Thursday, July 12, 2012

Ես Իմ առաջ

"… Որքան չերգած երգեր կան փակ վանդակներում, որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու:
Երբ երգը դառնում է վախեցած գազան ու փակված վանդակում ճաղերին է զարկվում, երգը դառնում է վիրավոր լուսան , երգը թռիչքի է պատրաստվում, երգը լռում է ու քնած ձևանում, գալիս է պահը` նա պայթում է, պայթում…":

-Երբեք ինձ համար փակ վանդակներում երգեր չեն եղել: Ուղղակի Սովետի տարիներին ռադիոյով, հեռուստատեսությամբ չէին հնչեցնում, ինչը նշանակում էր երգի բանտարկություն:
Պարադոքսալ բան տեղի ունեցավ. նրանք դրանով իմ երգերը ռեկլամեցին: Տակից ապրանքը շատ ավելի գրավիչ էր, քանի դախլի վրա դրված ապրանքը: Իմ առջև փակեցին ռեժիսորությամբ զբաղվելու դուռը: "Սատանայի ջրաղացն" էի բեմադրել: Կյանքս կերան:
Երեք անգամ փակեցին:
Դրանից հետո որոշեցի երգով զբաղվել, ու ստացվեց:

".…Արծաթե թիթեռնիկներ` պոկված կապույտ հեքիաթներից, թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն.…":

-Չեմ իմացել, որ Հենրիկ Հովհաննիսյանն իմ մասին ասել էր` մեր Վիսոցկին: Ես ավելի շատ "Բիթլզի" տակ եմ մեծացել, և նրանք ինձ համար եղել են ուղեցույց գեղեցիկ, փափուկ, փխրուն երգերի: Թեև ռոք է կոչվում, բայց երգը ինձ համար երգ է, եթե որակով է, հանգստացնող արվեստ է:
"Բիթլզը", ճիշտ է, ըմբոստություն ունի իր մեջ, բայց նրանց հարմոնիկ լուծումները ամենաուղղակի կերպով գալիս են դասական երաժշտությունից: Շատ եմ լսել նաև ֆրանսիական էստրադա, մասնավորապես` Ժաք Բրելին:
Նաև` Վիսոցկի: Եվ Օկուջավա եմ շատ սիրում:
Ես, առհասարակ, չեմ կարծում, թե որևէ մեկից եմ ազդվել: Ես ազդվել եմ լավագույն երգիչների լավագույն երգերից: Ասում են` յոթ ծիծ կերած…
Էդքան կարողացել եմ ազդեցություններ կրել, պահել իմ մեջ և հայերենով արտահայտել իմ մտքերը :

"….Մոռացիր դու նրանց քարոզները բոլոր: Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել: Մոռացիր դու նրանց բոլոր աղոթքները: Հավատա ինքդ քեզ : Մի անգամ հավատա քո Աստծուն, հավատա քո հոգուն, հավատա ինքդ քեզ և այրիր կամուրջները քո ետ դառնալու….":

-Ես, օրինակ, երգիչ չեմ: Ես երգերս մեկնաբանող եմ: Դա այդպես է կոչվում ֆրանսերենում` "interpreteur":
Վիսոցկին նույնպես մեկնաբանող էր, և "Բիթլզներն" էին մեկնաբանող, և Օկուջավան, Ժաք Բրելը նույնպես:

"….Եթե իմանայիր` որքան եմ լաց եղել ես, քո գնալուց հետո որքան եմ քեզ փնտրել:
Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները ու սարքեին մի լիճ, ուր լողային աստղերը:
Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները, ու նրանց պատմեի սիրո մասին երգերը, նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է, երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը…":

-Ինձ համար միշտ էլ դժվար է եղել ստեղծագործել, ինչպես մայր դառնալն է դժվար: Իմ երգերը շատ չեն տարբերվում իրարից որակով:
"Եթե իմանայիր" երգը 18 տարեկանում եմ գրել: "50-ից հետո"-ն, "Կտակը" հիմա եմ գրել: Համերգի ժամանակ բոլորովին չի զգացվում, թե որը երբ եմ գրել:

"….Երգերը իմ կառնեն թևեր և իմ սրտից կթռչեն վեր, էսպես հերթով` շարան-շարան, նրանք ինձնից կհեռանան, նրանք ինձնից կհեռանան. …":

-Վերջում պարզվեց, որ իմ կենսագրությունը, որ ես երգում եմ իմ երգերի մեջ, իմ սերնդի կենսագրությունն է և, առհասարակ, մարդկային կենսագրություն է: Եթե դա լիներ միայն իմ կենսագրությունը, այնքան էլ արժեք չէր ունենա:

".…Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա, ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա, ու անմիտ կթվա քո աչքին…
Երջանիկ այս պահերն, իմ Աստված, ես գիտեմ, թե ինչու ես տվել, որ դրանք մեզանից դու խլես, դրանց տեղը բաժանես կարոտներ… Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում, թափառում ու փնտրում, թափառում ու փնտրում են իրար...":

-Ես ենթադրում եմ, որ որոշ չափով հայտնի եմ դարձել, որ այդ երգերը պարադոքսալ ազդեցություն են թողնում հանդիսատեսի վրա: Դահլիճում այդ երգերով և կապվում են միմյանց, և մնում միայնակ:

"…. Իմ ընկերները հեռանում են, ինչպես թռչունների երամ, ժամանակի հետ բթանում է այն ցավը, որ նրանք չկան: Այն ցավը, որ այդպես եղել է և լինելու է անպայման, որ հայրենիքը դա երազ է, պզտիկ հատված տարածության...":

