդրեցին: Անվրդով իրենց ծամոնն էին որոճում: Աննկատ մեզ էր մոտեցել Լուսիկ Ագուլեցին` հայտնի նկարչուհին, ինչպես միշտ, մինչև կրունկները հասնող երկար տարազով, իրանն ի վեր արծաթյա հին զանգուլակներով, կոպիտ ապարանջանով, մատանի օղերով ու մանյակով, և որ էական է, սև հյուսկեն մազերի վրա եռանկյունաձև վառ նախշերով կարպետագործ թասակով: Խաղողի ողկույզների նման սև-սև աչքերն աղջիկներին հառած` նրանց էր տնտղում:
Մեկ էլ որտեղից որտեղ նրանցից մեկը մի գոնդոլ մատանի նկատեց:
Վայրենի ուրախությամբ ամեհի կրծքերն առաջ նետեց, մատանին հափշտակեց ու բացականչեց.
-Վաո~ւ… Դա ջղերիս սաստիկ ազդեց:
Բայց Լուսիկ Ագուլեցին ինձ կանխեց: Ասաց.
-Աղջիկ ջան, էդ "վաու"-ն որտե՞ղ ես սովորել… Չլինի՞ պապդ տատիդ տեսնելիս ասել ա` վաո~ւ… Նրան էլ բանի տեղ չդրեցին:
Անվրդով իրենց ծամոնն էին ծամում ու գոնդոլ մատանին շուռումուռ տալիս:
-Գիտե՞ք էդ "վաու"-ն ոնց ա առաջացել,- տեսնելով, որ աղջիկներն իրեն չեն լսում, հուսահատ ինձ դարձավ,- սրանց նման մի ամերիկուհի որ առաջին անգամ տղամարդու անդամ է տեսել, զարմանքից ցնցվել է… Ու նրա բերանից ճիչ է թռել` վաո~ւ… Աղջիկների ուշքն ու միտքը գոնդոլ մատանին էր:
Աջ էին շրջում` վաու էր, ձախ էին շրջում` վաու էր…
Բերանի մեջ հանգիստ, փափուկ ու խաղաղ հունցվում էր եվրոպական գաթան` աբորիգեն ծամոնը:
Այսպիսին է կյանքը:
Այս աղջիկները, այն տղաները, նրանք, գուցե և մենք մեր ինքնությունը փորձում ենք փնտրել մի այլ տեղ, որտեղ, սակայն, այն չկա:
Մենք երես ենք դարձնում ավանդներից, լեզվից, մշակույթից, գենից…
Երես ենք դարձնում մեր ակունքից: Ուրիշին ենք սիրում: Պոռնկանում ենք:
Եվրոպայում գերադասում են սեքսուալ տեսքը: Մենք հետ չենք մնում: Գլոբալ քաղքենիությունը լայնորեն ընդգրկում է մտավորական շրջանակներ:
Մտավոր սերուցքի բաղձանքն Արևմուտքն է:
ՙՄենք եվրոպական արժեքների կրողն ենք՚,- հպարտությամբ ճամարտակում են նրանք հեռուստաէկրանից, թերթերից, գրքերից, մանր ու մեծ ամբիոններից…
Նրանց հիմնական փաստարկը քրիստոնեական դավանաբանությունն է և դրա հետ կապված մշակութային ու հոգևոր ձեռքբերումների միանմանությունը:
Եվրոպական արժեքների աներկբա ընդունումը երբեմն էլ արևմտականներին հասցնում է արևմտամեռության վիհին:
Կարծես թե արևելքցին չի կարող քրիստոնյա լինել, իսկ եթե կարող է, ապա չի կարող արևմտամետ չլինել:
Վերջիվերջո, ինքնամոռաց ջանքով ինչո՞ւ ենք տենչում նմանվել եվրոպացիներին կամ ամերիկացիներին` երբեմն էլ այն աղջիկների նման ՙհաջողությամբ՚ կապկելով նրանց:
Ի՞նչ ենք շահում և ի՞նչ կորցնում…
Ժողովրդավարությո՞ւն, ազատությո՞ւն, հոգևոր հարստությո՞ւն, թե՞ այդ ամենի քողի տակ ծպտված գռեհկություն, այլանդակություն, այլասերում…
Եվրոպայի մեծագույն արժեքը ազատությունն է: Մեզ համար այն ավելի շուտ ազգային ավանդները քայքայելու ազատությունն է…
ՙԷս ի՞նչ քյաֆուր դարի հասանք՚,- կասեր Արևելքի մեծ պոետը:
Ժամանակին Արևելքը չէր, որ Արևմուտք էր ձգտում: Այն ժամանակ բոլոր ճանապարհները տանում էին Արևելք:
Այդ ճանապարհով եկավ նաև առաջին աշխարհաքաղաքացին, առաջին տիեզերականը` Ալեքսանդր Մակեդոնացին:
Նա եկավ թեկուզև այն բանի համար, որովհետև արեգակը արևելքից էր ծագում:
Մակեդոնացին դեպի լույսն էր գնում: Նա իր ազգային պատկանելությունն Արևելքում չկորցրեց, այլ վերագտավ` ընդունելով նրանց լեզուն, մշակույթը, տարազը, սովորույթները, աստվածներին և նաև կանանց:
Առաջին աշխարհաքաղաքացին Արևելքում էր, որ սկիզբ դրեց քաղաքակրթության վիթխարի առաջընթացին` հելենիզմին:
Նրա մարմինն ու հոգին դեպի լույսն էին արշավում, դեպի արևելք, շարունակ արևելք…
Իսկ Արևմո՞ւտքը…
Արևմուտքը սոսկ Արևելքի ստվերն էր…
Դեպի ուր, ավաղ, հիմա ձգվում են մեր քարավանները…
Դեպի այնտեղ, դեպի մայրամուտ…
Մեղքս ի՞նչ թաքցնեմ, իմ ոտքը Շնողից այն կողմ չի գնում, բայց միտքս շարունակ թռիչքի մեջ է: Ես Արևելք եմ թռչում` դեպի ձյունափառ Տիբեթ, դեղնակարմիր Չինաստան ու մի քիչ էլ այն կողմ` կապույտ Ճապոնիա: Եվ այդ ժամանակ ես ինձ ավելի եմ հայ զգում: Ես սիրում եմ արևին ընդառաջ գնալ: Իսկ միգուցե արեգա՞կն է ինձ ընդառաջ գալիս: Այլապես որտեղի՞ց են սերվում իմ պատմությունները…
Հավանաբար ոտքիս տակից (արևելյան մի երկրից), թերևս մտքիս ծայրից, որ արեգակից է թելվում…

www.ejournal.am/news/society/2011-09-03/263/

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ - ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
* * * *

Փողոցում մի երիտասարդ հարցրեց ինձ.
- Ինչպե՞ս կարելի է մտնել Սովետական գրողների միության մեջ:
- Մի ժամանակ շատ հեշտ էր, - պատասխանեցի,- ինչպես կլիզման հիվանդի հետույքը մտցնելու համար գործիքի ծայրը օճառին են քսում, այնպես էլ այդ Միության մեջ մտնողը պետք է իր գրչի ծայրը Ստալինին քսեր: Ուզում եմ ասել՝ մի ներբող գրեր Ստալինի մասին:
Հիմա Ստալին չկա. նրա տեղը Խրուշչովն է նստած: Չգիտեմ Խրուշչովին քսելով կարելի՞ է մտնել, թե ոչ: Պետք է փորձել...
1962թ.
* * * *

Ինչպես դերասանը չի կարող բեմ բարձրանալ իր սեփական շորով ու սեփականդեմքով, այնպես էլ գրողը չի կարող Հայաստանի գրողների շարքը մտնել իր սեփական ճաշակով, սեփական համոզմունքով ու սեփական լեզվով։
Անմիջապես քեզ կուլիս քարշ կտան, նոր լեզու կդնեն բերանդ ու բեմը կհրեն ասելու այն, ինչ «հուշարարը» ականջիդ կշշնջա։
Իսկ այս՝ ռուսերեն ասվում է «խոսքի ազատություն»...
* * * *

Այն կրոնը,որ Աստված է փնտրում ու չի գտնում,բանական է,բնական է ու մարդու էությունից է բխում:
Այն կրոնը,որը գտել է իր Աստվածը ու սկսում է պաշտել նրան, դա կռապաշտություն է:
* * * *

Ես արդեն ի բնե խոնարհ` սոցիալիստական զրկանքն էլ եկավ վրան։
Այսօր գլխահակ, վշտերիցս օրորվելով, երբ անցնում էի փողոցով, մեկ էլ հանկարծ ընդվզեցի եւ գլուխս բարձրացնելով` կամեցա նզովել Աստծուն։
Այդ միջոցին նկատեցի, որ գլխիս վերեւում ակացիաները ծաղկել են արդեն, եւ ծառերը սաղարթակալել։
Գարո՞ւն է արդեն, զարմացած ասում եմ ինքս ինձ, իսկ ես կարծում էի` դեռ ձմեռ ենք ապրում։
Այստեղից եզրակացրի, որ մարդս իր կյանքում գեթ մեկ անգամ ընդվզելու է, որ առիթ ունենա գարունը վայելելու…։
* * * *

