Saturday, July 7, 2012

Հայերը

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ
24/04/2012

Հայերի հայացքը միշտ այնտեղ է, որտեղ իրենք իշխանություն չունեն: Հայը ընդվզման մշակույթ չունի, նրա ընդվզումը պանդուխտի ցուպն է:
Ընդվզման համար նա ունի պանդխտությունը, հնազանդության համար`եկեղեցին, սակայն՝ ոչ կրոնը: Հայը քրիստոնեություն ընդունած միակ ազգն է, որն էությամբ աթեիստ է:
Ի՞նչն է հայերին դարձնում զանգված` նրանց հայացքի ուղղությունը` Մասիս սարը:
Երբ նրանք ամբոխվում են, ապա Մասիսի համարժեքի շուրջ: Դիցուք, Ռուսաստանը ամբոխման մշակույթի էլեմենտ է: Հայերին անհրաժեշտ է ուղղություն: Ի տարբերություն եվրոպական ազգերի, որոնք իրենց արժեքները պահում են գլխում, հայերը դրանք պահում են տեսադաշտում: Եթե նրանք միմյանց հարցեր ունեն, ապա զուտ կողմնացույցային` ու՞ր գնալ: Հայի հայացքը միշտ մի կողմի վրա է, այն չի ընդգրկում: Հրեաներն, օրինակ, հակառակնէին` նպատակն Ավետյաց երկիրն էր ու` վերջ:
Նույնիսկ Ավետյաց երկիրն ընդգրկեցին հարակից հողերով, որոնք իրենցը չէին:
Հայն իր երկրում կարող է իշխանություն ունենալ միայն դադարելով հայ լինել: Սա էլ է նրան տարբերում հրեայից:
Հրեաներնամենուր հրեա են, հայը նույնիսկ իր երկրում կարող է հայ չլինել:
Հայաստանում իշխանությունը կարող է լինել ղարաբաղցի, ապարանցի, գյումրեցի,երեւանցի կամ մեղրեցի, բայց հայ չլինել:
Ամենահայը սակայն առեւտրականն է, նրանից է ածանցվում հայկականությունը, կարելի է ասել՝ հայկականությունը որպես երեւույթ հավաքված է առեւտրականի վրա:
Ահա ինչու, հայն ինքն իրենով թշնամիներ չի ծնում, սակայն թշնամիները կարող են ծնել հային, որպեսզի ոչնչացնեն:
Ուրիշի հանդեպ թշնամությունը հայը յուրացնում է միայն մերձավորին իմանալով:
Թշնամուն իմանալու համար նրան հերիք է հասկանալը, թե ինչպիսի թշնամի կլիներ ինքը:
Նա կլիներ հնազանդ թշնամի:
Սրանով բացատրվում է եւ նրա հակումը խուսափել բախումներից եւ անզորությունը, երբ փորձում են ոչնչացնել իրեն: Ոչ մի հակամարտության մեջ հայը մինչեւ վերջ ներգրավված չէ:
Պատճառն այն է, որ հայը չի հասկանում՝ ո՞րն է թշնամու օգուտը դրանից: Հայը տեսլականների ազգ է: Ըստ էության առանց տեսլականների հայ ազգ չկա:
Ահա ինչու, սա մի ազգ է, որը նվաճումներ չունի: Կարող է ձեռք բերել անկախություն առանց անկախության տեսլականը կորցնելու:
Հայը ավարտված ձեռքբերումներ չունի: Դիցուք Ավետյաց երկիրը հրեայի համար ավարտված թեմա է:
Հրեան սկսվում է Ավետյաց երկրից: Հայը մինչեւ հիմա երազում է ծովից-ծով Հայաստանի մասին: Հայկական բարձրավանդակը նրա ինքնուրույնության արեալն է, Հայաստանը` օտարության:
Միայն այստեղից նա կարող է հեռանալ, ուրիշ ոչ մի տեղից:
Եթե հայերը քայլում են մեկ ուղղությամբ, ապա՝ կամ կոտորվելու, կամ՝ գաղթելու համար: Հեռանում են, որովհետեւ հոլանդացիների նման թշնամուց պարտակվելու կղզիներ չունեն:
Նույնիսկ հեռանալիս հայը ետ չի նայում, այլապես դա կլինի ատելությամբ լի հայացք:
Հայն էական արեալ չունի, գոյությունը նրա համար տարածական հասկացություն է, նրա ինքնապաշտպանությունն սկսվում է փախուստից: Երբ հային հարցնում ես` ու՞մ ես թողնում պապերիդ Հայրենիքը, նա տարակուսում է` ես չեմ լքում, ես հեռանում եմ: «Լքելն» ու «հեռանալն» իսկապես նույն բանը չեն քայլը գցելիս, բայց նույնանում են կանգ առնելիս:
Հայն իր գցած քայլի չափանիշն է, իր հողի վրա կանգնած հայ չկա: Սակայն ի՞նչն է նրան տարբերում գնչուից` հավերժական կանգառը եւ այնտեղից հայացքի նույն ուղղությունը դեպի արդեն վիրտուալ Մասիս:
Հայերն իրենց մեջ անապատ ունեն, որտեղից ուրվագծում են համաշխարհային օազիսը:
Նրանց հիշողությունը լցված է անապատով, որի վրա տներ են կառուցել: Երբ ասում են «հայի վերջին խելք», նկատի ունեն ներաշխարհն ապարդյուն լցնելուց հոգնած հային: Հայերը միշտ ապրում են վերջին ջանքով, «հայկական տնտեսություն» հասկացությունը մի բանի մասին է, որտեղ ամեն ինչ պիտի շահույթ դառնա առաջին ու վերջին փորձից: Հայը համբերատար չէ. քանի դեռ նա ապրում է` մնացյալ աշխարհը կանչում է նրան: Ահա ինչու շահույթն ստանալուց հետո հայը նետվում է դեպի մնացյալ աշխարհը: Հայը ամենամասնավոր արարածն է, նա քույր ու եղբայր ունի գոյության բոլոր մակարդակներում, բայց ոչ` կեցության:
Երջանիկ լինելու անհամբերությունը նրան ջլատում է այստեղ` հայրենական հողի վրա, մյուս երկրներում նա պատրաստ է իր երջանկությունը կիսել նույնիսկ անծանոթ հայի հետ:
Հրեաներից հայերին տարբերում է նաեւ այն, որ հայերը կորցրել են ամեն ինչ, նույնիսկ` հողը, բայց ոչ` Հայրենիքը:
Ի տարբերություն հրեայի, հայն ամբողջական կորուստներ չի ունեցել, աշխարհը` Երուսաղեմը, Կոստանդունապոլիսը, Հռոմը շարունակել են նրան, ընկալել են նրա գոյատեւման հանճարը, եւ հետին մտքեր չեն փնտրել:
Մինչդեռ առանց հետին մտքի հրեա չկա:
Հայկական ուղղամտությունը նախնական է, ինչպես հրեական հետին միտքը: Մենք լեռներից ենք նայել աշխարհին, նրանք` անապատներից:
Գետտոյականությունը սակայն երկուսիս էլ բնորոշ է, բայց հետեւյալ համամասնությամբ` մեկ հայը գետտո է, մեկ հրեան` դեռեւս հրեա: Այսինքն, մեկ հրեան դեռ բաց է մնացյալ աշխարհի համար: Հայն այդպիսին չէ, հետին մտքի բացակայությունը փակում է հային: Մեկ հայը ոչ մեկին իրենից առավել չի ընկալում, մեկ հրեան ոչինչ է առանց երկրորդ հրեայի:
Իր բոլոր որակներով, նույնիսկ` լավագույն, հայը հրեայի թիկունքում է, ինչ էլ անի, առաջինը նկատելի է հրեան:
Ինչո՞վ բացատրել սա:
Հավանաբար՝ հետին մտքի բացակայությամբ: Հայը նայում է աչքերի մեջ, հրեան` ավելի խորքերը: Հայը խաբումէ առանց խորամանկության:
Դիցուք, ստել չգիտի, որովհետեւ սուտը հետին միտք է ուզում:
Հայերի համար Հայրենիքը բանկային պարտատոմս է, հրեայի համար` ամբողջ բանկը, ընդ որում, աշխարհը` նրա մասնաճյուղը: Երկուսն էլ, այնուամենայնիվ, հեղափոխությունների հակում չունեն երկրի ներսում: Հրեան իրբանկի ամենաարժեքավոր գրավն է, հայը` պարզապես տոկոսը: Հայերը հեղափոխությունների են վազում կանգնած, մինչ աշխարհը տեղից տեղ է շարժվում: Ավելի ճիշտ, հայերը կանգնումեն, մյուսները դա անվանում հեղափոխություն:
Հայերը հակազանգվածային ազգ են:
Զանգվածի մեջ հայ մարդը քննախույզ է, ինչքան էլ խոշոր լինի հայերի հավաքականությունը, այն կիսահավաքականություն է, քանի որ հայ մարդն իր պայքարի դիտորդն է:
Հայկական «Բերդ» պարը մեր հավաքականության երազն է, զանգվածը՝ երազախաբությունը: Այնպիսի տպավորություն է, ասես հայը դարեր շարունակ տառապել է այս օրվա համար՝ երբ կհեռանա իր հույսի արեալից, որտեղ չռեալիզացրեց իր ինքնագնահատականը:
Ինչու՞ է հայը փախչում իր երկրից:
Որովհետեւ այլեւս իր թշնամուն դեմքով չգիտի: Հայը կորցրել է իր մարդասպանին:
Ուստի նա ոչ թե փախչում է, այլ խարխափում մեկ ուղղությամբ: Հրեայի նման հայը մեռնում է տհաճությամբ: Ահա ինչու գնում է մեռնելու խիստ որոշակի երկրներում խիստ որոշակի օտարականների աչքի առջեւ:

No comments:

Post a Comment