-Ես պատմող երգեր չունեմ: Ոչ էլ տվյալ ժամանակշրջանը ամփոփող երգեր: Ի՞նչ է նշանակում տվյալ ժամանակի մասին պատմող երգեր: Չկա նման բան: Իմ երգերը մտքեր են: Իմ երգերը բանաստեղծական են: Եվ եթե բառը և երաժշտությունը միասին չեն ծնվում, այդ երգը հաջողություն չի կարող ունենալ:

"….Իմ երգն անիվների վրա ինձ կլքի ու կգնա, մի օր ինձնից կհեռանա իմ երգն անիվների վրա…":

-Ես երբեք որևէ բան չեմ արգելում: Տեսեք` ով ուզում, երգում է երգերս, և, իհարկե, մեծ մասամբ …ում են երգերիս մեջ: Խոսքերն են սխալ արտասանում:
Սխալ են մեկնաբանում երգերս:
Երբ վատ են երգում, էդ իմ երգը չի:
Երբ լավ են երգում, ի'մ երգն է:

"…Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես, դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե և հեռանալիս չնախազգուշացնել: Դու այսօր ինձ հետ կքնես, ինձ կտաս վարդագույն խոստումներ, իսկ երբ կփակվեն իմ աչքերը, կթողնես, կփախչես, կփախչես: Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ, իսկ ես հասարակ մի տղա, և չեմ կարող երկար պահել քեզ, դու ինձնից կհոգնես, կհոգնես…":

-Հիմա նոր երգ չեմ գրում: Դա ինքն իրեն չի լինում:
Առհասարակ, կարելի է ասել, այդ քածը, որ կոչվում է մուսա , վերջերս շատ ուշ-ուշ է հանդիպում ինձ: Չգիտեմ` ինչու: Էդ արդեն իր գործն է:
Մուսան պոռնիկի պես բան է:
էսօր քեզ մոտ է, վաղը` ուրիշի:

"…Ահա իմ փայ երջանկությունը, որն ինձ, ավաղ, շուտ կլքի, իսկ իմ խղճի հաշվետվությունը երգի ձևով, երգի նման, երգի թևով կփոխանցվի…":

-Մարդը կարող է երջանիկ լինել, և դրա համար փողը պայման չլինի: Փողը ոչ մի կապ չունի երջանկության հետ: Էն մարդը, որ կարող է քչով բավարարվել, նա երջանիկ լինելու շանս ունի: Հետո ամեն մարդ երջանկության իր չափն ունի:
Խոզը երջանիկ է, չ՞է, որ նրան շատ կեր ես տալիս: Դա երջանկության իր չափն է: Մեկն էլ կա` ինչքան էլ կեր տաս, չի կարող երջանիկ լինել:

"….Հին ընկեր, իմ անգին ընկեր, արդյոք ո՞ւր ես դու կորել:
Հին ընկեր, իմ անգին ընկեր, չեմ կարող ես քեզ գտնել…
Հին ընկեր, իմ անգին ընկեր, ես կարող եմ քեզ փրկել…":

-Ես դաշնակցականամետ մարդ եմ, բայց դա չի նշանակում , որ ես կուսակցական եմ: Ես քարոզարշավին նրանց համար երգ եմ գրել: Լսել եք: Գրել եմ, որովհետև լավ վճարել են: Բայց դա չի խանգարել, որ ես այդ երգի միջոցով արտահայտեմ իմ կարծիքը Դաշնակցության գաղափարախոսության մասին: Հիմա ես նման բան դժվար անեմ: Որովհետև արդեն գրել եմ: Հո անընդհատ քարոզարշավի համար երգեր չե՞մ գրելու:

"….Ես գիտեմ, թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում էս շները, ես գիտեմ... Փակեցեք շատ ամուր ձեր դռները, փողոցում թող մնան պոետները և մարդիկ, ում համար միևնույն են տերերը և հատուկ կատաղեցրած շները.…":

-Ես, առհասարակ, շատ սիրում եմ դասական երաժշտությունը և զարմանում եմ մեր շատ իշխանավորների տգիտության վրա, որ նրանք հովանավորում են» պապսան՚` անճաշակը:
Նույնիսկ կոչումներ են տալիս շատերին: Մինչդեռ մեր իրականության մեջ հովանավորության կարիք ունի դասական երաժշտությունը:
Շնորհքովներին օգնեք, անշնորհքները իրենք իրենց ճամփան էլ կգտնեն, իրենց հովանավորներին էլ կգտնեն, իրենց սիրեկաններին էլ կգտնեն, վերջում էլ իրենց ամուսիններին կգտնեն:

"….Ու դրսում հղփացած տականքները թալանում ու գռփում են մարդկանց: Էս կեղտոտ, ասիական մութ բարքերը ու դեմքերն ինչ սազում են սրանց…":

-Էդ հիմարությունները, էդ պլակատները, որ կպցրել են քաղաքում` "Ես քեզ սիրում եմ": Չես հասկանում` ո՞վ ու՞մ է սիրում, կամ ինչու՞ է սիրում:
Կամ` "Մենք հայկական բանակ ենք": Մենք գիտենք, թե ինչ վիճակում է հայկական բանակը:
Մենք գիտենք, որ կաշառակերությունը մոլեգնում է այնտեղ:
Մենք գիտենք, որ ունենք օլիգարխ գեներալներ:
Էդ բանակին գիտենք: Բայց սրանք ի՞նչ բանակ են, չգիտենք:

… Երբ գողացան Սասունցի Դավթի արձանի համբերության թասը, ես հասկացա, որ էս ժողովուրդը այլևս սրբություն չունի:

"…Սա Էրևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին: Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, երբ հիշեցնում են անհիշելին…":

Նյութը տրամադրել է Երևակ ամսագիրը

www.amsagir.yerevak.am/index.php?id=2&xor=5&n_id=64

No comments:

Post a Comment