Պետություն ըսածդ կոոպերատիվ խանութ մըն է, որոնց բաժանորդները նույն ազգի հարուստներն են. նախարարները գործավարներն են այդ խանութին, որք առանց պատշաճ օրդերի ոչինչ չեն տար ազգի մը...
Ազգ մը հույսը ոչ սեփական և ոչ առավել ևսօտար պետությանց վրա դնելու է, ան միայն իր ուժերուն վրա վստահելու է...
* * * *

Ինչպես կատուները փուչ ընկույզի հետ ավելի երկար են խաղում՝ քան լիքի, այնպես էլ կառավարությունն ամիսներով ռեկլամում ու թմբկահարում է այն ընտրությունները, որոնք ժողովրդի սրտին ոչինչ չեն ասում, ավելորդ են, նվաստացուցիչ և անբովանդակ։
* * * *

Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն՝ մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կը տեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։
Տե՜ր, տե՜ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ ղրկե, տե՜ր...
Տե՜ր, չէ՞ երեկ էր, որ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսեցի՞ր որքան ծանր էր մեր կացությունը. չտեսա՞ր, որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը ճակատը պահելու մեջ է...
Տե՜ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե թշնամուց՝ ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կը հանեմ ազատվածերկիրը կառավարելու համար, տե՛ր...
Կաղաչեմ, ո՜վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտի վրա ավելցո՛ւր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։
Ու եթե կարելի է, պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ...
Ազգին տուր...
Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս ամեն...
* * * *

Հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։
* * * *

Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ։
Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուռս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար։
Գանձարանի մեջ կեռա, եփ կուգա նոր թղթադրամը, մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին... հաշիվները։ Իր հովանու տակ կգտվին հսկա "Կոոպերատիվներու միությունը", որուն մեջ թաթերը լիզելով ել ու մուտ կնեն հազարավոր պաշտոնյաներ։
Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջ սեր կերգեն։
-Սեր, գինի, երգ,- ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արևելյան իմաստով պետություն կազմելու համար։
* * * *

Եթե մարդն աշխարհ գալիս մի բան չի վերցնում անցյալից և մի բան չի թողնում ապագային, ապա դրան դուրս պիտի գլորել մարդկային շարքից՝ որպես շինության համար անհարմար կլոր քար։
* * * *

Չորսը տարին լրացավ, ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ։
Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում։ Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում։
Երբ այդ այդպես է, զարմանում եմ, ի՞նչ կարիք կա անհանգստացնել մեր ղեկավարներին։ Հազիվ են տեղները տաքացրել, թող նստեն, էլի։
* * * *

Գաղափարը պիտի դավանեն միայն Հովբ Երանելիները։
Գաղափարը զոհ է պահանջում, նա բարիքների ամբար չունի իր դավանողի առաջ և բաց անելու համար։
Այն դավանանքն է սուրբ, որի համար մեռնում են...
* * * *

Արդյոք մարդու էության մեջ կա՞ ազատության տենչ։ Ո՛չ։ Կա ստրկության տենչ։ Ապացույցն այն, որ ազգերը, ազատվելով միապետական բռնակալ լծից, դառնում են հանրապետական, ու իրենք կամովին իրենց գլխին մի բռնակալ են դնում՝ այն անվանելով "նախագահ"։
Ուրեմն, ավելի վատ։
Միապետության ժամանակ ազգը կարող էր արդարանալ, թե բռնապետը նստել է իր կամքին հակառակ. հիմա՞ ինչով պիտի արդարանա։
* * * *

Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե զենքը։
* * * *

Ինչպե՞ս կարող եմ ես ծիծեռնակներին էլ, ճնճղուկներին համահավասար սիրել, երբ առաջինն ամառվա ամիսներին է միայն գալիս մեզ մոտ ամառանոց, ուտում, բազմանում ու աշնանը վերցնելով իր ընտանիքը, փախչում է մեզանից: Մինչ ճնճղուկն իր բախտը մեր բախտին կապած, ապրում ու մեռնում է մեզ հետ և ձմեռները մեր տերևազուրկ ծառերի վրա ոստից ոստ թռչելով՝ կենդանացնում մեր մեռած բնությունը:
Տեսեք քանի՜սն են թառել պարտեզիս միակ թթենու վրա:
Ջանիկնե՜րս...
* * * *

Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը... դատավորն է։
* * * *

Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։
* * * *

Ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։
Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին, երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։
Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։
Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։
Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։
Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք "կատուն"՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։
* * * *

Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ։
* * * *

Ասում են՝ եթե գայլի աչքերին ուղիղ նայես՝ չի հարձակվի վրադ։
Փորձի համար ես մահվան աչքերին եմ նայում ուղիղ, տեսնենք կհարձակվի՞։
Ես բոլշևիկների աչքերին նայեցի՝ իրոք որ չհարձակվեցին։
Ուրիշները Լենինի անունը լսելիս էգ շների նման պոչն առած երկու ոտների արանքը ներբող էին կախկանձում՝ ես նրանցար անվանեցի ու նրանից ավելի մեծ բռնակալ։
Բայց ես կարող եմ մահվան աչքերին նաև ուղիղ չնայել։
Այնքան սիրուհիներ ունեմ մեռած, որ գերեզմանը դարձել է իմ աներանց տուն…
* * * *

Աստվա՛ծ, եթե ուզում էիր, որ քո ատեղծած աշխարհում բնակիչ լիներ՝ պետք է մարդուն երևակայությամբ չօժտեիր:
Ո՞ր երևակայող մարդը կապրի քո անդուռ, անպատուհան աշխարհում՝ մեջը ծայրե-ծայր հակասություն...
* * * *

Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
* * * *

Ես, որ փիլիսոփա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։
Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։
Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։
Ինձ սեր է հարկավոր։
* * * *

Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է։
* * * *

‎-Ո՞վ ես դուն պզտիկ,- հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։
Ե՞ս… Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։
* * * *

Եթե արվեստը ի սպաս դրվի որևէ անհատի, քաղաքական կուսակցության կամ պետության, այն կդադարի արվեստ լինելուց և կդառնա ապրելու գործիք քրիստոնյա տերտերների, սոցիալիստ առաջնորդների և ոճրագործ կառավարությաւնների։
* * * *

Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։
* * * *

Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները:
Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին:

Նյութերը տրամադրեց Լեռ Կամսարի թոռնուհի՝ Վանուհի Թովմասյանը

Saturday, July 14, 2012

"Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք"

Սոս Սարգսյանի նամակը ադբեջանցիներին. Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք

Դերասան Սոս Սարգսյանը նամակ է հղել ադրբեջանցի մտավորականներին.

«Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվե՛ք վերջապես, թե ով եք դուք։ Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան...
Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից։ Այդքան բան։ Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա և, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել։
Այդպես էլ դուք։
Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները։
Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքներիու ստերի մեջ։
Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք։
Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի։ Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել։
Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը։
-Հայե՞րը,- հարցրեց մոլլան, -չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթե դա ճիշտ է, ապա մեր գործերը վատ են։
Ահա այսպես։
Կարծում եմ, ադրբեջանցիների մեջ կգտնվեն կարգին, խելացի մարդիկ։
Խեղճեր, որքա՜ն են նրանք, հավանաբար, տառապում՝ ամեն օր լսելով իրենց դիվահար նախագահի հայատյաց ճառերը, մշտական սպառնալիքները։
Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցված են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ։
Եվ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա։ Զի՛լ է։
Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի և ամեն հայկականի հանդեպ։ Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին։
Դուք այդպես էլ թույլ չե՞ք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ և մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը...
Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին։ Բայց դա ձեր գործն է։
Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։
Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։
Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։
Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, և զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։
Ընդհանրապես, մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջևանն ու Գանձակը վերադարձնելու մասին։
Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության։
Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք։ Հոգեկերտվածքն այն չէ։
Մինչդեռ որքան վեհաբարո և գեղեցիկ է գողացածը վերադարձնելը։
Ի դեպ, ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պարտված կողմը ինչ-որ պայմաններ առաջքաշի։ Դա ծիծաղելի և լկտի է։
Չգիտեմ, կազդի՞ իմ նամակը ձեզ վրա։
Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչեք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից։
Հայատյացությունը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջությամբ ու վերջնականապես, և հայտնի չէ, թե երբ և ինչպես դուրս կգաք այդ կեղտոտ փոսից։
Բայց մտածեք գոնե սեփական ապագայի մասին։ Սթափ նայեք իրականությանը։
Իսկ այն ահա թե ինչպիսին է։
Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարևանի կողքին)։ Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք և ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է։ Դա չի լինի երբե՛ք։ Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել։ Բայց ապարդյուն։
Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում։
Իսկ այժմ՝ առավել ևս, քանզի դուք և ձերավագ եղբայրը երկար ժամանակ (մի քանի դար շարունակ) սովորեցնում էիք մեզ սպանել։ Փառք Ալլահին, վերջապես դա ձեզ հաջողվե՛ց։
Սումգայիթից հետո մենք վերջապես գիտակցեցինք (ուշ, բայց հասկացանք), թե ինչ է ձեր ուզածը։
Շնորհակալություն ձեզ և կրկին՝ Ալլահին։
Այժմ կլինի այնպես, ինչպես իմաստնաբար ասված է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։
Մենք կգերազանցեք ձեզ բոլոր առումներով ու նաև դաժանությամբ։
Այս նամակով ես անկեղծորեն խոստովանում եմ ձեզ. մենք այլևս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք։
Ձեր շնորհիվ մենք փոխակերպվեցինք, դարձանք ճիշտ այնպիսին, ինչպիսին դո՛ւք եք։
Լավ է, որ ամեն անկյունում աղաղակում եք Խոջալուի մասին։ Դա ծիծաղելի է, իհարկե, բայց միաժամանակ ինչ-որ կերպ փոխհատուցում է Սումգայիթի համար ապրած մեր ցավը։
Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում։
Շնորհակալություն ձեզ և էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին։
Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները։
Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք»։

