Sunday, July 15, 2012

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ - ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
* * * *

Փողոցում մի երիտասարդ հարցրեց ինձ.
- Ինչպե՞ս կարելի է մտնել Սովետական գրողների միության մեջ:
- Մի ժամանակ շատ հեշտ էր, - պատասխանեցի,- ինչպես կլիզման հիվանդի հետույքը մտցնելու համար գործիքի ծայրը օճառին են քսում, այնպես էլ այդ Միության մեջ մտնողը պետք է իր գրչի ծայրը Ստալինին քսեր: Ուզում եմ ասել՝ մի ներբող գրեր Ստալինի մասին:
Հիմա Ստալին չկա. նրա տեղը Խրուշչովն է նստած: Չգիտեմ Խրուշչովին քսելով կարելի՞ է մտնել, թե ոչ: Պետք է փորձել...
1962թ.
* * * *

Ինչպես դերասանը չի կարող բեմ բարձրանալ իր սեփական շորով ու սեփականդեմքով, այնպես էլ գրողը չի կարող Հայաստանի գրողների շարքը մտնել իր սեփական ճաշակով, սեփական համոզմունքով ու սեփական լեզվով։
Անմիջապես քեզ կուլիս քարշ կտան, նոր լեզու կդնեն բերանդ ու բեմը կհրեն ասելու այն, ինչ «հուշարարը» ականջիդ կշշնջա։
Իսկ այս՝ ռուսերեն ասվում է «խոսքի ազատություն»...
* * * *

Այն կրոնը,որ Աստված է փնտրում ու չի գտնում,բանական է,բնական է ու մարդու էությունից է բխում:
Այն կրոնը,որը գտել է իր Աստվածը ու սկսում է պաշտել նրան, դա կռապաշտություն է:
* * * *

Ես արդեն ի բնե խոնարհ` սոցիալիստական զրկանքն էլ եկավ վրան։
Այսօր գլխահակ, վշտերիցս օրորվելով, երբ անցնում էի փողոցով, մեկ էլ հանկարծ ընդվզեցի եւ գլուխս բարձրացնելով` կամեցա նզովել Աստծուն։
Այդ միջոցին նկատեցի, որ գլխիս վերեւում ակացիաները ծաղկել են արդեն, եւ ծառերը սաղարթակալել։
Գարո՞ւն է արդեն, զարմացած ասում եմ ինքս ինձ, իսկ ես կարծում էի` դեռ ձմեռ ենք ապրում։
Այստեղից եզրակացրի, որ մարդս իր կյանքում գեթ մեկ անգամ ընդվզելու է, որ առիթ ունենա գարունը վայելելու…։
* * * *

Պետություն ըսածդ կոոպերատիվ խանութ մըն է, որոնց բաժանորդները նույն ազգի հարուստներն են. նախարարները գործավարներն են այդ խանութին, որք առանց պատշաճ օրդերի ոչինչ չեն տար ազգի մը...
Ազգ մը հույսը ոչ սեփական և ոչ առավել ևսօտար պետությանց վրա դնելու է, ան միայն իր ուժերուն վրա վստահելու է...
* * * *

Ինչպես կատուները փուչ ընկույզի հետ ավելի երկար են խաղում՝ քան լիքի, այնպես էլ կառավարությունն ամիսներով ռեկլամում ու թմբկահարում է այն ընտրությունները, որոնք ժողովրդի սրտին ոչինչ չեն ասում, ավելորդ են, նվաստացուցիչ և անբովանդակ։
* * * *

Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն՝ մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կը տեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։
Տե՜ր, տե՜ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ ղրկե, տե՜ր...
Տե՜ր, չէ՞ երեկ էր, որ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսեցի՞ր որքան ծանր էր մեր կացությունը. չտեսա՞ր, որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը ճակատը պահելու մեջ է...
Տե՜ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե թշնամուց՝ ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կը հանեմ ազատվածերկիրը կառավարելու համար, տե՛ր...
Կաղաչեմ, ո՜վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտի վրա ավելցո՛ւր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։
Ու եթե կարելի է, պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ...
Ազգին տուր...
Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս ամեն...
* * * *

Հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։
* * * *

Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ։
Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուռս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար։
Գանձարանի մեջ կեռա, եփ կուգա նոր թղթադրամը, մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին... հաշիվները։ Իր հովանու տակ կգտվին հսկա "Կոոպերատիվներու միությունը", որուն մեջ թաթերը լիզելով ել ու մուտ կնեն հազարավոր պաշտոնյաներ։
Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջ սեր կերգեն։
-Սեր, գինի, երգ,- ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արևելյան իմաստով պետություն կազմելու համար։
* * * *

