Sunday, July 15, 2012

Արևելքի Ստվերը

Սեպտեմբեր 03, 2011
Լևոն Ջավախյան

Իմ ընկեր Վազգենն այնքան է սիրում իր ծննդավայր Ախթալան, որ նույնիսկ կնոջ խանդն է շարժել: Կինն ասում է` որ իմանայի ինձ էլ այդքան կսիրեիր, անունս կդնեի Ախթալա…
Ծամոնը բերաններին երկու աղջիկներ մոտեցան արծաթեղենիս: Մատանի էին ուզում գնել: Մեկիկ-մեկիկ զարդերը զննում էին, իրար երեսի նայում, ասում` օքեյ, գինն էին հարցնում, էլի տեղը դնում, ասում` օքեյ, նորը վերցնում, դնում մատներին, ասում` օքեյ…
Որ շատ "օքեյ" ասեցին ու իրար երեսի նայեցին, էլ չդիմացա:
Ասի` աղջիկներ, հայ եք, չէ՞… "Օքեյ"-ը ո՞րն ա… Բանի տեղ չդրեցին: Անվրդով իրենց ծամոնն էին որոճում: Աննկատ մեզ էր մոտեցել Լուսիկ Ագուլեցին` հայտնի նկարչուհին, ինչպես միշտ, մինչև կրունկները հասնող երկար տարազով, իրանն ի վեր արծաթյա հին զանգուլակներով, կոպիտ ապարանջանով, մատանի օղերով ու մանյակով, և որ էական է, սև հյուսկեն մազերի վրա եռանկյունաձև վառ նախշերով կարպետագործ թասակով: Խաղողի ողկույզների նման սև-սև աչքերն աղջիկներին հառած` նրանց էր տնտղում:
Մեկ էլ որտեղից որտեղ նրանցից մեկը մի գոնդոլ մատանի նկատեց:
Վայրենի ուրախությամբ ամեհի կրծքերն առաջ նետեց, մատանին հափշտակեց ու բացականչեց.
-Վաո~ւ… Դա ջղերիս սաստիկ ազդեց:
Բայց Լուսիկ Ագուլեցին ինձ կանխեց: Ասաց.
-Աղջիկ ջան, էդ "վաու"-ն որտե՞ղ ես սովորել… Չլինի՞ պապդ տատիդ տեսնելիս ասել ա` վաո~ւ… Նրան էլ բանի տեղ չդրեցին:
Անվրդով իրենց ծամոնն էին ծամում ու գոնդոլ մատանին շուռումուռ տալիս:
-Գիտե՞ք էդ "վաու"-ն ոնց ա առաջացել,- տեսնելով, որ աղջիկներն իրեն չեն լսում, հուսահատ ինձ դարձավ,- սրանց նման մի ամերիկուհի որ առաջին անգամ տղամարդու անդամ է տեսել, զարմանքից ցնցվել է… Ու նրա բերանից ճիչ է թռել` վաո~ւ… Աղջիկների ուշքն ու միտքը գոնդոլ մատանին էր:
Աջ էին շրջում` վաու էր, ձախ էին շրջում` վաու էր…
Բերանի մեջ հանգիստ, փափուկ ու խաղաղ հունցվում էր եվրոպական գաթան` աբորիգեն ծամոնը:
Այսպիսին է կյանքը:
Այս աղջիկները, այն տղաները, նրանք, գուցե և մենք մեր ինքնությունը փորձում ենք փնտրել մի այլ տեղ, որտեղ, սակայն, այն չկա:
Մենք երես ենք դարձնում ավանդներից, լեզվից, մշակույթից, գենից…
Երես ենք դարձնում մեր ակունքից: Ուրիշին ենք սիրում: Պոռնկանում ենք:
Եվրոպայում գերադասում են սեքսուալ տեսքը: Մենք հետ չենք մնում: Գլոբալ քաղքենիությունը լայնորեն ընդգրկում է մտավորական շրջանակներ:
Մտավոր սերուցքի բաղձանքն Արևմուտքն է:
ՙՄենք եվրոպական արժեքների կրողն ենք՚,- հպարտությամբ ճամարտակում են նրանք հեռուստաէկրանից, թերթերից, գրքերից, մանր ու մեծ ամբիոններից…
Նրանց հիմնական փաստարկը քրիստոնեական դավանաբանությունն է և դրա հետ կապված մշակութային ու հոգևոր ձեռքբերումների միանմանությունը:
Եվրոպական արժեքների աներկբա ընդունումը երբեմն էլ արևմտականներին հասցնում է արևմտամեռության վիհին:
Կարծես թե արևելքցին չի կարող քրիստոնյա լինել, իսկ եթե կարող է, ապա չի կարող արևմտամետ չլինել:
Վերջիվերջո, ինքնամոռաց ջանքով ինչո՞ւ ենք տենչում նմանվել եվրոպացիներին կամ ամերիկացիներին` երբեմն էլ այն աղջիկների նման ՙհաջողությամբ՚ կապկելով նրանց:
Ի՞նչ ենք շահում և ի՞նչ կորցնում…
Ժողովրդավարությո՞ւն, ազատությո՞ւն, հոգևոր հարստությո՞ւն, թե՞ այդ ամենի քողի տակ ծպտված գռեհկություն, այլանդակություն, այլասերում…
Եվրոպայի մեծագույն արժեքը ազատությունն է: Մեզ համար այն ավելի շուտ ազգային ավանդները քայքայելու ազատությունն է…
ՙԷս ի՞նչ քյաֆուր դարի հասանք՚,- կասեր Արևելքի մեծ պոետը:
Ժամանակին Արևելքը չէր, որ Արևմուտք էր ձգտում: Այն ժամանակ բոլոր ճանապարհները տանում էին Արևելք:
Այդ ճանապարհով եկավ նաև առաջին աշխարհաքաղաքացին, առաջին տիեզերականը` Ալեքսանդր Մակեդոնացին:
Նա եկավ թեկուզև այն բանի համար, որովհետև արեգակը արևելքից էր ծագում:
Մակեդոնացին դեպի լույսն էր գնում: Նա իր ազգային պատկանելությունն Արևելքում չկորցրեց, այլ վերագտավ` ընդունելով նրանց լեզուն, մշակույթը, տարազը, սովորույթները, աստվածներին և նաև կանանց:
Առաջին աշխարհաքաղաքացին Արևելքում էր, որ սկիզբ դրեց քաղաքակրթության վիթխարի առաջընթացին` հելենիզմին:
Նրա մարմինն ու հոգին դեպի լույսն էին արշավում, դեպի արևելք, շարունակ արևելք…
Իսկ Արևմո՞ւտքը…
Արևմուտքը սոսկ Արևելքի ստվերն էր…
Դեպի ուր, ավաղ, հիմա ձգվում են մեր քարավանները…
Դեպի այնտեղ, դեպի մայրամուտ…
Մեղքս ի՞նչ թաքցնեմ, իմ ոտքը Շնողից այն կողմ չի գնում, բայց միտքս շարունակ թռիչքի մեջ է: Ես Արևելք եմ թռչում` դեպի ձյունափառ Տիբեթ, դեղնակարմիր Չինաստան ու մի քիչ էլ այն կողմ` կապույտ Ճապոնիա: Եվ այդ ժամանակ ես ինձ ավելի եմ հայ զգում: Ես սիրում եմ արևին ընդառաջ գնալ: Իսկ միգուցե արեգա՞կն է ինձ ընդառաջ գալիս: Այլապես որտեղի՞ց են սերվում իմ պատմությունները…
Հավանաբար ոտքիս տակից (արևելյան մի երկրից), թերևս մտքիս ծայրից, որ արեգակից է թելվում…

www.ejournal.am/news/society/2011-09-03/263/

No comments:

Post a Comment