08.06.2012

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Էշը մեղադրվում էր անկարգության մեջ։ Քննիչը ջորին էր։
- Անո՛ւնդ։
- Էշ:
- Ծնողնե՛րդ։
- Էշեր:
- Որտե՞ղ ես ծնվել։
- Էշանոցում։
- Ինչո՞վ ես զբաղվում։
- Էշությամբ:
- Ի՞նչ է,- ծաղրեց ջորին,- դուք ամբողջ ցեղով էշեր եք եղե՞լ։
- Ինչո՞ւ միայն էշեր,- գլուխն ամոթից կախեց էշը:- Պատահում էր, որ մեր և յաբուների խառնուրդից ծնվում էին քեզ նման ջորիներ։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ:

Friday, July 13, 2012

ԹՌՉՈՂ էՇԸ

Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի։
Եվ, ինչպես պատահում է հեքիաթներում, էշը թռավ ժայռից, պտույտներ գործեց օդում... բայց, ինչպես լինում է առակներում, ընկավ ժայռի տակ ու ջարդվեց։
- Ապուշ,- գլուխն օրորեց փիղը,- այդ ի՞նչ քամի փչեց գլխիդ:
- Ծնվել եմ էշ, ապրել եմ էշ, մեռնում եմ որպես արծիվ,- պատասխանեց էշը և ավանդեց հոգին՝ որպես ավանակ։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Thursday, July 12, 2012

ՆԱՍՐԵԴԴԻՆ

ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՆԱՍՐԵԴԻՆԸ ՍԻՐՈՒՄ ՓՈՂԸ
(Թուրքմենական)

Մի ժլատ մարդ հարցրեց Նասրեդինին.
– Դու փող սիրու՞մ ես:
– Հա, սիրում եմ, -պատասխանեց Մոլլան,- քանի որ փող ունենալը մարդուն անկախ է դարձնում ամեն տեսակ գծուծներից:
...
ՆԱՍՐԵԴԻՆԻ ԾԱՆՈԹԸ
(Պարսկական)

Նասրեդինը գնում էր դաշտով:
Տեսնելով, որ մի քանի անծանոթ մարդ նստած հաց են ուտում, մոտեցավ: Ապա առանց մի հատիկ բառ ասելու ինքն էլ նստեց ու սկսեց ուտել:
Նստածներից մեկը հարցրեց.
–Մեզնից ու՞մ հետ ծանոթ լինելու պատիվն ունես:
–Սրանց հետ,- ասաց Նասրեդինը` ցույց տալով ուտելիքները:
...
ԿԱՐԾԵՑԻ, ԹԵ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԵՆ ՍԱՓՐՈՒՄ
(Սերբական)

Մի անգամ Նասրեդինը որոշեց սափրվել, բայց բախտը նրան գցեց մի չափազանց անշնորհք սափրիչի մոտ: Սա անընդհատ ածելիով կտրում էր Նասրեդինի երեսը, իսկ վերջինս հազիվ էր ցավից զսպում ճիչը:
Միայն արցունքներն էին հոսում Մոլլայի երեսից, մեկ էլ աչքերի առաջ օղակներ էին հայտնվում: Հանկարծ փողոցից ուժեղ աղմուկ լսվեց : Նասրեդինը սափրիչին հարցրեց, թե ինչ է պատահել:
–Մոտերքում դարբինը ձի է պայտում,- բացատրեց սա:
– Ա~, -ասաց Նասրեդինը,- ես էլ կարծեցի, թե այնտեղ էլ մեկ ուրիշին են սափրում:

hovikcharkhchyan.wordpress.com/2011/04/30/նասրեդին/

Ես Իմ առաջ

"… Որքան չերգած երգեր կան փակ վանդակներում, որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու:
Երբ երգը դառնում է վախեցած գազան ու փակված վանդակում ճաղերին է զարկվում, երգը դառնում է վիրավոր լուսան , երգը թռիչքի է պատրաստվում, երգը լռում է ու քնած ձևանում, գալիս է պահը` նա պայթում է, պայթում…":

-Երբեք ինձ համար փակ վանդակներում երգեր չեն եղել: Ուղղակի Սովետի տարիներին ռադիոյով, հեռուստատեսությամբ չէին հնչեցնում, ինչը նշանակում էր երգի բանտարկություն:
Պարադոքսալ բան տեղի ունեցավ. նրանք դրանով իմ երգերը ռեկլամեցին: Տակից ապրանքը շատ ավելի գրավիչ էր, քանի դախլի վրա դրված ապրանքը: Իմ առջև փակեցին ռեժիսորությամբ զբաղվելու դուռը: "Սատանայի ջրաղացն" էի բեմադրել: Կյանքս կերան:
Երեք անգամ փակեցին:
Դրանից հետո որոշեցի երգով զբաղվել, ու ստացվեց:

".…Արծաթե թիթեռնիկներ` պոկված կապույտ հեքիաթներից, թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն.…":

-Չեմ իմացել, որ Հենրիկ Հովհաննիսյանն իմ մասին ասել էր` մեր Վիսոցկին: Ես ավելի շատ "Բիթլզի" տակ եմ մեծացել, և նրանք ինձ համար եղել են ուղեցույց գեղեցիկ, փափուկ, փխրուն երգերի: Թեև ռոք է կոչվում, բայց երգը ինձ համար երգ է, եթե որակով է, հանգստացնող արվեստ է:
"Բիթլզը", ճիշտ է, ըմբոստություն ունի իր մեջ, բայց նրանց հարմոնիկ լուծումները ամենաուղղակի կերպով գալիս են դասական երաժշտությունից: Շատ եմ լսել նաև ֆրանսիական էստրադա, մասնավորապես` Ժաք Բրելին:
Նաև` Վիսոցկի: Եվ Օկուջավա եմ շատ սիրում:
Ես, առհասարակ, չեմ կարծում, թե որևէ մեկից եմ ազդվել: Ես ազդվել եմ լավագույն երգիչների լավագույն երգերից: Ասում են` յոթ ծիծ կերած…
Էդքան կարողացել եմ ազդեցություններ կրել, պահել իմ մեջ և հայերենով արտահայտել իմ մտքերը :

"….Մոռացիր դու նրանց քարոզները բոլոր: Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել: Մոռացիր դու նրանց բոլոր աղոթքները: Հավատա ինքդ քեզ : Մի անգամ հավատա քո Աստծուն, հավատա քո հոգուն, հավատա ինքդ քեզ և այրիր կամուրջները քո ետ դառնալու….":

-Ես, օրինակ, երգիչ չեմ: Ես երգերս մեկնաբանող եմ: Դա այդպես է կոչվում ֆրանսերենում` "interpreteur":
Վիսոցկին նույնպես մեկնաբանող էր, և "Բիթլզներն" էին մեկնաբանող, և Օկուջավան, Ժաք Բրելը նույնպես:

"….Եթե իմանայիր` որքան եմ լաց եղել ես, քո գնալուց հետո որքան եմ քեզ փնտրել:
Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները ու սարքեին մի լիճ, ուր լողային աստղերը:
Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները, ու նրանց պատմեի սիրո մասին երգերը, նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է, երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը…":

-Ինձ համար միշտ էլ դժվար է եղել ստեղծագործել, ինչպես մայր դառնալն է դժվար: Իմ երգերը շատ չեն տարբերվում իրարից որակով:
"Եթե իմանայիր" երգը 18 տարեկանում եմ գրել: "50-ից հետո"-ն, "Կտակը" հիմա եմ գրել: Համերգի ժամանակ բոլորովին չի զգացվում, թե որը երբ եմ գրել:

"….Երգերը իմ կառնեն թևեր և իմ սրտից կթռչեն վեր, էսպես հերթով` շարան-շարան, նրանք ինձնից կհեռանան, նրանք ինձնից կհեռանան. …":

-Վերջում պարզվեց, որ իմ կենսագրությունը, որ ես երգում եմ իմ երգերի մեջ, իմ սերնդի կենսագրությունն է և, առհասարակ, մարդկային կենսագրություն է: Եթե դա լիներ միայն իմ կենսագրությունը, այնքան էլ արժեք չէր ունենա:

".…Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա, ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա, ու անմիտ կթվա քո աչքին…
Երջանիկ այս պահերն, իմ Աստված, ես գիտեմ, թե ինչու ես տվել, որ դրանք մեզանից դու խլես, դրանց տեղը բաժանես կարոտներ… Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում, թափառում ու փնտրում, թափառում ու փնտրում են իրար...":

-Ես ենթադրում եմ, որ որոշ չափով հայտնի եմ դարձել, որ այդ երգերը պարադոքսալ ազդեցություն են թողնում հանդիսատեսի վրա: Դահլիճում այդ երգերով և կապվում են միմյանց, և մնում միայնակ:

"…. Իմ ընկերները հեռանում են, ինչպես թռչունների երամ, ժամանակի հետ բթանում է այն ցավը, որ նրանք չկան: Այն ցավը, որ այդպես եղել է և լինելու է անպայման, որ հայրենիքը դա երազ է, պզտիկ հատված տարածության...":

-Ես պատմող երգեր չունեմ: Ոչ էլ տվյալ ժամանակշրջանը ամփոփող երգեր: Ի՞նչ է նշանակում տվյալ ժամանակի մասին պատմող երգեր: Չկա նման բան: Իմ երգերը մտքեր են: Իմ երգերը բանաստեղծական են: Եվ եթե բառը և երաժշտությունը միասին չեն ծնվում, այդ երգը հաջողություն չի կարող ունենալ:

"….Իմ երգն անիվների վրա ինձ կլքի ու կգնա, մի օր ինձնից կհեռանա իմ երգն անիվների վրա…":

-Ես երբեք որևէ բան չեմ արգելում: Տեսեք` ով ուզում, երգում է երգերս, և, իհարկե, մեծ մասամբ …ում են երգերիս մեջ: Խոսքերն են սխալ արտասանում:
Սխալ են մեկնաբանում երգերս:
Երբ վատ են երգում, էդ իմ երգը չի:
Երբ լավ են երգում, ի'մ երգն է:

"…Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես, դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե և հեռանալիս չնախազգուշացնել: Դու այսօր ինձ հետ կքնես, ինձ կտաս վարդագույն խոստումներ, իսկ երբ կփակվեն իմ աչքերը, կթողնես, կփախչես, կփախչես: Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ, իսկ ես հասարակ մի տղա, և չեմ կարող երկար պահել քեզ, դու ինձնից կհոգնես, կհոգնես…":

-Հիմա նոր երգ չեմ գրում: Դա ինքն իրեն չի լինում:
Առհասարակ, կարելի է ասել, այդ քածը, որ կոչվում է մուսա , վերջերս շատ ուշ-ուշ է հանդիպում ինձ: Չգիտեմ` ինչու: Էդ արդեն իր գործն է:
Մուսան պոռնիկի պես բան է:
էսօր քեզ մոտ է, վաղը` ուրիշի:

"…Ահա իմ փայ երջանկությունը, որն ինձ, ավաղ, շուտ կլքի, իսկ իմ խղճի հաշվետվությունը երգի ձևով, երգի նման, երգի թևով կփոխանցվի…":

-Մարդը կարող է երջանիկ լինել, և դրա համար փողը պայման չլինի: Փողը ոչ մի կապ չունի երջանկության հետ: Էն մարդը, որ կարող է քչով բավարարվել, նա երջանիկ լինելու շանս ունի: Հետո ամեն մարդ երջանկության իր չափն ունի:
Խոզը երջանիկ է, չ՞է, որ նրան շատ կեր ես տալիս: Դա երջանկության իր չափն է: Մեկն էլ կա` ինչքան էլ կեր տաս, չի կարող երջանիկ լինել:

"….Հին ընկեր, իմ անգին ընկեր, արդյոք ո՞ւր ես դու կորել:
Հին ընկեր, իմ անգին ընկեր, չեմ կարող ես քեզ գտնել…
Հին ընկեր, իմ անգին ընկեր, ես կարող եմ քեզ փրկել…":

-Ես դաշնակցականամետ մարդ եմ, բայց դա չի նշանակում , որ ես կուսակցական եմ: Ես քարոզարշավին նրանց համար երգ եմ գրել: Լսել եք: Գրել եմ, որովհետև լավ վճարել են: Բայց դա չի խանգարել, որ ես այդ երգի միջոցով արտահայտեմ իմ կարծիքը Դաշնակցության գաղափարախոսության մասին: Հիմա ես նման բան դժվար անեմ: Որովհետև արդեն գրել եմ: Հո անընդհատ քարոզարշավի համար երգեր չե՞մ գրելու:

"….Ես գիտեմ, թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում էս շները, ես գիտեմ... Փակեցեք շատ ամուր ձեր դռները, փողոցում թող մնան պոետները և մարդիկ, ում համար միևնույն են տերերը և հատուկ կատաղեցրած շները.…":

-Ես, առհասարակ, շատ սիրում եմ դասական երաժշտությունը և զարմանում եմ մեր շատ իշխանավորների տգիտության վրա, որ նրանք հովանավորում են» պապսան՚` անճաշակը:
Նույնիսկ կոչումներ են տալիս շատերին: Մինչդեռ մեր իրականության մեջ հովանավորության կարիք ունի դասական երաժշտությունը:
Շնորհքովներին օգնեք, անշնորհքները իրենք իրենց ճամփան էլ կգտնեն, իրենց հովանավորներին էլ կգտնեն, իրենց սիրեկաններին էլ կգտնեն, վերջում էլ իրենց ամուսիններին կգտնեն:

"….Ու դրսում հղփացած տականքները թալանում ու գռփում են մարդկանց: Էս կեղտոտ, ասիական մութ բարքերը ու դեմքերն ինչ սազում են սրանց…":

-Էդ հիմարությունները, էդ պլակատները, որ կպցրել են քաղաքում` "Ես քեզ սիրում եմ": Չես հասկանում` ո՞վ ու՞մ է սիրում, կամ ինչու՞ է սիրում:
Կամ` "Մենք հայկական բանակ ենք": Մենք գիտենք, թե ինչ վիճակում է հայկական բանակը:
Մենք գիտենք, որ կաշառակերությունը մոլեգնում է այնտեղ:
Մենք գիտենք, որ ունենք օլիգարխ գեներալներ:
Էդ բանակին գիտենք: Բայց սրանք ի՞նչ բանակ են, չգիտենք:

… Երբ գողացան Սասունցի Դավթի արձանի համբերության թասը, ես հասկացա, որ էս ժողովուրդը այլևս սրբություն չունի:

"…Սա Էրևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին: Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, երբ հիշեցնում են անհիշելին…":