Եթե մարդն աշխարհ գալիս մի բան չի վերցնում անցյալից և մի բան չի թողնում ապագային, ապա դրան դուրս պիտի գլորել մարդկային շարքից՝ որպես շինության համար անհարմար կլոր քար։
* * * *

Չորսը տարին լրացավ, ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ։
Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում։ Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում։
Երբ այդ այդպես է, զարմանում եմ, ի՞նչ կարիք կա անհանգստացնել մեր ղեկավարներին։ Հազիվ են տեղները տաքացրել, թող նստեն, էլի։
* * * *

Գաղափարը պիտի դավանեն միայն Հովբ Երանելիները։
Գաղափարը զոհ է պահանջում, նա բարիքների ամբար չունի իր դավանողի առաջ և բաց անելու համար։
Այն դավանանքն է սուրբ, որի համար մեռնում են...
* * * *

Արդյոք մարդու էության մեջ կա՞ ազատության տենչ։ Ո՛չ։ Կա ստրկության տենչ։ Ապացույցն այն, որ ազգերը, ազատվելով միապետական բռնակալ լծից, դառնում են հանրապետական, ու իրենք կամովին իրենց գլխին մի բռնակալ են դնում՝ այն անվանելով "նախագահ"։
Ուրեմն, ավելի վատ։
Միապետության ժամանակ ազգը կարող էր արդարանալ, թե բռնապետը նստել է իր կամքին հակառակ. հիմա՞ ինչով պիտի արդարանա։
* * * *

Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե զենքը։
* * * *

Ինչպե՞ս կարող եմ ես ծիծեռնակներին էլ, ճնճղուկներին համահավասար սիրել, երբ առաջինն ամառվա ամիսներին է միայն գալիս մեզ մոտ ամառանոց, ուտում, բազմանում ու աշնանը վերցնելով իր ընտանիքը, փախչում է մեզանից: Մինչ ճնճղուկն իր բախտը մեր բախտին կապած, ապրում ու մեռնում է մեզ հետ և ձմեռները մեր տերևազուրկ ծառերի վրա ոստից ոստ թռչելով՝ կենդանացնում մեր մեռած բնությունը:
Տեսեք քանի՜սն են թառել պարտեզիս միակ թթենու վրա:
Ջանիկնե՜րս...
* * * *

Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը... դատավորն է։
* * * *

Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։
* * * *

Ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։
Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին, երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։
Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։
Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։
Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։
Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք "կատուն"՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։
* * * *

Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ։
* * * *

Ասում են՝ եթե գայլի աչքերին ուղիղ նայես՝ չի հարձակվի վրադ։
Փորձի համար ես մահվան աչքերին եմ նայում ուղիղ, տեսնենք կհարձակվի՞։
Ես բոլշևիկների աչքերին նայեցի՝ իրոք որ չհարձակվեցին։
Ուրիշները Լենինի անունը լսելիս էգ շների նման պոչն առած երկու ոտների արանքը ներբող էին կախկանձում՝ ես նրանցար անվանեցի ու նրանից ավելի մեծ բռնակալ։
Բայց ես կարող եմ մահվան աչքերին նաև ուղիղ չնայել։
Այնքան սիրուհիներ ունեմ մեռած, որ գերեզմանը դարձել է իմ աներանց տուն…
* * * *

Աստվա՛ծ, եթե ուզում էիր, որ քո ատեղծած աշխարհում բնակիչ լիներ՝ պետք է մարդուն երևակայությամբ չօժտեիր:
Ո՞ր երևակայող մարդը կապրի քո անդուռ, անպատուհան աշխարհում՝ մեջը ծայրե-ծայր հակասություն...
* * * *

Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։
Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
* * * *

Ես, որ փիլիսոփա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։
Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։
Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։
Ինձ սեր է հարկավոր։
* * * *

Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է։
* * * *

‎-Ո՞վ ես դուն պզտիկ,- հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։
Ե՞ս… Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։
* * * *

Եթե արվեստը ի սպաս դրվի որևէ անհատի, քաղաքական կուսակցության կամ պետության, այն կդադարի արվեստ լինելուց և կդառնա ապրելու գործիք քրիստոնյա տերտերների, սոցիալիստ առաջնորդների և ոճրագործ կառավարությաւնների։
* * * *

Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։
* * * *

Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները:
Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին:

Նյութերը տրամադրեց Լեռ Կամսարի թոռնուհի՝ Վանուհի Թովմասյանը

No comments:

Post a Comment