Նյութը տրամադրել է Երևակ ամսագիրը

www.amsagir.yerevak.am/index.php?id=2&xor=5&n_id=64

Saturday, July 7, 2012

Հայերը

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ
24/04/2012

Հայերի հայացքը միշտ այնտեղ է, որտեղ իրենք իշխանություն չունեն: Հայը ընդվզման մշակույթ չունի, նրա ընդվզումը պանդուխտի ցուպն է:
Ընդվզման համար նա ունի պանդխտությունը, հնազանդության համար`եկեղեցին, սակայն՝ ոչ կրոնը: Հայը քրիստոնեություն ընդունած միակ ազգն է, որն էությամբ աթեիստ է:
Ի՞նչն է հայերին դարձնում զանգված` նրանց հայացքի ուղղությունը` Մասիս սարը:
Երբ նրանք ամբոխվում են, ապա Մասիսի համարժեքի շուրջ: Դիցուք, Ռուսաստանը ամբոխման մշակույթի էլեմենտ է: Հայերին անհրաժեշտ է ուղղություն: Ի տարբերություն եվրոպական ազգերի, որոնք իրենց արժեքները պահում են գլխում, հայերը դրանք պահում են տեսադաշտում: Եթե նրանք միմյանց հարցեր ունեն, ապա զուտ կողմնացույցային` ու՞ր գնալ: Հայի հայացքը միշտ մի կողմի վրա է, այն չի ընդգրկում: Հրեաներն, օրինակ, հակառակնէին` նպատակն Ավետյաց երկիրն էր ու` վերջ:
Նույնիսկ Ավետյաց երկիրն ընդգրկեցին հարակից հողերով, որոնք իրենցը չէին:
Հայն իր երկրում կարող է իշխանություն ունենալ միայն դադարելով հայ լինել: Սա էլ է նրան տարբերում հրեայից:
Հրեաներնամենուր հրեա են, հայը նույնիսկ իր երկրում կարող է հայ չլինել:
Հայաստանում իշխանությունը կարող է լինել ղարաբաղցի, ապարանցի, գյումրեցի,երեւանցի կամ մեղրեցի, բայց հայ չլինել:
Ամենահայը սակայն առեւտրականն է, նրանից է ածանցվում հայկականությունը, կարելի է ասել՝ հայկականությունը որպես երեւույթ հավաքված է առեւտրականի վրա:
Ահա ինչու, հայն ինքն իրենով թշնամիներ չի ծնում, սակայն թշնամիները կարող են ծնել հային, որպեսզի ոչնչացնեն:
Ուրիշի հանդեպ թշնամությունը հայը յուրացնում է միայն մերձավորին իմանալով:
Թշնամուն իմանալու համար նրան հերիք է հասկանալը, թե ինչպիսի թշնամի կլիներ ինքը:
Նա կլիներ հնազանդ թշնամի:
Սրանով բացատրվում է եւ նրա հակումը խուսափել բախումներից եւ անզորությունը, երբ փորձում են ոչնչացնել իրեն: Ոչ մի հակամարտության մեջ հայը մինչեւ վերջ ներգրավված չէ:
Պատճառն այն է, որ հայը չի հասկանում՝ ո՞րն է թշնամու օգուտը դրանից: Հայը տեսլականների ազգ է: Ըստ էության առանց տեսլականների հայ ազգ չկա:
Ահա ինչու, սա մի ազգ է, որը նվաճումներ չունի: Կարող է ձեռք բերել անկախություն առանց անկախության տեսլականը կորցնելու:
Հայը ավարտված ձեռքբերումներ չունի: Դիցուք Ավետյաց երկիրը հրեայի համար ավարտված թեմա է:
Հրեան սկսվում է Ավետյաց երկրից: Հայը մինչեւ հիմա երազում է ծովից-ծով Հայաստանի մասին: Հայկական բարձրավանդակը նրա ինքնուրույնության արեալն է, Հայաստանը` օտարության:
Միայն այստեղից նա կարող է հեռանալ, ուրիշ ոչ մի տեղից:
Եթե հայերը քայլում են մեկ ուղղությամբ, ապա՝ կամ կոտորվելու, կամ՝ գաղթելու համար: Հեռանում են, որովհետեւ հոլանդացիների նման թշնամուց պարտակվելու կղզիներ չունեն:
Նույնիսկ հեռանալիս հայը ետ չի նայում, այլապես դա կլինի ատելությամբ լի հայացք:
Հայն էական արեալ չունի, գոյությունը նրա համար տարածական հասկացություն է, նրա ինքնապաշտպանությունն սկսվում է փախուստից: Երբ հային հարցնում ես` ու՞մ ես թողնում պապերիդ Հայրենիքը, նա տարակուսում է` ես չեմ լքում, ես հեռանում եմ: «Լքելն» ու «հեռանալն» իսկապես նույն բանը չեն քայլը գցելիս, բայց նույնանում են կանգ առնելիս:
Հայն իր գցած քայլի չափանիշն է, իր հողի վրա կանգնած հայ չկա: Սակայն ի՞նչն է նրան տարբերում գնչուից` հավերժական կանգառը եւ այնտեղից հայացքի նույն ուղղությունը դեպի արդեն վիրտուալ Մասիս:
Հայերն իրենց մեջ անապատ ունեն, որտեղից ուրվագծում են համաշխարհային օազիսը:
Նրանց հիշողությունը լցված է անապատով, որի վրա տներ են կառուցել: Երբ ասում են «հայի վերջին խելք», նկատի ունեն ներաշխարհն ապարդյուն լցնելուց հոգնած հային: Հայերը միշտ ապրում են վերջին ջանքով, «հայկական տնտեսություն» հասկացությունը մի բանի մասին է, որտեղ ամեն ինչ պիտի շահույթ դառնա առաջին ու վերջին փորձից: Հայը համբերատար չէ. քանի դեռ նա ապրում է` մնացյալ աշխարհը կանչում է նրան: Ահա ինչու շահույթն ստանալուց հետո հայը նետվում է դեպի մնացյալ աշխարհը: Հայը ամենամասնավոր արարածն է, նա քույր ու եղբայր ունի գոյության բոլոր մակարդակներում, բայց ոչ` կեցության:
Երջանիկ լինելու անհամբերությունը նրան ջլատում է այստեղ` հայրենական հողի վրա, մյուս երկրներում նա պատրաստ է իր երջանկությունը կիսել նույնիսկ անծանոթ հայի հետ:
Հրեաներից հայերին տարբերում է նաեւ այն, որ հայերը կորցրել են ամեն ինչ, նույնիսկ` հողը, բայց ոչ` Հայրենիքը:
Ի տարբերություն հրեայի, հայն ամբողջական կորուստներ չի ունեցել, աշխարհը` Երուսաղեմը, Կոստանդունապոլիսը, Հռոմը շարունակել են նրան, ընկալել են նրա գոյատեւման հանճարը, եւ հետին մտքեր չեն փնտրել:
Մինչդեռ առանց հետին մտքի հրեա չկա:
Հայկական ուղղամտությունը նախնական է, ինչպես հրեական հետին միտքը: Մենք լեռներից ենք նայել աշխարհին, նրանք` անապատներից:
Գետտոյականությունը սակայն երկուսիս էլ բնորոշ է, բայց հետեւյալ համամասնությամբ` մեկ հայը գետտո է, մեկ հրեան` դեռեւս հրեա: Այսինքն, մեկ հրեան դեռ բաց է մնացյալ աշխարհի համար: Հայն այդպիսին չէ, հետին մտքի բացակայությունը փակում է հային: Մեկ հայը ոչ մեկին իրենից առավել չի ընկալում, մեկ հրեան ոչինչ է առանց երկրորդ հրեայի:
Իր բոլոր որակներով, նույնիսկ` լավագույն, հայը հրեայի թիկունքում է, ինչ էլ անի, առաջինը նկատելի է հրեան:
Ինչո՞վ բացատրել սա:
Հավանաբար՝ հետին մտքի բացակայությամբ: Հայը նայում է աչքերի մեջ, հրեան` ավելի խորքերը: Հայը խաբումէ առանց խորամանկության:
Դիցուք, ստել չգիտի, որովհետեւ սուտը հետին միտք է ուզում:
Հայերի համար Հայրենիքը բանկային պարտատոմս է, հրեայի համար` ամբողջ բանկը, ընդ որում, աշխարհը` նրա մասնաճյուղը: Երկուսն էլ, այնուամենայնիվ, հեղափոխությունների հակում չունեն երկրի ներսում: Հրեան իրբանկի ամենաարժեքավոր գրավն է, հայը` պարզապես տոկոսը: Հայերը հեղափոխությունների են վազում կանգնած, մինչ աշխարհը տեղից տեղ է շարժվում: Ավելի ճիշտ, հայերը կանգնումեն, մյուսները դա անվանում հեղափոխություն:
Հայերը հակազանգվածային ազգ են:
Զանգվածի մեջ հայ մարդը քննախույզ է, ինչքան էլ խոշոր լինի հայերի հավաքականությունը, այն կիսահավաքականություն է, քանի որ հայ մարդն իր պայքարի դիտորդն է:
Հայկական «Բերդ» պարը մեր հավաքականության երազն է, զանգվածը՝ երազախաբությունը: Այնպիսի տպավորություն է, ասես հայը դարեր շարունակ տառապել է այս օրվա համար՝ երբ կհեռանա իր հույսի արեալից, որտեղ չռեալիզացրեց իր ինքնագնահատականը:
Ինչու՞ է հայը փախչում իր երկրից:
Որովհետեւ այլեւս իր թշնամուն դեմքով չգիտի: Հայը կորցրել է իր մարդասպանին:
Ուստի նա ոչ թե փախչում է, այլ խարխափում մեկ ուղղությամբ: Հրեայի նման հայը մեռնում է տհաճությամբ: Ահա ինչու գնում է մեռնելու խիստ որոշակի երկրներում խիստ որոշակի օտարականների աչքի առջեւ:

Friday, July 6, 2012

Արածեք ձեր խոտը

Վանո Սիրադեղյան
04/09/2011

Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։
Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։
Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ուպատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։ Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի։
Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։ Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։
Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին։
Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչեւ տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացելէ մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես։

www.granish.org/leave-your-grass/

Thursday, July 5, 2012

ինչ ասել է հայ համայնք

Եկեք պարզենք սկսզբից, թե ինչ ասել է հայ համայնք։ Այն պատկերացումները, որոնք ունեինք հայկական համայնքների մասին հայրենիքում ապրելու տարիներին, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կեղծ պատկերացումներն արհեսականորեն առաջացվել են մեջներս ագիտացիայի ու պրոպագանդայի բաժիններով, սփյուռքահայության հետ կապերի կոմիտեներով ու նմանատիպ կառույցներով, որեսզի լվանան ուղեղներս, օգտագործեն սփյուռքն էլ, մեզ էլ իրենց խելքներին փչած խաղերում։ Համայնք ասելով պետք է պատկերացնել հարկավ մի ցեղային կառույց, անդամներով, ղեկավարությամբ, մշակութային, ավանդական միջոցառումների անցկացմամբ, դպրոցով, ցեղային կյանքի պահպանմամբ ու զարգացմամբ։ Նման բան չկա, երբեք չի էլ եղել։ Սփյուռք կոչվածը միշը համալրվել է հայածին միջավայրերից մարդկանց թարմ հոսքով, որոնք ավանդական գաղթօջախներ են գնացել տնտեսապես ավելի բարենպաստ ու ցեղային կյանք փնտրելով, բայց երկու երեք սերնդում ձուլվել են, միշտ և ամենուր։
Սփյուռք ասածը, միշտ համալրվել է նոր սերունդներով, որոնք ներուժ են ունեցել մեկ-երկու սերունդ հայ պահպանվելու իրենք-իրենց, առանց սփյուռքը ղեկավարող, կամ այդպիսիք իրենց հորջորջող կազմակերպությունների օգնության ու ջանքի, բաց վերջիններս ավանդաբար իրենց գործունեությանն են վերագրում հայապահպանումը, դրա միջոցով տնօրինում դրամահավաքը, որն իրականում դրամաշորթություն է։
Շարունակական այս հանցագործությունը կատարվել ու կատարվում է հայրենիքում իրենց իշխան հռչակած բոլոր սերունդների հետ համագործակցությամբ, սովետական միության ժամանակներից մինչ օրս։
Ավանդական հայածին օջախները, անգամ Հայաստանը սպառման եզրին են ներկայումս, այնպես որ Սփուռք կոչեցյալն այլևս թարմ ներհոսք ակնկալել չի կարող, ինչը նշանակում է, որ դեպքերի անփոփոխ ընթացքի դեպքում սփյուռքը մեռնում է և ի սպառ կվերանա մեկ սերունդ հետո։
Սփյուռքի վերաբերմունքի մասին.
Հայաստանում ծանոթ են անշուշտ ANC, AAA, AGBU կազմակերպությունների ու կղերականների հայտարարությանը, և կարող են կարծել, որ դա սփյուռքի վերաբերմունքն է։ Բոլորովին այդպես չէ։
ANC-ն և AAA կազմակերպությունները դաշնակածին ու ռամկավարածին կազմակերպություններ են, որոնք ներկայումս նույնացած են, զբաղված են ցեղասպանությունը հնարավոր բոլոր աճուրդներում վաճառելով, և հայկական մաֆիապետությունը ամերիկյան և այլ դրամով սնելով։ Այս երկուսն այսօր հայերին թշնամի դարձած կազմակերպություններ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող թույլ տալ, որ ցեղասպանությունը ճանաչվի, կամ դադարի հայկական մաֆիային դրամական հոսքը, որովհետև հակառակ դեպքում պետք է փակեն իրենց կազմակերպությունները, դադարեն աշխատավարձ ստանալ, ու սկսեն ուրիշ բանգավառներում աշխատանք փնտրել։
AGBU-ն սփյուռքահայ շրջանակներում հնուց անվանվում է KGBU, ու դրանով ամեն ինչ ասված է, իսկ կղերականության մասին մանրամասն կարող եք կարդալ սուրբ գրքում, հատկապես այն հատվածում, որտեղ մեր տեր Հիսուս Քրիստոսը վտարում է եկեղեցուց հոգևորականներին։
Վերոհիշյալ կազմակեպրություները սակավաթիվ թայֆաներ են, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կազմակերպություններն ու կուսակցությունները, ղեկավարվում են դրամով, դա է միակ նպատակը, ծառայում են անխտիր նրան, ով վճարում է։
Ինչ վերաբերում է բացարձակ մեծամասնություն մնացյալին, որոնք երբևէ ոչ լսվում են, ոչ երևում, ճշգրիտ այնպես, ինչպես Հայաստանում, շարժման կողքին են, ատում են հանցագործներին, ցանկանում են օր առաջ ազատվել նրանցից։
Նրանցից շատերը, հատկապես նրանք, ովքեր գնացել են Հայաստանից առաջին նախագահի որոք, հիացած չեն նախկիններով նույնպես, բայց հնարավոր են համարում քննարկումները հետագայում հուզող բոլոր հարցերի, ոովհետև ակնկալում են քաղաքական դաշտի առաջացում, այն ինչ իսպառ վերացած է այսօր։ Մենք հիմա գործ ունենք ավազակախմբի հետ, որի միակ գործը դրամ հայթայթելն է ու պաշտպանվելը։
Գործ ունենք մարդկանց հետ, որոնք կրակում են անմիջապես, անհամաձայնություն հանդիպելիս։ Ուրեմն հարկավոր է այնպես անել երևի, որ ասած ամեն ինչի հետ համաձայնեն։ Դեռ չգիտեմ ինչպես կարելի է անել դա, բացի իրենցից ավելի լավ կրակելով։

Վահե Ավետյան:

Թե դու հայ ես

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման...

Ռ. Պատկանյան

Wednesday, July 4, 2012

ՀԱՅԵՐԻՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,
Ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա.
Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,
Կորչել է հին ձևը, մեկ նշան չկա:
Պապերս մեկ բանով շատ անգին էին,
Նպատակով տաճարներ կշինեին,
Հին մնացած վանքերը չլինեին,
Օտարք հեշտ կասեին՝ «Հայաստան չկա»։
Մի հատ եկեղեցի ունինք՝ մերն է զուտ,
Պարզ է, չունի այնքան բաներ նորամուտ,
Երգերը գրավիչ, մեղմ, հոգեօգուտ,
Մեր շարականի պես շարական չկա։
Տեր, պահե Արամյան հոգևոր գահը,
Մի մարե հայերուս մի հատիկ ջահը,
Նրա հետ կապված է մեր ազգի շահը,
Բացի սուրբ աթոռը մեզ պաշտպան չկա:
Ջիվանի, մեկ-մեկու կյանք նվիրելով,
Հայ ապրինք՝ հայության գանձին տիրելով.
Ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով,
Դրանից մեզի լավ ուրիշ բան չկա։
Ջիվան:

ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Գրեց Երուանդ Օտեան

Ա

Պոլիսէն մինչեւ Ուրֆա, իրենց ցաւատանջ ուղեւորութեան միջոցին, երկու նահատակները, Զօհրապ եւ Վարդգէս, գուրգուրոտ ակնածանքով մը ողջունուած են Հայերուն կողմէ։ Երբ իրենց աքսորումէն երկու ամիս ետքը ես ալ նոյն ճամբով մինչեւ Հալէպ գացի, տեսայ, որ իրենց յիշատակը ամենուն մտքին մէջ դեռ վառ մնացած էր։
Գոնիա, Ատանա, Հալէպ, ամեն տեղ այդ անդրանիկ զոհերուն վրայ կը խօսէին։
Հակառակ ոստիկանական հսկողութեան` շատ Հայեր, վտանգը աչք առնելով, գացած տեսնուած էին իրենց հետ ու հիմա երկիւղածութեամբ կը վերյիշէին անոնց վերջին խօսքերը։

Ամէնուն վրայ խորին տպաւորութիւն թողած էր Զօհրապի ընկճուած վիճակը. մինչ Վարդգէս զուարթ անտարբերութեամբ եւ ծիծաղկոտ դէմքով մը կը շատախօսէր իրենց մօտեցողներուն` Զօհրապ հազիւ լռութիւնը կը խզէր քանի մը խօսք արտասանելու համար։
Ամբողջ ժամեր անընդհատ կը ծխէր, մտածմունքի մէջ ընկղմած։
Վարդգէս, միշտ լաւատես, կը ջանայ եղեր մխիթարել ու սրտապնդել իր բարեկամը, բայց ի զո՜ւր։
- Մեզի մեռցնել կը տանին,- կը կրկնէ եղեր Զօհրապ։
Հալէպի մէջ, Պառօն Օթելի տէրը` Պ.Մազլըմեան, քանիցս ճաշի կը հրաւիրէ երկու տարագիրները, որովհետեւ հոն գտնուած ատեննին բաւական լայն ազատութիւն տրուած է եղեր իրենց։
Տիկին Մազլըմեան պատմած է ինծի, թէ սեղանին վրայ ախորժակով կուտէր Վարդգէս, մինչդեռ Զօհրապ հազիւ քանի մը պատառ կառնէր, ան ալ ստիպումներով։
Յաճախ լալով կը յիշէր իր կինն ու զաւակները։
Զօհրապ իր ձերբակալման պարագաները պատմած է Պ.Մազլըմեանի։ Կարժէ, որ յիշենք զանոնք։
Ձերբակալման գիշերը Զօհրապ Սէրքլը տրիանի մէջ մինչեւ կէս գիշեր թուղթ խաղացեր է Թալէաթ փաշայի եւ Խալիլ պէյի հետ։ Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։
Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։
Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։
-Ինչո՞ւ համար այս համբոյրը,- կը հարցնէ։
-Սրտէս բխաւ,- կը պատասխանէ միւսը։
Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։
Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է։
Դուրսը տաք ու գեղեցիկ գիշեր մըն էր։ Կորոշէ հետիոտն երթալ մինչեւ իր` Այազ Փաշայի բնակարանը։
Հազիւ ճամբա ելած` կը նշմարէ, որ մէկը կը հետապնդէ զինքը։ Պահ մը կը խորհի, որ թերեւս սխալ ենթադրութիւն մըն է ըրածը եւ փողոցին միւս կողմը կ անցնի։ Մարդն ալ կը հետեւի իրեն։ Զօհրապ քայլերը
կ'արագէ, նոյնը կ ընէ զինքը հետապնդողը, վերջապէս` անհամբեր ետին կը դառնայ եւ կըսէ.
-Արդեօք զի՞ս կը հետապնդէք։
-Այո,-կը պատասխանէ միւսը, որ ոստիկանութեան քօմիսէր մըն է եղեր։
-Ինչո՞ւ համար...
-Այնպէս հրաման եղած է ինծի։
-Գիտէ՞ք, թէ ես ով եմ։
-Այո, Զօհրապ էֆէնտին։
-Բայց սխալմունք մը ըլլալու է,- կը գոչէ խեղճը,- ես հիմա Ներքին Գործոց նախարարին հետ էի...
-Կրնայ ըլլալ, բայց ինծի տրուած հրամանը բացարձակ է եւ ստիպուած եմ հպատակելու։
Զօհրապ, ճարահատ, ճամբան կը շարունակէ ու կը հասնի բնակարանը, որուն դրան առջեւ ոստիկան մը կը սպասէր։
Քօմիսէր եւ ոստիկան ափարթըմանին սանդուխներէն վեր, կը հետեւին իրեն։
-Ի՞նչ է ձեզի տրուած հրամանը,- կը հարցնէ Զօհրապ։
-Ձեզ ոստիկանատուն տանիլ։
-Հիմա՞, անմիջապէ՞ս...
-Այո, անմիջապէս։
-Եւ եթէ երթալ չուզիմ։
-Այն ատեն բռնի պիտի տանինք։
-Չէ՞ք գիտեր, որ ես մէպուս եմ։
-Գիտենք, բայց մեզի տրուած հրամանը բացարձակ է։
Քօմիսէրը կը յայտնէ նաեւ, որ հետեւեալ առտու իսկ, այսինքն քանի մը ժամէն, ճամբայ պիտի ելլէ, հետեւաբար անհրաժեշտ գոյքերը կրնայ հետը առնել։
Զօհրապ կը մտնէ իր բնակարանը, ձայն կուտայ իրեններուն, եւ ափյափոյ պայուսակ մը պատրաստելէ ետքը կուգայ կը յանձնուի երկու ոստիկաններուն, իր կնոջու աղջկան ողբ ու կոծին միջեւ։
Նոյն միջոցին եւ քիչ մը տարբեր պայմաններու մէջ կը ձերբակալուի նաեւ Վարդգէս, եւ առտուն կանուխ երկուքը միասին կը բերուին Հայտար Փաշայի կայարանը։ Իրենց կը նկերանան եղեր ոստիկան մը եւ սիվիլ հագնուած լրտես մը։
Ոստիկանը կ ուզէ երրորդ կարգի վակօնի մը մէջ մտցնել երկու աքսորականները, Վարդգէս եւ Զօհրապ կ ընդդիմանան։
Ոստիկանը կը պնդէ, առարկելով, թէ վակօնը յատկապէս պատրաստուած է իրենց համար։ Երկու տարագիրները ձայն կը բարձրացնեն ու կը պահանջեն, որ առաջին վակօնով մը տարուին։
Երկու կողմէն ձայները հետզհետէ կը բարձրանան։
Ի վերջոյ Զօհրապ գրպանէն 25 ոսկինոց թուղթ մը կը հանէ, ոստիկանին կուտաայ եւ կ ըսէ, որ առաջին կարգի չորս տոմսակ առնէ իրենց համար։
-Եթէ ոչ,- կ ըսէ,- տեղ մըն ալ չեմ երթար։
Ոստիկանը կը ստիպուի տեղի տալ, անշուշտ 25 ոսկիէն աւելցած գումարն ալ գրպանելու յոյսով։
Ու այսպէս ճամբորդութիւնը կը կատարուի առաջին կարգով։
Հայտար Փաշայի կայարանին Հայ պաշտօնեաները ճանչնալով Զօհրապը, կ երթան իմաց տալու Պ. Անտօն Թարաքի, որ կը փութայ վար իջնել, առանց գիտնալու, թէ Զօհրապ ինչ պարագաներու տակ կը ճամբորդէ։ Այս վերջինը, երբ կը նշմարէ Պ.Թարաքը, որ դէպի իրեն կուգայ, ձեռքովը նշան կ ընէ, որ չմօտենայ։ Պ. Թարաք, որ վերադարձիս այս մանրամասնութիւնը պատմեց, աւելցուց.
-Խեղճ Զօհրապը չափազանց յուզուած, տժգոյն եւ ընկճուած տեսայ։
Վակօնին անկիւնը քաշուած, լուռ ու մունջ, անընդհատ կը ծխէր, մինչեւ կառախումբին ճամբայ ելլելը։

Բ

Գոնիա հասնելնուն` երկու տարագիրները ընդունուած են մէկ քանի Հայերու կողմէ, որոնք փութացած են իրենց ձեռքէն եկած օգնութիւնը ընելու, հակառակ սպառնացող վտանգին։
Ոստիկանները թոյլ տուած են տեսակցիլ պայմանաւ, որ թուրքերէն խօսին։ Այդ պայմանին տակ բնականաբար խօսակցութիւնը շատ աննշան եղած է։
Ատանա նոյնպէս հայրենակիցներ, իմանալուն երկու ծանօթ Հայերուն ժամանումը, փութացած են կայարան։
Իրենցմէ մէկը, Միհրան Պօյաճեան, ծանօթ վաճառական մը, մօտակայ կայարանի մը համար տոմսակ առնելով, յաջողած է Զօհրապի ու Վարդգէսի հետ տեսակցիլ հայերէն լեզուով, եւ հարցնել, թէ ի՜նչ ծառաայութիւն կրնայ մատուցանել իրենց։
-Մեր ընտանիքներուն լուր տուէք ասկէ անցնելնիս, ըսած է Զօհրապ,- ուրիշ ծառայութիւն չենք սպասեր ձենէ։
-Դրամի եթէ պէտք ունիք, յայտնեցէք։
-Չէ, շնորհակալ ենք, դրամի պէտք չունինք առ այժմ։
-Ո՞ւր կը տանին ձեզ։
-Տիարպէքիր, դատուելու համար, բայց չեմ կարծեր, որ մինչեւ այնտեղ հասնինք։
Եւ Վարդգէս զուարթ ձայնով աւելցուցած է.
-Տիարպէքիրի բանտը արդէն ծանօթ է ինծի, աղէկ բանտ մը չէ, բայց աւելի գէշերը կան։Կը տեսնաք սա գորգը, Տիարպէքիրի բանտին մէջ իմ ընկերս եղած է, հիմակ ալ միասին կերթանք կոր։ Հին բանտակիցներ ենք։
Հալէպի մէջ, ինչպէս լսի, Զօհրապ եւ Վարդգէս բաղդատաբար բաւական ազատութիւն վայելած են, շնորհիւ կուսակալին, որ Զօհրապի հին ծանօթ մըն է եղեր։
Այդ ազատութենէն օգտուելով` տեղացի մէկ քանի հայեր ծրագիրը կը յղանան փախցնելու երկու տարագիրները։
Յանդուգն ծրագիր մը թէեւ, բայց ոչ անգործադրելի։
Արաբ ուղտապաններու միջոցաւ երկու աքսորականները Պէյրութ կամ Տրիպոլիս փոխադրել կառաջարկեն ու հոնկէ նաւով Կիպրոս անցնիլ։ Այդ միջոցին Սուրիական ծովեզերքներու վրայ հսկողութիւնը շատ խստացած չէր ու այդպիսի փախուստ մը կրնար յաջողիլ։ Վարդգէս հաւանութիւն կը յայտնէ, սակայն Զօհրապ կընդդիմանայ ու բացարձակապէս կը մերժէ, առարկելով, թէ իր առողջութիւնը չի ներեր այդպիսի արկածախնդրութեան մը մէջ նետուիլ։
-Եթէ կ ուզես` դուն փախիր, - կ ըսէ Վարդգէսին։
Բայց Վարդգէս չհաւանիր երբեք իր բարեկամը լքանելու։
-Ինչ որ ալ ըլլայ, քենէ չեմ բաժնուիր,- կը պատասխանէ։
Զօհրապ ան ատեն կը մտածէ դիմում ընել Ճէմալ փաշայի եւ անոր աջակցութիւնը խնդրել եւ այս մտքով գիր մը կ ուղղէ Սուրիոյ դիկտատորին։
Զօհրապի այդ վերջին գրութիւնը, պերճախօս թուրքերէնով մը գրուած, ինչպէս ինծի հաւաստեց Պ.Մազլըմեան, անպատասխանի եւ ապարդիւն կը մնայ եւ վերջապէս երկու աքսորականները Հալէպէն ճամբայ կ ելլեն դէպի Ուրֆա։
Չեմ գիտեր, թէ որչափ կը մնան Ուրֆա, թերեւս մէկ երկու օր միայն ու հոնկէ կառքով կը մեկնին դէպ ի Տիարպէքիր, միշտ ոստիկանական հսկողութեամբ։
Ահռելի եղեռնը տեղի կունենայ Ուրֆայէն քանի մը ժամ անդին։ Թուրք չէթէներու խումբ մը կը պաշարէ կառքը։ Չէթէներու պետը, ինչպէս լսեցի Հալէպի մէջ, Խալիլ պէյը եղած է, Էնվէրի մէկ ազգականը, որ յետոյ Պաղտատի թրքական բանակին հրամանատար կարգուեցաւ, անշուշտ Զօհրապն ու Վարդգէսը սպաննելու քաջագործութեանը իբրեւ վարձատրութիւն։
Ոճրագործները կառքը կը կեցնեն եւ կը հրամայեն երկու աքսորաականներուն կառքէն վար իջնել։ Զօհրապ կ իջնէ, մինչ Վարդգէս կը պօռայ.
-Ոչ, վար չեմ իջներ, կառքին մէջ մեռցուցէք զիս։
Այսպէս կը նահատակուին Զօհրապ եւ Վարդգէս, հայ ազգին երկու ազնուական զաւակները։
Կառապանը, որ ինքզինք թուրք կեղծող հայ մըն է եղեր, կը վերադառնայ Հալէպ եւ ինք է, որ պատմած է եղելութիւնը իր մանրամասնութիւններով։
Չէթէները` բնականաբար` կը կողոպտեն իրենց զոհերը։
Զօհրապի նշանտուքի մատանին ու ժամացոյցը ծախուած են Հալէպի մէջ։ Իր ֆէսը, կը գտնուի եղեր, չեմ գիտեր ինչպէս, միսիօնարուհիի մը քով։
Վարդգէսէն որեւէ հետք չէ մնացած։
Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ։

1918

Ուրախ-տխուր մեր Ֆրունզիկը

« Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց, տոտիկ-տոտիկ անելով, իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ:
Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածսդեմքիս վրա ի ցույց դնում… »

« Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց » :

http://www.yerkir.am/am/news/28274.htm

Tuesday, July 3, 2012

Մի էշի պատմություն

Կնիկս եկավ տուն:
-Ի՞նչ կա կնիկ:
-Հեչ հարազատ ջան:
-Մի բան էն չի, ասա տենամ ի՞նչ ա եղել:
-Հեչ, ուսումնարան էի գնացել, ավարտական կոմպոզիացիաի նախնական ցուցադրություն էր:
-Ու՞:
-Չընդունեցին:
-Ինչի՞:
-Ասեցին «աղջիկ ջան, շատ աբստրակտ ու միստիկանան բաներ ես նկարում,
մանրանկարչության նմանա ա, մի քիչ ավելի ռեալիստական, ոչ վերացական բան նկարի, օրինակ՝ «մայրություն»:
-Վայ քու արա՜, լավ բան չասիր, ու հետո՞:
-Դէ էշ եմ նկարելու:
-Ի՞նչ, ի՞նչ էշ, ուուուհուուհ ... ի՞նչ էշ:
-Են առակը հիշու՞մ ես, հոջա Նասրեդինի, են էշի մասին առակը, այ դա էմ նկարելու Առակ:
Մի անգամ Նասրեդինը իր որդու հետ միասին գնում էր ինչ որ քաղաք,
Որդին ասում է,
-Պապ, արի դու էշի վրա նստի, թե չէ մարդիկ ինչ կասեն՞: Նասրեդինը ասում է.
-Չէ, տղաս ավելի լավ է դու նստի:
Եվ Նասրեդինը նստացում է որդուն էշի վրա, ու ինքը կողքով ոտքով է գնում:
Դիմացի եկող մի ամբոխ, ասում է
-Էս ի՞՜նչ տիպի երիտասարդություն է, ինքը նստել է էշին, իսկ իր հայրը, որը հայտնի է իր կրթվածությամբ և շատ հարգված է, ոտքով է գնում: Որդին ասում է Նասրեդինին,
-Պա՛պ, ես քեզ ասում էի չէ՞, էլ մի հակառակվի, նստիր էշի վրա ...
Նասրեդինը նստում է էշին...
Մի քիչ էլ առաջ գնացին ու նորից հանդիպեցին մարդկանց, սրանք թե.
-Ամո՜թ, ամո՜թ, մեծ մարդ էս, դու նստել էս էշին, իսկ էտ երեխեն, որը ոնց որ լուցկու չոփ լինի, տանջվում է կողքովդ քայլելով:
Ու Նասրեդինը որդուն նստեցնում է իր կողքին, էշի վրա:
Մի քիչ էլ են առաջ գնում ...
Մի այլ պարապ ամբոխի են հանդիպում.
-Ա՜յ քեզ մարդիկ, խեղճ էշի վրա երկուսով նստել են, անմեղ կենդանուն տանջում են, Նասրեդի՛ն բայց քեզանից չէինք սպասում այդպիսի բան: Ամո՜թ ամո՜թ ...
Նասրեդինը տխուր-տրտում իջնում էշից, որդուն էլ է իջեցնում և նրանք շարունակում են ճանապարհը էշին առջևից քշելով ...
Դէ իհարկե այսպես չի կարող ավարտվել առակը:
Մի որոշ ժամանակ քայլելուց հետո նրանք նորից հանդիպում են մարդկային մի այլ խմբի.
-Ա՜՞յ քեզ տարօրինակ մարդիկ, էշը ուրախ զվարթ վազզվզում է սրանց առջևով, իսկ սրանք հազիվ ոտքերը քարշ են տալիս այս շոգին, ինչ հիմար ասես աշխարհում կհանդիպես...
Ու... հոջան շալակում է էշին, երեխային էլ նստացնում է վերևից ու շարունակում է ճանապարհը ...
Հ. Գ:1 Գ. Գյուրջիեվը ասում էր , որ իր ուսուցիչներից մեկը եղել է ոմն Նասր Էդդինը, շատ ավանտյուրիստն ա եղել հա՜...
Հ. Գ:2 Բոլոր կերպարները և իրադարձությունները հորինված են, նմանությունը իրական կերպարներին
և դեպքերին շաաատ պատահական
են:

Մարդն ահավոր կապիկի տեսակ է

Չեմ հասկանում, թե հայ կինը ղազախ կնոջից ինչով է տարբերվում: Կինը կամ բարոյական է լինում կամ անբարո: Անբարո կնոջը բոզ են ասում:  Ի դեպ խառնում են բոզին պոռնիկի հետ: Պոռնիկը իր մարմնով փող աշխատող կինն է, բոզը փեշից թույլն է: Իսկ երբ ասում են հայ կնոջը հարիր չի… այդ բառը ինձ խելագարեցնում է, ինչպես և միանշանակը: Վիլյամ Սարոյանը, որ եկել էր, հարցրել է՝ գող ունե՞ք, ասել են հա, իսկ բոզեր՝ ասել են դե այո, վարպետ: Ասել է՝ դե լավ է. հասարակություն եք: Երրորդ մասի կամրջին կանգնած են, նորմալ ա: Փարիզում էլ կան: Երբ այնտեղ էինք ապրում, տղաս փոքր էր, ասում էր՝ ինչու են կանգնել այս ցրտին, նրան ասում էի, որ դերասանուհիներ են, սպասում են, որ իրենց ընտրեն: Եթե հարիր չլիներ, մենք ժողովուրդ չէինք լինի: Ի վերջո երեխան սեքսից է ծնվում:
Մենք ամեն պարագայում, արևելյան մտածողության մարդիկ ենք ու ավելի ավանդապաշտ, քան այսպես կոչված հյուսիսային քաղաքակիրթ մարդիկ: Օրինակ, այնտեղ տղամարդն ամուսնանում է տղամարդու հետ: Ի՞նչ է, դա հարի՞ր է հայ տղամարդուն: Մյուս դեպքին դեմ չեմ, լավ կնիկ ա, լրբություն ա արել, բաժանվում են, բայց երբ կինը կնոջ կամ տղամարդը տղամարդու հետ ա ամուսնանում, դա հարի՞ր է որևէ հասարակության: Եկեղեցու կողքը, օրինակ, կազինո է: Եկեղեցին դրանում մեղավոր չի: Դրանք փող լվանալու մի ահռելի կաթսաներ են: Դա իրոք հարիր չի փոքրաքանակ ազգերին, մեծաքանակի հերն էլ անիծած, ռուսն իրեն կարող է թույլ տալ, բայց մենք՝ ոչ: Նշանակում է, որ քաղաքակրթությունը, որն այսքան ժամանակ ստեղծվել է, հակաքաղաքակրթություն է: Մարդը ահավոր կապիկի տեսակ է, որը ոչնչացնում է մոլորակը, բազմանալով ու խժռելով:



Նոյեմբեր 30, 2011
Ռուբեն Հախվերդյան

http://www.ejournal.am/news/opinion/2011-11-30/484/

Երբ փոսում ես...

Աղբը պետք է մաքրել, միջակությունը մերժել, իրականությունից վախը՝ բացահայտել։
Այսպես չվարվող հասարակությունը դատապարտված է։
Երգիչը երգում է զվարճացնելու համար, ծաղրածուն ծիծաղեցնում է, իսկ գրողը գրում է անգամ երբ նրա գրածը ոչ զվարճացնում է, ոչ ծիծաղեցնում ընթերցողներին։

Քննադատության իմաստը (գրականությունը քննադատություն է) հակասությունների բացահայտումն է։
Երբ փոսում ես, դադարիր փորելը։
Սոկրատեսը դատապարտվեց մահվան, որովհետև բացահայտում էր իր հայրենակից աթենացիների ամբարտավանությունը։
Աթենացիք, որոնք իրենց ոսկե դարի գագաթնակետում էին (5-րդ դար մեր թվարկությունից առաջ) միավորվեցին նրան հավերժ լռեցնելու գործում։ Նրանք մեծամիտ ու ամբարտավան էին Սոկրատեսի փաստարկները տեսնելու և սեփական սխալներն ընդունելու համար, այդ պատճառով ընթացան մեր ժողականության ու քայքայման երկարատև ուղղով և այլևս ոտքի չկանգնեցին։ Նրանց ջաղջախեցին հետամնաց բարբարոս հռովմեացիք, մակեդոնացիք ու թուրքերը։
Սոկրատեսից հազար տարի անց, մեր մեծագույն պատմիչները Խորենացին ու Եղիշեն (մեր թվարկության 5-րդ դար) զգուշացրին հայերին ինքնա ոչնչացման ճանապարհին լինելու մասին ու նրանք նույնպես արհամարվեցին։ Այն ինչ պատահեց հույներին, պատահեց նաև մեր հետ։
Շարունակեք եթե կուզեք պաշտպանել ձեզ քննադատությունից, մեր պարտությունները, ողբերգություններն ու ներկա դժվարությունները բացատրելով ու պատճառաբանելով պատմությամբ, աշխարհագրությամբ ու սոցիալական վիճակով, բաներով, որոնք դուրս են մեր հսկողությանոլորտից։
Շարունակեք եթե կուզեք փորել փոսը…

Արա Բալիոզյան, Կանադա:
Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը: